Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՎԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Բերձորում ևս մեկ աստվածահաճո գործ կատարվեց: Շրջանի վերաբնակեցմանը զուգահեռ սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որն այս անգամ բազմազավակ և սիրիահայ ընտանիքների համար մոտ 5 տոննա սննդամթերք էր բերել: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, հիմնադրամի հիմնադիր նախագահ Գուրգեն Մելիքյանն ասաց, որ, բացի նշված խմբերից, հումանիտար օգնություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնք գտնվում են սոցիալապես վատ պայմաններում (ցուցակը կներկայացնի շրջվարչակազմի սոցապ վարչությունը): Նա հավելեց նաև, որ օգնություն է հատկացվել Քարվաճառում և Ստեփանակերտի «Արփեն» մոր և նորածինների կենտրոնին: Սննդամթերքը տրամադրել է ԱՄՆ-ում գործող «Հայկական միացյալ հիմնադրամը» (նախագահ՝ Հարութ Սասունյան):

Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելուց զատ, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը տարիների ընթացքում տարաբնույթ այլ աշխատանքներ էլ է իրականացրել շրջանում: Հատկապես կարևորվում է հազարավոր ծառերի տնկումը շրջանում, մի քանի պուրակների հիմնումը Բերձորում և հարակից տարածքներում՝ նվիրված Մոնթեին, Ստեփան Ալաջաջյանին, Երևանի պետական համալսարանին և այլն: Արդեն մի քանի տարի է, ինչ հիմնադրամը կաթ և թխվածք է հատկացնում Բերձորի և հարևան Սուսի հանրակրթական դպրոցների աշակերտներին, մանկապարտեզի սաներին: Մեծ է հիմնադրամի դերը նաև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կառուցման, Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ տաճարի վերականգնման, որոշ դպրոցների վերանորագման գործում: Պակաս կարևոր չեն շրջանի շատ ուսանողների, որոնք ուսանում են պետական բուհերում կամ քոլեջներում, ուսման վարձը լրիվ կամ մասնակի փոխհատուցելուն ուղղված հիմնադրամի ջանքերը: Ուստի պատահական չէ այդ շրջանի բնակչության սերն ու հարգանքը, որ վայելում է Գուրգեն Մելիքյանը, որը 2011թ. հայ ազգի մեկ ուրիշ նվիրյալի՝ բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ արժանացել է «Բերձորի պատվավաոր քաղաքացի» կոչմանը:

Զ.Ը.