Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ վերլուծությունը` նվիրված Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:

Սկիզբը՝ նախորդ համարում

Ինքնորոշված Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած արտաքին ռազմական ագրեսիայի հետմղման ժամանակ առաջ եկավ փայլուն զորապետների մի աստղաբույլ, որոնք ապահովեցին ագրեսորի պատժումը ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ստեղծման և Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության արդյունավետ համակարգի կառուցման միջոցով: Նրանց շարքում առանձնանում են Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Վահան Շիրխանյանի, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գուրգեն Դալիբալթայանի, Քրիստափոր Իվանյանի, Հրաչ Անդրեասյանի, Անատոլի Զինևիչի անունները: Արցախի ազատության համար մղված պայքարում պաշտպանության ղեկավարման գործում աչքի ընկան գեներալներ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Յուրի Խաչատուրովը, Արտյուշա Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը, Մովսես Հակոբյանը և շատ ուրիշներ: Ֆիդայական ժողովրդական դիմադրությունից իր ստեղծած անկախության բանակի հովանու ներքո կազմավորված հատուկ նախանշանակման զորքերի տիպի մարտական ջոկատներին անցման գործում մեծ վաստակ ունեցավ ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Հարկ է նշել ագրեսիայի հետմղման գործում այն առանձնակի դերը, որ խաղացին Հայոց Սփյուռքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը և ուրիշներ:

Ուշադրության է արժանի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքական մշակույթների ձևավորման սկզբունքներում և միտումներում եղած հիմնարար տարբերությունը: Արցախի դեպքում` միջազգային իրավունքի ժողովրդավարական սուբյեկտների ընտանիքին ինտեգրմանը պատրաստվող ժողովրդավարական պետականության նպատակաուղղված առաջմղումը: Իսկ Ադրբեջանի դեպքում` սուլթանական տիպի այնպիսի հակաժողովրդավարական տոհմական բռնապետության կայացումը, որը հասարակության մեջ բռնի կերպով սերմանում է Ալիևների ընտանիքի անհատի պաշտամունքը և համակարգային ֆաշիստական հայատյացությունը, ինչն ուղեկցվում է հարևանների նկատմամբ տարածքային հավակնությունների հիմնավորմանը և ապագա ագրեսիայի արդարացմանը նպատակաուղղված տարածաշրջանային պատմության խեղաթյուրմամբ, ինչպես նաև աճող սերնդի գիտակցության նպատակային ձևավորմամբ: Ալիևյան վարչակարգի գերազգայնամոլության հատկանիշները արտահայտվեցին Ռամիլ Սաֆարովի հերոսացման ձևով, մի վախկոտ մարդասպանի, որը կացնահարեց ՆԱՏՕ-ի ուսուցման միջազգային ծրագրի գծով իր գործընկերոջը` քնած հայ սպային: Ադրբեջանի իշխանությունների այս սադրանքը, որի նպատակն է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության ձախողումը, դատապարտվեց բոլոր երեք համանախագահ պետությունների իշխանությունների կողմից:

Տոհմական նավթային բռնակալությունից արևելյան տիպի ֆաշիստական վարչակարգին անցմանը Ադրբեջանի հնարավոր նախապատրաստման վկայությունն են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ ձեռնարկված հալածանքները, որոնք ուղեկցվում էին նրա գրքերի հրապարակային ու զանգվածային հրկիզմամբ և դատապարտվեցին միջազգային հանրության կողմից, որովհետև Այլիսլին խիզախություն ունեցավ իր գեղարվեստական երկում Նախիջևանի Ագուլիս քաղաքում հայերի և կովկասյան թաթարների բարիդրացիության հետ մեկտեղ ճշմարտացիորեն նկարագրելու նաև Նախիջևանի ու Բաքվի խաղաղ հայ բնակչության նկատմամբ թուրքերի և կովկասյան թաթարների ձեռնարկած դաժանությունները: Պաշտոնական և իշխանությունների կողմից կաշառված հասարակական շրջանները նացիստական Գերմանիայի վատագույն ավանդույթներին համահունչ արձագանքեցին բռնաճնշումներով և դավաճանության մեջ մեղադրանքներով: Ակներև են հիտլերյան Գերմանիայի ֆաշիստների կողմից Հայնեի, Մաննի, Ֆրոյդի ու Ռեմարկի գրքերի և Ադրբեջանի ժողովրդական գրող ու արվեստի վաստակավոր գործիչ Այլիսլիի երկերի հրկիզումների միջև զուգահեռները:

Հակահայկական տրամադրությունների բորբոքման քաղաքականությունը ներկայումս չի սահմանափակվում միայն ադրբեջանական ժողովրդի հիմարացմամբ, այլ արտահանվում է միջազգային հանրություն: Այս առումով հատկանշական է հակահայկական տրամադրությունների ուժգնացման գործում Հրեական սփյուռքի ձեռնածվական ներգրավման փորձերով ուղեկցվող` հարևան պետության ղեկավարի կողմից առաջադրված հայատյացության «ղուբայական ազդակի» մերկացումը: Հենց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման մասին Ալիևի կարգադրությամբ է փաստորեն կանոնականացվում Ադրբեջանի հյուսիսում պեղված գերեզմաններում թաղված մարդկանց զանգվածային վախճանի մեղավորների և նրանց ազգային-կրոնական պատկանելության մասին չստուգված մեկնակերպը: Իսրայելի և Հրեական սփյուռքի գործընկերների զայրույթն է առաջացնում այն, որ Ադրբեջանի ղեկավարը պետական արարողակարգի մեջ է ներառում իբր հայերի կողմից կոտորված հրեաների աճյունների վրա կանգնեցված հուշահամալիրի այցելությունները հրեական կազմակերպությունների ղեկավարների կողմից, մինչդեռ իրականում այնտեղ հանգչում են այն հայերի աճյունները, որոնք զանգվածաբար սպանվել են 1918 թ. թուրք գեներալ Խալիլ փաշայի գլխավորած Կովկասյան իսլամական բանակի և կովկասյան թաթարների հրոսակախմբերի` Ադրբեջանի հյուսիսով կատարված ռազմարշավի ժամանակ:

Տվյալ փաստը հատկանշական է այն առումով, որ արտացոլում է ժողովուրդների միջև վստահության` որպես հակամարտության լուծման և ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատման հիմնարար հենքի խարխլման քաղաքականության էությունը: Բաքվի իշխանությունները առանձնակի տեղ են տալիս Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին տեղեկույթի գիտակցական աղավաղմանը: 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակի նկատմամբ անարգանքի պետական քարոզումը դուրս է գալիս առանձին հրապարակումների շրջանակից` ձեռք բերելով Բաքվի իշխանությունների կողմից ուղղորդվող սրբապղծության ձև: Որպես Արևելյան Անդրկովկասի պատմության գռեհիկ խեղաթյուրման օրինակ կարելի է նշել հայ բնակչության նկատմամբ քսաներորդ դարի սկզբին կատարված եղեռնական ոճրագործությունների քաղաքական հավասարակշռումը «Ադրբեջանցիների նկատմամբ ձեռնարկված ցեղասպանությամբ», որը երբեք էլ տեղի չի ունեցել: Այդ կեղծարարության հիման վրա 1998 թ. Ադրբեջանի Հանրապետության նախագահը հրապարակեց «Ադրբեջանցիների դեմ ցեղասպանության մասին» հրամանագիրը: Անգամ Բաքվի մտավորականության ներկայացուցիչները նեղ վստահական շրջանում ծանակում են հայ և ռուս ժողովուրդների դեմ «ադրբեջանական ժողովրդի քաղաքական համախմբման» այս անազնիվ և վտանգավոր եղանակը: Նրանք քաջ գիտեն, որ իրականում տեղի են ունեցել Օսմանյան Թուրքիայի ռազմարշավային կորպուսի և տարածաշրջանում նրա մանկլավիկների` ի դեմս անդրկովկասյան թաթարների կողմից Անդրկովկասում հայերի կոտորածներ և հայերի դիմադրություն, ինչպես եղավ նաև հետագայում` ի պատասխան Սումգայիթում 1988 թ. և Բաքվում 1990 թ. տեղի ունեցած խաղաղ հայ բնակչության ջարդերի:

Իր ժողովրդի հիմարացման և միջազգային հանրության քաղաքական շրջանների ապատեղեկացման փորձերի օրինակ է Խոջալուի ողբերգության զոհերի նկատմամբ դիապղծության հեղինակների նենգափոխման Բաքվի վարչակարգի` շռայլորեն վարձատրվող քարոզարշավը: Տվյալ սադրանքի` որպես Բաքվում իշխանության համար մղվող քաղաքական պայքարի գործիքի մանրամասները թարմ հետքերով շարադրված են Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցում, որը նա տվել էր չեխ լրագրող Դանա Մազալովային: Հայկական կողմն ունի բոլոր ապացույցները, որ զոհվածների դիակները գտնվում էին Աղդամի մոտակայքում` այդ ժամանակ ադրբեջանական իշխանությունների պատասխանատվության գոտում, նրանց զինված ուժերի վերահսկողության տակ, և հայերի անմիջական շփումը զոհվածների մարմինների հետ դրանց խեղումներ պատճառելու նպատակով պարզապես հնարավոր չէր:

Միջազգային հանրությունը իր ուշադրությունն է սևեռում այն հաճախակի դարձած քննադատության վրա, որը հնչեցվում է ինչպես Ադրբեջանի իշխանությունների հասցեին` կապված օրենսդրության թողտվության և արտասահմանյան պաշտոնյաներին կաշառելու հետ, այնպես էլ ուղղված այն միջազգային կազմակերպություններին, որոնք մասնակցում են Ղարաբաղյան կարգավորմանն ու նման քաղաքական կոռուպցիայի փաստերի նկատմամբ հանդուրժողականություն են ցուցաբերում:

Իսկ որո՞նք են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղենիշները:

Շեշտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն գործունեության կարևորությունը, որն ուղղված է կանխելու Ղարաբաղում իրադրության վերաճումը նոր պատերազմի, հարկ ենք համարում բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրելու այն իրատեսական քաղաքականության ուղեգծի վրա, որը կարող է հանգեցնել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կայուն խաղաղության հաստատմանը: Դրա հիմքում Ադրբեջանի կողմից 1991 թ. հանրաքվեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրինականության ճանաչումն է: 1992-1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով փակ բանակցությունների մասնակիցները վկայում են, որ հակամարտության նման արդյունավետ լուծման հնարավորությանը իր հայ հակընկերների հետ հակված էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման և միջազգային հանրությանը նրա ինտեգրման գործոններից մեկը կարող է լինել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության նախապատրաստումը ԼՂՀ ճանաչմանը, ինչպես նաև ԼՂՀ անվտանգության գոտին կազմող մի շարք տարածքների կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև զուգահեռ ընթացող բանակցություններին` բոլոր երեք անկախ պետությունների բնակչության անվտանգության ու կայուն զարգացման երաշխավորմամբ:

Ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ «խելացի ուժի» կիրարկման արդյունավետության գրավական կարող է առաջին հերթին դառնալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման փոփոխումը սպառազինությունների մրցավազքից, ԼՂՀ և Հայաստանի նկատմամբ Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների պատմության նենգափոխման վրա հիմնվող տարածքային հավակնություններից և միջազգային իրավունքի առանձին նորմերով աճպարարությունից դեպի հակամարտության համընդգրկուն լուծման գործում իրատեսական փոխզիջում ` ի շահ հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև կայուն խաղաղության:

Նման «վերաբեռնման» հաջողությունը պայմանավորված կլինի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև նրանց և Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի` Հարավային Կովկասի անվտանգության և կայուն ժողովրդավարական զարգացման համար իրենց ժողովուրդների և համաշխարհային ընկերակցության առջև պատասխանատվություն կրող Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգային համագործակցության աճմամբ:

Հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ հայկական կողմի պատրաստակամության գրավականն է Սերժ Սարգսյանի` որպես նոր ժամկետով ՀՀ Նախագահի վերընտրությունը, քանի որ նա ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման մեջ շահագրգռված բոլոր հիմնական գործող անձերի հետ կշռադատված համագործակցության փորձ:

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Պատմության էջերից


14/03/2013