Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Շահե Աճեմյանը Արցախյան պատերազմին մասնակցած սփյուռքահայերից մեկն է։ Նա Կալիֆորնիայից եկավ Հայաստան, որ ազատագրի ու պաշտպանի իր կորուսյալ հայրենիքի մի փոքրիկ հատվածը։ Շահե Աճեմյանն իր տիկնոջ հետ հաստատվել ու ապրում է հայրենիքում։

-Պարոն Աճեմյան, եկեք մեր զրույցն սկսենք մի փոքրիկ պատմական անդրադարձով։ Ինչպե՞ս է Աճեմյանների ընտանիքը հայտնվել Բեյրութում, ովքե՞ր էին Ձեր նախնիները, որտե՞ղ է Ձեր արմատը…

-Իմ արմատը պատմական Կիլիկիայում է՝ Կեսարիայում։ Մորական պապս եղեռնի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը՝ կնոջն ու յոթ երեխաներին։ Նրա ներկայիս ժառանգները (այդ թվում և ես) երկրորդ ամուսնությունից են։ Հորական պապս՝ Սեդրակ Աճեմյանը, Մահմուդ Սայիդ անունով՝ եղել էր թուրք փաշայի ֆայտոնչին, զուգահեռաբար ծավալելով ընդհատակյա գործունեություն (զենք է տեղափոխել, սուրհանդակություն է արել, թուրքերի կողմից հետապնդվող հայդուկներին օգնել է թաքնվել և այլն)։ Մի անգամ մեծ հորս ներկայությամբ փաշան պատժել է իր աշխատողներից մեկին, ճիպոտով անխնա հարվածելով վերջինիս մերկ մարմնին։ Մեծ հայրս չի դիմացել և գոռացել է՝ հայվան, սպանեցիր։ Ու հեռացել է։ Շատ լավ եմ հիշում մորական տատիս։ Աստվածավախ, աստվածապաշտ կին էր։ Ամեն օր անիծում էր ինչ-որ Մեհմեդ աղայի՝ «Սև շունին մեկն էր, նախանձից տունս վառեց։ Եկան-ասին՝ Արթին, տունդ վառվում է…»։ Մենք մինչ օրս պահում ենք տատիս փաստաթղթերը՝ Արթեն պապիս կալվածքների վկայականները՝ Օսմանյան կնիքներով։

Ես Բեյրութում եմ ծնվել։ Իմ սերունդը մեծացավ-դաստիարակվեց Եղեռն վերապրածների հուշերով, կորուսյալ հայրենիքի մասին սրտառուչ պատմություններով, սուրբ հողը հետ բերելու պատգամով, հայրենիքի ազատագրության համար ինքնազոհաբերված քաջերի մասին ասքերով։ Մենք հափշտակությամբ պատմական գրքեր էինք կարդում, մեր սերը հայրենիքի ու ազգի հանդեպ, մեր նվիրվածությունը ազգային գաղափարներին, մեր պաշտամունքը ազգային հերոսների նկատմամբ, հանուն հայրենիքի զոհաբերվելու մեր պատրաստակամությունը ու կամքը սահման չունեին։ Եվ դրան մեծապես նպաստում էին մեր ուսուցիչները։

-Դուն Անդրանիկ պիտի ըլլաս..

-Դուն Գևորգ Չաուշ պիտի ըլլաս։

Ես մանկություն չունեցա։ Երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, հայկական թաղամասերում մարդիկ, բնականաբար, միավորվեցին՝ կազմակերպելու իրենց ինքնապաշտպանությունը։ Մեր շենքի տակ հայկական ուժերի ռազմական կենտրոններից մեկն էր։ Մենք զինված հսկում էինք թաղամասի բնակչության անվտանգությունը։

-Փաստորեն, Ձեր ռազմական մկրտությունը եղել է Արցախյան պատերազմից շատ տարիներ առաջ։

-Ես այնքան վաղ տարիքից եմ «ռազմական մկրտություն» ստացել, որ նույնիսկ դժվարանում եմ ասել՝ գլխից ձեռք քաշած ու վախը կորցրած մահապարտի կերպարը ի ծնե՞ եմ ժառանգել, թե դաստիակաության արդյունքում ստացել այն։ Ես մինչ օրս դժվարանում եմ քնել փափուկ անկողնում, քանի որ մարմինս չոր փայտին է սովոր։ Ես ամեն կերպ ջանում էի ընդգրկվել ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբերում (խոսքը թուրք պաշտոնյաների սպանության մասին է), օրերով տուն չէի մտնում… Եվ երբ յուրայիններին պաշտպանելու համար խփեցի արաբ հայտնի ընտանիքներից մեկի որդուն, Լիբանանում մնալը դարձավ ինքն իրեն մահվան դատապարտելու հավասար մի բան։ Ես մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ քրոջս մոտ։ Սակայն քիչ անց հասկացա, որ Միացյալ Նահանգների կյանքը այնքան խորթ է ինձ, այնքան անհամատեղելի է իմ էության հետ, որ կրկին Լիբանան վերադառնալու որոշում կայացրի։

-Իսկ ինչպե՞ս ծնվեց Հայաստան գալու որոշումը։

-Ինչպե՞ս կարող էի չգալ, երբ լսեցի, որ Արցախում ազատագրական կռիվ է, երբ մեր պատմական հողերը հետ վերցնելու հույս կա։ Ես մինչ այդ երբեք Հայաստանում չէի եղել։ Բարեբախտաբար, մեր ինքնաթիռով Հայաստան էր թռչում նաև Պարգև Սրբազանը։ Նա նամակ գրեց Արկադի Տեր-Թադևոսյանին, բովանդակությունն այն էր, որ մեզ ընդգրկի ազատագրական պայքարի մեջ։ Ամերիկայից Հայաստան եկա ընկերոջս՝ Արցախյան գոյամարտի հայտնի հրամանատարներից մեկի՝ Կարո Քահքեջյանի հետ։

-Թերևս անսովոր հարց պիտի տամ. ի՞նչ կպատմեք Արցախյան կռվից, որ մինչ այս չի ասվել։

-Օրենքն ու կարգապահությունը ամենուր հաջողության ու հաղթանակի երաշխիք են, ուժերի անարդյունք վատնումից խուսափելու և կազմակերպված գործունեության նախապայման։ Գարոյի կազմած 40 հոգանոց ազատագրական ջոկատը կանոնավոր բանակի նախատիպ էր, որովհետև մենք անվերապահորեն ենթարկվում էինք հրամաններին, լավ հագնված էինք, խնամված, հարդարված։ Մենք բանակ էինք, զորք։ Ֆիդայական-ազատագրական շարժումը, անշուշտ, կատարեց իր մեծ առաքելությունը, բայց ես բանակի կողմնակից եմ, մեծ դերակատարում եմ վերապահում բանակին, բանակ, ուր իշխում են օրենքը, կանոնագիրքը, և օրենքին ենթարկվում են շարքայինից մինչև գեներալ։ Ուժեղ բանակ ունենալու, ուժեղ զորք ունենալու, ուժ ունենալու առաջին նախապայմանը զինվորական կարգապահությունն է, ասել է թե՝ զինվորական օրենքներին անվերապահորեն ենթարկվելու ավանդույթն ու պրակտիկան։

Արցախյան պատերազմի հաղթանակը հայ ժողովրդի համար շատ ավելին էր, քան կիլոմետրով չափվող տարածքը։ Մենք ջարդված էինք, մեր արժանապատվությունը ոտնակոխ էր, մենք վախեցած էինք, մենք անվստահ էինք, մենք թերահավատ էինք մեր ուժերի հանդեպ…

-Այդ դեպքում՝ ինչպե՞ս հաղթեցինք…

-Սա մեր վերջին զարկի իրավունքն էր… Մենք սա հասկացել էինք ներզգացողությամբ, արյան իմաստությամբ, գենի խորհրդով։ Արցախյան պատերազմում հայը կռվում էր անմնացորդ. խաղաքարտին դրված էր ո՛չ միայն Արցախի ազատագրության հարցը։ Արցախը փոքրիկ դրվագ էր այդ մեծ գաղափարի ենթատեքստում։

-Ո՞րն էր այդ մեծ գաղափարը։

-Հաղթելը։ Մեր պատմությունը միայն պարտությունների պատմություն չի եղել, բայց մենք միայն պարտություններն ենք ժառանգել, որպես կենսագրություն, որպես հոգեբանություն… Արցախյան պատերազմը հաղթելու մեր վերջին հնարավորությունն էր։ Իսկ հաղթել նշանակում էր վերագտնել ազգային ոտնակոխ արժանապատվությունը, սիրել ինքն իրեն, իր արմատը, իր պատմությունը, հավատալ իր ապագային, հպարտանալ ինքն իրենով։ Թոթափել ճնշվածի, թալանվածի, պարտվածի բարդույթը։

Որքան էլ դժգոհենք բարձրացող սերնդից, սա Արցախյան հաղթանակն իր հոգում կրող սերունդ է, գլուխն ավելի բարձր, ավելի ըմբոստ, ավելի համարձակ…

-Ավելի հայրենասե՞ր…

-Գիտեք, որոշակի տարբերություն կա՝ սիրել հաղթած, ուժեղ հայրենիքը, և սիրել խեղճ, զրկված հայրենիքը։ Վերջինիս հանդեպ սերը ավելի զգայացունց է, սրտառուչ։ Նոր սերնդի հայրենասիրությունը ավելի իրական է, ամուր, հաղթած հայրենիքը սիրելու այդ կերպը գուցե այնքան էլ հասկանալի չէ մեզ՝ թշվառ, ոտնակոխ, գերեվար հայրենիքի սիրելու սովոր ավագներիս։ Ես վստահ եմ, այս սերունդը կպաշտպանի հայրենիքը և շատ ավելի լավ կպաշտպանի։

Հակասություն չփնտրեք ասածիս մեջ, բայց ես կարծում եմ, որ մենք պարտք ունենք բարձրացող սերնդի հանդեպ։ Այն մթնոլորտը, որտեղ դաստիարակվում է Հայաստանի վաղվա քաղաքացին, վեհաշունչ չէ, վեհացնող չէ, արիացնող չէ։ Մենք ունեինք բոլոր նախադրյալները ոգեկոչելու այն հերոսական ժամանակները, երբ ազգային խնդիրներն ու հայրենիքի գաղափարը ժողովրդի բարոյականության առանցքն էին… Հայրենիքի ազատագրության համար կռվելուց ու հայրենիքի փրկության համար նահատակվելուց ոչ պակաս (գուցե ավելի) կարևոր է հայրենիք կառուցելը խաղաղ ժամանակներում։ Մարտական ընկերոջ համար կյանքը չխնայելուց ոչ պակաս կարևոր է խաղաղ ժամանակներում հայրենակցիդ ցավով ապրելը, նրան սատարելը…

-Պարոն Աճեմյան, վերջերս տոնեցիք Ձեր ծննդյան 50-ամյակը։ «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ հոբելյանի առիթով, մաղթում, որ վաստակած հպարտությամբ ու երջանիկ ապրեք Ձեր հայրենիքում, վայելեք այն խաղաղությունը, որի համար զենք եք վերցրել տարիներ առաջ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ