Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓ Է



ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանի հետ կայացած հարցազրույցում նշել էինք, որ 2012թ. զորամասի ստորաբաժանումներից լավագույնը փոխգնդապետ Գառնիկ Պետրոսյանի Ս-125 զենիթահրթիռային դիվիզիոնն է։ Հաջողությունն օրինաչափ է, որովհետև փոխգնդապետ Գ. Պետրոսյանը փորձառու մասնագետ է, հմուտ կազմակերպիչ և իր զբաղեցրած նախորդ բոլոր պաշտոններում երբեք բացթողումներ չի ունեցել։ Երբ եղանք դիվիզիոնում և զրուցեցինք հրամանատարի հետ, պարզաբանեց, որ իրենք առաջինն են ոչ միայն զորամասի, այլ նաև համակարգի Ս-125 դիվիզիոնների մեջ։ Իրոք, սա լուրջ ձեռքբերում է, որովհետև այդ զենքով զինված զորամասերի և ստորաբաժանումների միջև մրցակցությունը միշտ էլ շատ ուժեղ է լինում։ Իսկ զորատեսակի համաբանակային մրցումներում դիվիզիոնի մեկնարկային մարտկոցների հետ հաղթել և լավագույն ԴԶՀՀ հաշվարկի հրամանատար է ճանաչվել կրտսեր սերժանտ Դավիթ Հովհաննիսյանը։ Այս ամենը, իրոք, խոսում է անձնակազմի մասնագիտական բարձր որակավորման մասին։ Ամեն դեպքում դիվիզիոնի հրամկազմի համար ամենակարևորը մարտական հերթապահության անթերի անցկացումն է։

-Ցանկացած աշխատանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բայց մեզ մոտ դրանք բացառվում են։ Մենք դրա իրավունքը չունենք, և այդ բանը շատ լավ են գիտակցում դիվիզիոնի բոլոր զինծառայողները, նույնիսկ մարտական հերթապահության, տեխնիկայի հետ կապ չունեցողները,- ասաց մայոր Ա. Ալիխանյանը։

ՀՕՊ համակարգում շատ ավելի հզոր՝ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի ներդրումից հետո, զինված ուժերի հրամանատարությունը չհրաժարվեց Ս-125 հրթիռներից, որովհետև լեռնային տարածքում դրանց կիրառումը կարող է լինել շատ օգտակար և պաշտպանությունը դարձնել ավելի հուսալի։ Սակայն ամենալավ զենքն էլ կարող է ոչինչ չարժենալ, եթե չկան այն օգտագործող բարձրակարգ մասնագետներ։

-Մարտկոցները համալրված են խառը՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներով։ Ժամկետայինները դիվիզիոնը համալրում են ուսումնական զորամասից, իսկ պայմանագրայիններին ընտրում ենք մենք ու բնականաբար նախապատվությունը տալիս ենք նրանց, ովքեր իրենց պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել են ՀՕՊ զորամասերում ու տիրապետում են մասնագիտությանը,- ասաց փոխգնդապետ Գ. Պետրոսյանը։ -Բայց անհնար է ռազմական գործը պատկերացնել առանց ամենօրյա ուսումնական աշխատանքի։ Մարտական հերթապահությանը զուգահեռ պարապմունքներ են անցկացվում ինչպես ժամկետայինների, այնպես էլ պայմանագրայինների հետ։ Մեկնարկային մարտկոցը, որը հաղթեց մրցումներում, համալրված է պայմանագրայիններով։ Կարևորում ենք նաև տեխնիկայի սպասարկումն ու խնամքը։ Լինում են շատ հարցեր, որոնք լուծում են զորամասի, ՀՕՊ վարչության և մեր երկրի ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետները։ Այսինքն՝ կա տեխնիկայի արդիականացման ծրագիր, և վերադասի հսկողությամբ այն կատարվում է։ Կարող եմ ասել, որ հենց այդ ծրագրի իրականացման շնորհիվ էլ դիվիզիոնը դարձել է ավելի շարժունակ, կարող է հեշտ տեղափոխվել, մեծացել է մարտական կրակի արդյունավետության աստիճանը։ 2012թ. որոշակի աշխատանքներ են կատարվել նաև զորանոցաշինության բնագավառում։ Երբ նախարար Սեյրան Օհանյանն այցելեց դիվիզիոն և տեղում ծանոթացավ մեր ծառայության պայմաններին, համապատասխան կազմակերպություններին տվեց հանձնարարականներ և առաջնահերթության կարգով լուծվեցին տարածքի ցանկապատման, զինանոցի տանիքի նորոգման հարցերը, կառուցվեց նոր բաղնիք ու սանհանգույց։

ԴԶՀՀ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Դիվիզիոնը գտնվում էր մարտական հերթապահության մեջ և մայոր Ա. Ալիխանյանի ուղեկցությամբ մարտկոցներում հետևեցինք ծառայության կատարման ընթացքին։ Ամբողջ տարածքը մշտապես հսկում են ԴԶՀՀ հաշվարկի զինվորները։ Կրտսեր սերժանտ Դավիթ Հովհաննիսյանին, տվյալ զենքի լավագույն վարպետին, մասնագիտական հարցեր տալն անիմաստ էր։

-Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից եմ,- ներկայացավ սերժանտը,- դպրոցից հետո սովորել եմ պետական գյուղատնտեսական քոլեջում։ Զորակոչվել եմ ուսումնական զորամաս, որտեղից էլ տեղափոխվել եմ այստեղ։ Մրցումներում հաղթելու համար պարգևատրվեցի ՀՕՊ զորքերի պետի պատվոգրով, զորամասի հրամանատարի շնորհակալագրով, նաև շնորհակալական նամակ է ուղարկվել ծնողներիս։

♦♦♦

Ռադիոտեխնիկական մարտկոցը մարդաշատ էր։ Բացի հերթապահ անձնակազմից այստեղ էին նաև ուսումնական զորամասից փորձաշրջանի եկած մի խումբ կուրսանտներ։ Մարտկոցի հրամանատար կապիտան Պավել Խաչատրյանը ներկայացրեց ձեռքի ուղեկցման օպերատորներ, կրտսեր սերժանտներ Ռուբեն Աղաջանյանին և Արմեն Գրիգորյանին։

-Միասին ենք հաղթել մասնագիտական մրցումներում։

Տղաները ժամկետային զինծառայողներ են, մասնագիտությանը տիրապետում են լիարժեքորեն, մարտական հերթապահությունը տանում են պատասխանատվության բարձր զգացումով։ Կուրսանտները նույնպես լավ գիտելիքներ ունեն, մնում է տեսական իմացություններն ամրապնդեն գործնական աշխատանքով, ձեռք բերեն փորձ ու վստահություն։ Ուրախ կլինեմ, եթե նրանցից մի քանիսն ուսումնական ժամանակաշրջանից հետո համալրեն մեր դիվիզիոնը։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Մարտական հերթապահություն կատարող դիվիզիոնի հրամանատարական կետում տվյալների արձանագրման ու հաղորդման ընթացքը երբեք չի դադարում։ Ավագ լեյտենանտ Իշխան Պետրոսյանն աչքը չէր կտրում գծագրոցից, որի վրա գծագրավար շարքային-պայմանագրային Նարինե Աղաջանյանը ցույց էր տալիս երկնքով անցնող ինքնաթիռի տեղը, անհրաժեշտ մյուս բոլոր տվյալները։ Հեռախոսավարուհի եֆրեյտոր, պայմանագրային Անժելա Նաջարյանն էլ ականջակալները հանելու ժամանակ չուներ։ Հետևելով նրանց լարված աշխատանքին ակամա ուզում ես գլուխ խոնարհել այն հայ կանանց առջև, որոնք տղամարդկանց հետ հավասարը հավասարի ծառայում են բանակում, մասնակցում երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Գործից չկտրելով շնորհավորեցինք կանանց տոնական միամսյակի առթիվ ու հրաժեշտ տալով անձնակազմին՝ մաղթեցինք բարի ծառայություն։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑԸ

Այս մարտկոցը մարտական հերթապահություն էր կատարում հրամանատարի տեղակալ ավագ լեյտենանտ Դավիթ Վանյանի ղեկավարությամբ։ Հաշվարկի կազմում էին շարքային պայմանագրային Հովհաննես Մարգարյանը, կրտսեր սերժանտ պայմանագրային Աշոտ Գալստյանը, սերժանտ պայմանագրային Նարեկ Մխիթարյանը։ Նրանք բոլորն էլ պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել են ՀՕՊ զորամասերում։

-Նախորդ տարվա հաջողությունը ոչ մի կերպ չի ազդել հաշվարկների վրա։ Պարապմունքները, մարզումները շարունակում ենք նույն ձևով։ Կարևորն այն է, որ միշտ պատրաստ լինենք մարտական առաջադրանքների կատարմանը,- վստահեցրեց ավագ լեյտենանտ Դ. Վանյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/03/2013