Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՅՈՒՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ
ԿԱՅՈՒՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ՝ ՆԿԱՏԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Թեև գարնանային ուսումնական փուլը նախորդ տարիների համեմատությամբ մի փոքր ուշացումով սկսվեց, բայցևայնպես, այդ ժամանակահատվածը չկարողացավ էական ազդեցություն ունենալ նախատեսված ծրագրի իրականացման վրա, մանավանդ որ հրամանատարներից շատերն այդ ժամանակն օգտագործեցին գործընթացին լավագույնս նախապատրաստվելու համար։ Իսկ գարնանային այս օրերին նկատելիորեն ավելացել են դաշտային պայմաններում անցկացվող գործնական պարապմունքները։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան համազորային ուսումնական կենտրոնում գրեթե ամեն օր կարելի է տեսնել գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերի զինծառայողներին, որոնք իրենց հմտությունն են կատարելագործում կրակային պատրաստությունից, մասնագիտական, մարտավարամասնագիտական առարկաներից։ Գնդապետ Բ. Մաթևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի փոխգնդապետ Վազգեն Հակոբյանի ենթակայությամբ գործող հրաձգային գումարտակը կազմակերպել է կարճատև ճամբարային հավաք և ծանրաբեռնված պարապմունքներ է անցկացնում ինչպես ուսումնական ծրագրի ընթացիկ թեմաների ուսուցման, այնպես էլ անցածի ամրապնդման ուղղությամբ։ Ինքը՝ փոխգնդապետ Վ. Հակոբյանը, ծառայության մեծ մասն անցկացրել է առաջնագծում ու բոլորովին վերջերս է տեղափոխվել այստեղ, ուստի նրա համար զգալի են առաջնագծի և թիկունքում տեղակայված զորամասի զինվորների միջև առկա տարբերությունները, մասնավորապես՝ բարոյահոգեբանական պատրաստության առումով։

-Սահման պահող տղաները բոլորովին այլ մտածողություն ու հոգեբանություն ունեն։ Նրանց մեջ պատասխանատվության զգացումը ավելի բարձր է, ավելի կարգապահ են և պատրաստ ցանկացած գործողության։ Այստեղ շատ են ծնողազուրկները, սահմանափակումներով ծառայության նշանակվածները։ Գիտեմ, որ զորամիավորման հրամանատարությունն ինձնից սպասելիքներ ունի, և ես ձգտում եմ, որ իմ այսօրվա զինվորներն իրենց ընդհանուր պատրաստվածությամբ չզիջեն առաջնագծի զինվորներին։ Զինվորը, ստորաբաժանումը կարող է այսօր այստեղ լինել, վաղը՝ առաջնագծում,- ասաց փոխգնդապետը։

Զգացվում էր, որ առաջնագծի ծառայությունը դեռ ձգում է Վ. Հակոբյանին, որովհետև, իրոք, առաջնագիծը ինչ-որ առումով մեկուսի, բայց յուրօրինակ մի աշխարհ է, և մարդիկ, զինծառայողները, անկախ դիրքից ու կոչումից, չափազանց պարզ ու անմիջական են միջանձնային հարաբերություններում, հոգատար՝ մեկմեկու նկատմամբ։

♦♦♦

Փորձադաշտում էր նաև հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը։ Ներկայացնելով ճամբարային հավաքի նպատակները՝ նա հավելեց, որ առաջիկայում սպասվում են նաեւ գլխավոր ռազմական տեսչության ստուգումները։

-Բնականաբար, նախապատրաստվում ենք, որպեսզի քննությունը բազմափորձ ու խստապահանջ հանձնաժողովի ներկայությամբ հանձնենք հաջողությամբ։ Հնարավոր է, որ ստուգումների ժամանակ անցկացնենք նաև զորավարժություն գումարտակի կազմով։ Ամեն դեպքում աշխատում ենք բարձրացնել զինծառայողների անհատական պատրաստվածության աստիճանը, հղկել ջոկերի ներդաշնակման տարրերը։ Բացի կրակայինից, անցկացնում ենք թեմատիկ գործնական պարապմունքներ՝ «Ջոկը պաշտպանությունում», «Դասակի գործողությունները ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման ժամանակ»։ Ասեմ, որ փարձառու զինվորներն ուսումնական անցած փուլերի ժամանակ շատ են կատարել նմանատիպ գործնական պարապմունքներ եւ տիրապետում են մասնագիտական հմտություններին: Մեր խնդիրը երիտասարդ զինվորի հետ տարվող աշխատանքին նոր որակ հաղորդելն է։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

2012թ. զորավարժարանում կատարված ծավալուն աշխատանքներից հետո ստեղծվել են հրաշալի պայմաններ հրաձգության գործնական պարապմունքները լավագույնս անցկացնելու համար։

Վարժությունների համար կան դաշտային նախապատրաստական դասարաններ, իսկ, որ ամենակարևորն է, անթերի է աշխատում թիրախային համակարգը։

Հրաձգության էին նախապատրաստվում գումարտակի վաշտերը և կապի դասակը։ Բոլորը կատարելու էին երկրորդ ստուգողական վարժությունը։

Մինչ կրակի կատարումը հարկավոր է իրականացնել մի շարք պարտադիր գործողություններ։ Դրանցից առաջինը հրաձգության թույլտվություն ստանալն է, երկրորդը՝ դիտորդների տեղադրումը և շրջափակում կազմակերպելը, հաջորդը՝ անվտանգության կանոնների հրահանգումը, ապա և կրակի նախապատրաստվող յուրաքանչյուր զինվորի ստորագրությունը, որ ինքը ծանոթացել է անվտանգության կանոններին։ Պարտադիր է նաև բժիշկների ներկայությունը։ Կարևոր նախապայմաններից մեկն էլ ծառայական կարգապահության հաստատումն է։

Կարճատև շարային ստուգատեսից և հրահանգավորումից հետո վաշտերը բաժանվեցին ուսումնական կետերի, նշանակվեցին ղեկավարներ։ Այստեղ գտնվելու ամբողջ ժամանակ անձնակազմերը հերթով փոխում էին ուսումնական կետերը, իսկ ղեկավարները մնում էին տեղերում։ Այսպիսով տարբեր զենքերից հրաձգություն կատարելու ուսումնական գործընթացը շարունակական է դառնում։

Մինչ զինամթերքի տեղաբաշխման կետում լիցքավորումը շարունակվում էր, գումարտակի հրամանատարը ներկայացրեց ուսման ընթացքը։

-Առաջընթացը նկատելի է։ Զինվորներն առանձին-առանձին ձեռք են բերել կայուն գիտելիքներ, հմտություն, ավարտում ենք ջոկերի ներդաշնակումը։ Վերջիններս բավական լավ են տեղաշարժվում խրամաբջիջում, կարողանում են միմյանց փոխապահովել։ Վաշտերի հրամանատարների ուշադրությունը հրավիրել եմ գործողությունների կատարման արագության վրա։ Զինվորը կարող է առաջադրանքը կատարել ճիշտ, բայց ստանալ վատ գնահատական, մեկ ուրիշն էլ նույն խնդիրը կատարելու դեպքում կարող է բարձր գնահատական ստանալ։ Այստեղ գլխավորը ժամանակն է, արագությունը։

♦♦♦

Ամեն ինչ պատրաստ էր, և սկսվեց երկրորդ ստուգողական վարժությունը՝ հարձակում ընթացքից։ Առաջիններից էին շարքայիններ Ալբերտ Հակոբյանը, Արկադի Զաքարյանը, Վահան Ալոյանը, Գրիգոր Անտոնյանը… Իրենց զինվորներին էին նախապատրաստում դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար կրտսեր սերժանտ Ռոման Մարտիրոսյանը, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Իշխան Գալստյանը, մյուս կրտսեր հրամանատարները։ Վաշտերի հրամանատարներն անձամբ էին կրակը ղեկավարում, «հարձակվողների» հետ առաջ գնում ու վերադառնում։

-Գո՞հ ես քո կրակից,- հարցրի շարքային Սաղաթել Մակվեցյանին։

-Վերջինը ոնց որ չկպավ։

-Ոնց ո՞ր, թե՞ չկպավ։

-Չկպավ: Բայց հաջորդ անգամ…

ՋՈԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Նավիկ Մարգարյանը կրտսեր սերժանտ է, ջոկի հրամանատար։ Նա ծնունդով Դիլիջանից է, դպրոցն ավարտել է ու զորակոչվել բանակ։ Ծառայության մեկուկես տարում միշտ եղել է կարգապահ, բարեխիղճ, առաջադրանքները կատարել է ժամանակին։

-Խրախուսանքների արժանացե՞լ ես,- հարցրի նրան։

-Այո,- ասաց,- զորավարժությանը մասնակցելու համար պարգևատրվել եմ պատվոգրով, միաժամանակ զորամասի հրամանատարությունը շնորհակալական նամակ է ուղարկել ծնողներիս։ Արձակուրդում նույնպես եղել եմ։

Ջոկը ներկայացնելիս Նավիկն ասաց.

-Ինքս եմ անցկացնում շարային, ֆիզիկական, մարտավարական, կրակային պատրաստության պարապմունքները։ Սկզբունքորեն օգտագործում եմ անձնական օրինակի մեթոդը. բացատրում եմ, ցույց տալիս և պահանջում, որ իրենք կրկնեն։ Գոհ եմ զինվորներիցս, մանավանդ՝ շարքային Մերուժան Սիմոնյանից։ Նա շատ լավ զինվոր է, ուշիմ, ֆիզիկապես ուժեղ և բոլոր առաջադրանքներն առաջինն է կատարում։

♦♦♦

Զորավարժարանի մեկ այլ տեղամասում կրակայինից իրենց հմտություններն էին կատարելագործում գումարտակի դիպուկահարները։ Մինչ կրակը նրանք ճշտեցին զենքերի նշանառությունը։ Գործողությունները ղեկավարում էր դիպուկահարների ջոկի հրամանատար շարքային Էդգար Գաբրիելյանը։ Երիտասարդ զինվորն այնպիսի հմտությամբ էր ամեն ինչ անում, որ թվում էր՝ ծնված օրից միմիայն զենքի հետ է գործ ունեցել։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան