Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
ՎԱՂՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Արաքսից ձախ, մինչև Բերձոր, գարունն արդեն տեր է դարձել իր տիրույթներին: Վերջերս աշխատանքի բերումով հաճախ եմ լինում Որոտանի և Ողջիի ավազանում: Աչքի համար ամենահաճելի տեսարանն այն է, երբ հայ գյուղացին իր այգին ու հողատարածքն է մշակում. ամեն կողմից բարձրանում է ձմռան կուտակած վառվող խաշամի ծուխը, որի միջից ծաղկած ծիրանենիները հյուրընկալ աչքով են անում, վերադարձել են նաև Հակարի գյուղի մշտական բնակիչ 2 արագիլները:

Բացի գյուղատնտեսական աշխատանքներից կարևորվում է նաև շինարարությունը: Ամեն մի հանդիպումից զգացվում է առաջընթաց, փոփոխություն, ինչն էլ հույս է տալիս՝ վաղն ավելի լավ է լինելու: ԼՂՀ կառավարության աջակցությամբ Կովսականում այս պահին վերակառուցվում է հիվանդանոցը, կառուցվում են մանկապարտեզ և մեկ բնակելի տուն զոհված ազատամարտիկի ընտանիքի համար: «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվում է 12 բնակարանով շենք սիրիահայերի համար:

Մարտի 7-ին երբ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ Կովսականում էինք, շինարարական աշխատանքներ իրականացնող «ԵրՄոսշին» ՍՊԸ-ի տնօրեն Մոսի Լոքյանի հետ եղանք բազմաբնակարանի և հիվանդանոցի շինհրապարակներում, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներն էին ընթանում, նույն պատկերն էր նաև հիվանդանոցում:

Երկրորդ անգամ երբ Կովսական այցելեցինք՝ մարտի 16-ին, տեղադրվել էին շենքի դռներն ու պատուհանները, գրեթե ավարտին էր հասցվել հատակի բետոնապատումը, սկսվել էին առաստաղի՝ գիպսե ստվարաթղթով պատելու և այլ աշխատանքներ: Հիվանդանոցի շենքում ևս առաջընթաց կար: Հիվանդանոցը ժամանակավորապես գործում է մոտակա շենքում: Մ. Լոքյանն ասաց, որ մինչև հուլիսի սկիզբը այստեղ շինարարական աշխատանքները կավարտվեն, ինչպես նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզի շենքում մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Եկող տարի Կովսականի փոքրիկները կհաճախեն մանկապարտեզ:

Արդեն 5-րդ տարին է, ինչ Կումայրիի միջնակարգ դպրոցի նախկին տիպային շենքը գտնվում է վթարային վիճակում, և մի քանի համայնքների մոտ 80 երեխաներ հաճախում են Քարոտանում գտնվող փոքր և ոչ հարմարավետ շենքում տեղավորված դպրոց (չեն բավարարում դասասենյակները, եղածներն էլ փոքր են, կան նաև այլ անհարմարություններ): Վերջերս տարածք այցելեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և վթարված շենքի բակում տարածքի բնակչության հետ հանդիպելուց հետո հանձնարարականներ տվեց համապատասխան մասնագետներին: Որոշվեց շենքի 2-րդ հարկն ապամոնտաժել՝ թողնելով առաջին հարկը, ապա և ամրացնել հարավային վթարված պատը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն սկսվել են ապամոնտաժման աշխատանքները:

Մարտի 16-ին շինհրապարակում հանդիպեցի աշխատանքներ իրականացնող կազմակերպության՝ «Արգիշտի» ՍՊԸ-ի տնօրեն Էդ. Նիկողոսյանի հետ, որն էլ տեղեկացրեց, թե մարտի 5-ից, ԼՂՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, սկսել են ապամոնտաժման աշխատանքները և կավարտեն մարտի վերջին: Դպրոցի շենքի վերակառուցումով կկարգավորվի ուսումնական գործընթացը, բացի այդ շինհրապարակը տեղի բնակչության՝ հատկապես երիտասարդների համար աշխատատեղերի հնարավորություն է ստեղծել:

Նույն օրը բարձրացանք Թովմասար, որտեղ 10000 հեկտարից ավելի աշնանացան է կատարվել. որը վաղը հաց է դառնալու…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ