Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՐԲ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ
ՍՈՒՐԲ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

Միջնադարյան եվրոպական երկրներում սովորաբար այն կարծիքն էր տարածվել, թե համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո սուրբ լեռան՝ Արարատի գագաթին է մնացել (հանգրվանել) Նոյան տապանը։ Սակայն սնոտիապաշտպությունն ու խավարն այնպես էին մթագնել մարդկանց միտքը, որ վերելքի մասին մտածելն անգամ սրբապղծություն էր համարվում։ Բայց գիտության բուռն վերելքն ստիպեց տարբեր երկրների գիտնականներին ուսումնասիրություններ կատարել լեռնային շատ ու շատ շրջաններում, այդ թվում նաև Հայաստանում։ Տապանը տեսնելու հետաքրքրությունը և այն ուսումնասիրելու ցանկությունը պատճառ դարձավ, որ Հայաստան գան բազմաթիվ անվանի գիտնականներ ու ճանապարհորդներ։ Հայտնի է, որ դեռևս 1254թ. Մասիս լեռան ստորոտ է եկել ֆլամանդացի ճանապարհորդ Վիլեմ Ռույսբրոքը։ Իսկ 13-րդ դարի 70-ական թվականներին Հայկական լեռնաշխարհով անցնելիս մեծ վենետիկցի Մարկո Պոլոն հիշեցնում է Նոյան տապանի մասին և նկարագրում Արարատի անմատչելիությունը։ Ֆրանսիացի ճանապարհորդ Շաբդենը 1671թ. մարտին, Թբիլիսիից Պարսկաստան ուղևորվելիս, նշում է, որ Երևանից 12 մղոն հեռավորության վրա է գտնվում հանրաճանաչ Արարատ լեռը, ինչպես հավատում են բոլորը՝ այնտեղ կանգ է առել Նոյան տապանը։ 13-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Արարատ չեն բարձրանում ոչ այնքան վերելքի դժվարության պատճառով, որքան սրբությունը չպղծելու համար։

Առաջինը, ով խախտեց Արարատի վերաբերյալ շրջանառվող լուրերը, Դորպատի՝ այժմ Տարտու (Էստոնիա) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտն էր, ով Եվրոպայում մի շարք վերելքներ էր կատարել և լեռնագնացության մեջ նորեկ չէր։ Ահա թե ինչ է գրում նա. «20 տարի առաջ ես կանգնած էի Կազբեկի գագաթին և հեռավոր հարավում նշմարեցի բարձր, կլոր, միայնակ մի գագաթ՝ ամենայն հավանականությամբ Արարատի արծաթե գագաթը»։ 1829թ. սեպտեմբերի 1-ին Պարրոտի արշավախումբը գալիս է Էջմիածին, որտեղ նրանց է միանում Խաչատուր Աբովյանը՝ որպես ուղեկից-թարգմանիչ։ Սեպտեմբերի 10-ին արշավախումբը Էջմիածնից ճանապարհ է ընկնում դեպի Արարատի ստորոտը և սեպտեմբերի 11-ին հանգրվանում սուրբ Հակոբի վանքում։ Հաջորդ օրը կատարվել է վերելքի առաջին փորձը, որին, բացի Ֆ. Պարրոտից, մասնակցել են Ակոռի գյուղի որսորդ Սահակը, մի կազակ և Տարտուի համալսարանի ուսանող Շիմանը։ Վերելքը կատարվել է արևմտյան կողմից՝ սառցալանջին կացիններով աստիճաններ փորելով։ Համոզվելով, որ հոգնածությունը թույլ չի տա բարձրանալ գագաթ, որոշում են հետ վերադառնալ։ Մ. Շիմանն անզգույշ քայլ է կատարում, սայթաքում սառցակալած լանջին, և Պարրոտը շտապում է օգնել նրան։ Սակայն, նրան օգնելիս, իր կոշիկների տակ ամրացված խաչաձև չորսատամ կատվիկների թելը կտրվում է, արդեն ինքն է սայթաքում, լանջով մոտ 500 մ գլորվում ցած և կանգ առնում լավայի բեկորներից մի փոքր վեր, սառցադաշտի սահմաններից ոչ հեռու։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստանում, և խումբը հաջողությամբ իջնում է վանք։ Պարրոտը որոշում է իրենց վայր ընկնելը գյուղացիներից թաքցնել, քանի որ դրա մեջ կտեսնեին Աստծո պատիժը՝ գագաթը մագլցելու անխոհեմ փորձի համար։ Սեպտեմբերի 18-ին երկրորդ փորձն է կատարվում, որին մասնակցում է 11 մարդ, սակայն ուժեղ բուքը խանգարում է վերելքը։ Երրորդ փորձը հաջող էր, սեպտեմբերի 27-ին արշավախումբը արդեն գագաթին էր։ Աբովյանը, կրոնապաշտի եռանդով գագաթին փայտե խաչ կանգնեցրեց, որը բերել էր Էջմիածնից։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Նշենք, որ լեռան գագաթ էին բարձրացել վեց հոգի՝ Ֆ. Պարրոտը, Խ. Աբովյանը, 41-րդ հրաձգային գնդից Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Շալպանովը, հայ գյուղացիներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը։ Սակայն Արարատի հետ կապված պատմությունը սրանով չի ավարտվում։ Երևանի եկամուտների վարչության նախագահ Իվ. Շոպենը հատուկ հոդվածով («ՁՌՒսՌրՍՌռ ԹպՊՏՎՏրՑՖ»-ում) գրում է, որ Պարրոտը Արարատ չի բարձրացել։ Պարրոտը ստիպված էր նույն թերթի 1831թ. թիվ 11 և 22 համարներում պատասխան տալ Շոպենի թշնամական մեկնաբանություններին և դրանով չբավարարվելով՝ երդումներով վկայություններ է պահանջում իր հետ վերելք կատարած Այվազյանից ու Պողոսյանից, ովքեր ճշմարտությունը ժխտեցին և չհաստատեցին գագաթը բարձրանալու իրական փաստը, իսկ Ա. Զդորովենկոն և Մ. Շալպանովը, ընդհակառակը, հաստատեցին վերելքի կատարման ճշմարտացիությունը։ Աբովյանի վկայությունը, որը որոշիչ էր և վերջակետ դրեց Շոպենի զրպարտությանը, գերմաներեն տպագրվել է 1835թ.՝ Պետերբուգրի «St zeiting» թերթի 34 համարում։

ՖՐԻԴՐԻԽ ՊԱՐՐՈՏ

Մի փաստ ևս. Արարատ կատարած վերելքի ժխտումը դեռ երկար է շարունակվել և Աբովյանի անհետացումից առաջ նրա և Քանաքեռի փոստի վարիչի միջև վեճ է ծագել վերելքի վերաբերյալ, և կողմերը գրազ են եկել, որ, եթե Աբովյանը նորից բարձրանա, ապա փոստի վարիչը նրան կվճարի հազար ռուբլի, իսկ եթե չկարողանա բարձրանալ, ինքը կպարտավորվի վճարել հազար և հինգ հարյուր ռուբլի։ Սակայն այդ ամենին վերջ է տվել Աբովյանի անհետացման փաստը (1848թ.)։

Վերջում նշենք, որ Խ. Աբովյանը երկրորդ անգամ Արարատ է բարձրացել անգլիացի Հենրի Դեմբի Սեյմուրի հետ (1846թ.) և առաջինը ոտք դրել գագաթին։ «Այս անգամ բախտը կամեցավ առաջնությունն ինձ շնորհել՝ երկրպագելու մարդկության ցեղի նախահոր սրբազան բնակավայրը»,- գրել է Խ. Աբովյանը։

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆԱՅՆ
պրոֆեսոր
ԽՍՀՄ պատվավոր փրկարար