Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության կարևոր բաղադրիչներից են արտոնությունների, նպաստների ու հատուցման վճարների իրավական ամրագրումը՝ որպես ծառայության դժվարություններով, ինչպես նաև որոշ առանձնահատկություններով պայմանավորված մի շարք քաղաքացիական իրավունքների ու ազատությունների սահմանափակման փոխհատուցում:

Զինծառայողների սոցիալական պաշտպանության ապահովումը, այդ թվում արտոնությունների, նպաստների ու հատուցման վճարների սահմանումը և իրագործումը կնճռոտ խնդիր է, որի լուծմանը պետք է նպաստի զինծառայողների իրավունքների ու արտոնությունների օրենսդրորեն ամրագրումն ու դրանց իրագործման համար իրավական հստակ մեխանիզմների ստեղծումը:

Բացի այդ սոցիալական պաշտպանության աշխատանքի կազմակերպումը զորամասերում պայմանավորված է առաջին հերթին զորամասերի հրամանատարների և պաշտոնատար անձանց օրենքների ու նորմերի իմացության մակարդակով, որոնք ի պաշտոնե կոչված են ու պարտավոր են իրականացնել իրենց ենթակաների սոցալական պաշտպանության հարցերը, և երկրորդ՝ ենթակաների սեփական իրավունքների իմացությամբ:

Մարդու վերաբերմունքն իր ծառայական պարտականությունների նկատմամբ մեծապես պայմանավորված է նյութական ու կենցաղային բավարար պայմաններով, սոցիալական ու իրավական պաշտպանվածության աստիճանով:

Զինծառայողների սոցիալական ու իրավական պաշտպանության ապահովումը համարվում է բոլոր կարգի հրամանատարների (պետերի) կարևորագույն պարտականություններից և հանդիսանում է անձնակազմի դաստիարակության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, մարտական պատրաստականության ու մարտունակության բարձրացման անհրաժեշտ ու կարևվոր գործոն, որը առօրյայում ստացել է «Զինվորական-սոցալիական աշխատանք» անվանումը:

Զորային օղակում սոցիալական աշխատանքի կազմակերպման որոշիչ դերը բաժին է ընկնում հրամանատարներին (պետերին), որոնք էլ ընդհանուր առմամբ իրականացնուն են այդ աշխատանքը: Հրամանատարների կողմից նշված աշխատանքի իրականացման անհրաժեշտության մասին դեռևս ոչ հեռու անցյալում խոսել են բազմաթիվ զորահրամանատարներ: Օրինակ` ծովակալ Ս.Մակարովը հրամկազմից պահանջում էր. «Յուրաքանչյուր սպայի բարոյական և ծառայական պարտքն է` անվարան հետևել շարքայինի /նավաստու/ նյութական բավարարմանն ու կենցաղին»:

Ենթակաների սոցիալական և իրավական պաշտպանվածության գործում հրամանատարի գործունեության հիմնական ուղղությունն է՝ ենթակա անձնակազմի իրավական պատրաստության ուսուցման կազմակերպում, պահուստի ապահովում և ֆինանսական ու այլ նյութական միջոցների ճիշտ օգտագործում, դրանց զինծառայողների սոցիալական պաշտպանվածության շահերից բխող համաչափ ծախսում, զինծառայողների բողոքների և զեկուցագրերի պահանջների լուծման աշխատանքների կազմակերպում, սոցիալական պաշտպանության օրենսդրական պահանջների իրականացում:

♦♦♦

Հրամանատարների և պետերի իրավական լիազորությունները զինվորական-սոցիալական գործունեության բնագավառում լայն են և բազմաբնույթ: Դրանք հիմնականում ամրագրված են ՀՀ ԶՈՒ համազորային կանոնադրություններում, մասնավորապես ՀՀ ԶՈՒ ՆԾ, ԿուՊԾ կանոնագրքերում:

Հրամանատարը, հանդիսանալով միանձնյա ղեկավար, անձնական պատասխանատվություն է կրում իրեն վuտահված զորամաuի (uտորաբաժանման) զինվորական ծառայության անվտանգության, նյութական միջոցների վիճակի ու պահպանության, նյութական, բժշկական, ֆինանuական, uոցիալ-իրավական ու կենցաղային հարցերի ապահովման համար:

Հրամանատարը, ի թիվս այլ պարտականությունների, ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 76-րդ հոդվածի համաձայն պարտավոր է նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատմամբ, բարձր պահանջկոտությունն ու uկզբունքայնությունը համատեղել անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել զինծառայողների, զինծառայությունից զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների կենցաղային հարցերի լուծման, uոցիալական ու իրավական պաշտպանվածությանն աջակցելու համար, անհրաժեշտության դեպքում նրանց օժանդակելու համար միջնորդել ավագ հրամանատարների առաջ:

Զինված ուժերում /զորային օղակում/ զինվորական-սոցիալական աշխատանքների հիմնական իրականացնողը զորամասի հրամանատարն է: Օգտվելով իրեն տրված իրավունքներից և իրականացնելով իր վրա դրված պարտականությունները՝ զորամասի հրամանատարն արձակում է հրամաններ և կարգադրություններ, որոնցով նա ապահովում է զինծառայողների սոցիալական պաշտպանության օրենսդրական իրագործումը: Այդ նպատակով արձակված հրամաններում, կարգադրություններում զորամասի հրամանատարը նշում է օրենքի կոնկրետ դրույթը, կատարողներին և ինչ պետք է նրանք իրագործեն, ինչպես նաև նշում է տրված խնդիրների կատարման հստակ ժամանակացույցն ու հերթականությունը:

Այսպես. ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 91-րդ հոդվածի շրջանակում զորամասի հրամանատարը հաստատում է զինծառայողների արձակուրդների տրամադրման ժամանակացույցը, սահմանում է օրվա կարգացուցակն ու աշխատաժամանակի բաշխման կարգը, իրականացնում է միջոցառումներ` զինծառայողների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, շաբաթվա ճաշացանկը որոշելուց ու հաստատելուց հետո կազմակերպում է սննդի որակի և մատուցման ամբողջականության նկատմամբ ամենօրյա վերահսկողություն:

Զինծառայողների սոցպաշտպանության գործում կարևորվում են շարային մասով ամեն օր արձակվող հրամանները: Հենց այդ հրամաններով են հիմնականում կենսագործվում զինծառայողների իրավունքներն ու արտոնությունները` արձակուդի, դրամական օգնության, ուսման վարձի, բուժման ուղեգրերի տրամադրումը և այլն:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ