Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

ՕՆԻԿ ՆԵՎՐՈՒԶ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Այդ դեպքերի ողջ մնացած մասնակիցների պատմածների վկայությամբ. այն պահին, երբ հակառակորդը սկսում է թնդանոթներից կրակ տեղալ հայդուկների դիրքերին, զինախմբի անդամներից մեկը՝ ջավախքեցի Շեկ Համոն, որը ծառայել էր ռուսական բանակում և պրոֆեսիոնալ զինվորական էր, նկատելով հակառակորդի պատրաստությունները՝ զինակիցներին հրահանգում է. «-Տղե՛րք, ձեզ հետեւյալ աշխատանքը կա: Որուն դիրքը խորունկ չէ գետնի մեջ, թող ճանկով, սվինով խորացնե: Որուն խորունկ է, թող գլուխը չհանի, չշարժի… Երբ սուլոց փչեմ, այն ժամանակ մեր գործը կբացվի»: Երկու ժամ շարունակ թուրքերը թնդանոթներից արկեր են արձակում հայդուկների դիրքերի վրա: Հայդուկները հուսալիորեն խրամատավորվում են և որևէ կերպ չեն պատասխանում հակառակորդի գործողություններին: Թուրք զինվորները կարծելով, որ իրենց հաջողվել է ոչնչացնել հայ մարտիկներին, առանց շղթա կազմելու անկազմակերպ անցնում են հարձակման: Երբ նրանց արդեն բաժանում էր 200 քայլ, հնչում է Շեկ Համոյի ազդանշանը «… ու ահա թնդանոթները լռած են ու համազարկերը սկսած, եւ ցորենի արտերու պես զորքի խիտ սյունակները կհնձվին»:

Առաջին օրվա մարտի արդյունքները գոհացուցիչ էին: Թեև հայդուկները նույնպես զոհեր են ունենում, բայց թշնամու կորուստները անհամեմատ ավելի էին: Թշնամին, լքելով մարտադաշտը, հայդուկների տնօրինությանն է թողնում զգալի քանակության զենք ու զինամթերք: Թուրքական զորքերն ու քուրդ զինյալները, չնայած առաջին օրվա կռվում կրած անհաջողությանն ու զոհերին, արագորեն համալրվում էին օգնության եկած զորամասերով: Իսկ միակ մարտական ուժը, որը պետք է օգնության հասներ Նևրուզի զինախմբին, Խանի հեծելախումբն էր, որը դաժան մարտեր էր մղում թշնամու դեմ: Սթափ գնահատելով ստեղծված կացությունը՝ Նևրուզն ու զինակիցները որոշում են թողնել դիրքերն ու շարժվել ռուս-թուրքական սահմանը:

«Մրրիկ» հեծելախմբի հրամանատար Թորգոմը ՀՅԴ Կարդի կենտրոնական կոմիտեին հասցեագրած նամակներից մեկում նշում է, որ իրենց տեղեկություններ են հասել մարտախմբերի սահմանն անցնելու մասին: Թորգոմը հայտնում է, որ Հրայր Դժոխքը, տեղեկանալով իրենց օգնության շտապող ուժերի մասին, մեկնել է Դաշտ՝ դիմավորելու մարտախմբերին: Նույն նամակում խմբերի ուշանալու պատճառով հայտնելով իր մտահոգությունը՝ Թորգոմը գրում է. «Ձեր գրածին համաձայն մինչեւ այժմ պէտք է նոր խումբը եկած լինէր մեզ մօտ, չլինի թէ իսկապես քրտերից լսած մեր երեկուայ լուրը ճիշտ է: Քրտերը խօսում են, որ իբր թէ մի հեծելախումբ Բասենում դեպքի է բռնւել տաճկական զօրքերի հետ… »: Իրոք, զինավառ 150 մարտիկների ներկայությունը կարող էր մեծապես ուժեղացնել ու ամրապնդել լեռնաշխարհի պաշտպանների մարտաշարքերը:

Եղերական վախճան են ունենում ՀՅԴ կազմակերպած Սասուն մեկնող ամենամեծ հեծյալ ու հետևակ զինախմբերը: Զոհվում են մարտադաշտ մեկնող ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված հարյուրավոր հայորդիներ: Թեև այդ օրերին նրանց քաջագործություններն ու նահատակությունը, զուտ գործնական առումով, որևէ շոշափելի նպաստ չէին բերում Սասունի ինքնապաշտպանությանը, սակայն զուտ բարոյահոգեբանական առումով, ըստ Ա.Ազնավուրյանի «…անչափելի էր այդ խմբերի հերոսական վախճանի հետեւանքով առաջ եկած ոգեւորութիւնն ու հայրենասիրութիւնը…

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր