Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՐԻՊ
ԳՐԻՊ

Գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակ է, որը արտահայտվում է վերին շնչառական ուղիների բորբոքումով, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով։ Մարդկային պատմությանը մշտապես ուղեկցել են գրիպի պանդեմիաները (1918թ., 1957թ., 1986թ., 2009թ.), որոնք խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, այդ իսկ պատճառով բժշկագիտությունը մշտապես որոնում է ուղիներ այդ վարակը կանխարգելելու համար, սակայն խնդիրը բավական բարդ է։

Տարբերակվում են գրիպի վիրուսի A, B, C տիպեր՝ ըստ անտիգենային կառուցվածքի։ A տիպի վիրուսը ըստ անտիգենային հատկանիշների առանձնահատկության, տարբերակվում է H1-H12 ենթատիպերի։ Անտիգենները հերթագայությամբ պայմանավորում է նոր ենթատիպի ի հայտ գալը, և եթե ձեռք է բերվել վակցինա մի ենթատիպի համար, չի աշխատում մյուս ենթատիպի դեպքում։ Սրանում է կայանում խոչընդոտը այս օդակաթիլային վարակը կանխելու համար։

Գրիպի նախանշանները – թուլություն, դող, մկանացավ, անքնություն, լուսավախություն, ցավ ակնակապիճներում, գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երևույթներ, չոր հազ, փռշտոց, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում։ Նկատվում է արյան ճնշման անկում և պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսվում է առողջացման շրջանը, և ավարտվում է 5-8 օրից։ Գրիպին հատուկ են մի շարք բարդություններ (թոքերի բորբոքում, բրոնխիտ, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումներ)։ Դեպքերի 20 տոկոսը հիվանդությունը տանում է թոքաբորբի զարգացման, հատկապես վտանգավոր է գրիպի հիպերտոքսիկ ձևը, որի ընթացքում զարգանում է թոքերի հեմոռագիկ այտուց, որն ավարտվում է հեմոռագիկ թոքաբորբով, երբ միանում է երկրորդային բակտերիալ ֆլորան։ Գրիպի բոլոր շտամպների դեպքում և բոլոր ժամանակներում հանդիպում է կայծակնային ընթացք, երբ զարգանում է նեյրոտոքսիկոզ ուղեղի այտուց, սիրտ-թոքային անբավարարություն, դիսթրես սինդրոմ: Նման կայծակնային ընթացքի դեպքում մահն անխուսափելի է։

Վերը շարադրվածից պարզ է դառնում, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում գրիպ հիվանդությունը, ուստի և կարևորում է նրա կանխարգելման միջոցառումները։

Խուսափեք հիվանդների հետ շփումից, հագնվեք եղանակին համապատասխան, հաճախակի օդափոխեք փակ տարածքները, եթե հիվանդ եք, մնացեք տանը, ինքնաբուժությամբ մի զբաղվեք, դիմեք մոտակա բուժկետ։

Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ։ Խորհուրդ է տրվում տաք ըմպելիքների (մասուրի հյութ, ազնվամորով թեյ) առատ ընդունում, պահպանել կաթնաածխաջրածնային դիետա, սնվել սպիտակուցներով և վիտամիններով (միրգ, բանջարեղեն), հարուստ սննդով։

Կանխարգելում – բարձրացրեք օրգանիզմի դիմադրողականությունը, վարեք առողջ ապրելակերպ, զբաղվեք սպորտով, կոփվեք և հաճախակի զբոսնեք մաքուր օդում:

ԼԵՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
բ/ծ կապիտան
ՊՆ ԿՊ թերապևտիկ բաժնի բժիշկ-վարակաբան