Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂ ԵՎ ԱՐՄԱՏ*



Ընկերոջս, որ ԱՄՆ մշտական բնակության մեկնեց


Դու մի օր

Կթողնես այս ծարավ ու պապակ հողը,

Կլքես, կգնաս,

Եվ իմ արցունքները քեզ կուղեկցեն,

Բարի ճանապարհ կմաղթեն։

Դառն է հայացքդ, թախծոտ.

Սիրտդ ծվատում են

Հուսահատության փուշ ու տատասկը,

Եվ ամենօրյա տագնապներն ու մորմոքները

Կորզել են հոգուդ անդուլ կորովը։

Քեզ համար, նրա՛, ով սրտի արյունով

Եվ ճակտի քրտինքով

Շունչ ու հոգի է պարգեւել

Այս խորշակահար, ամա պարտեզին,

Քեզ համար, նրա՛, ով կուրծքն է բացել

Աշխարհակործան փոթորկին ընդդեմ,

Ո՛ւմ ակնախոռոչներում ծվարել են լուռ

Անամոք ցավի ու ափսոսանքի

Ստվերները խիտ,

Բյուր հազար անգամ հեշտ է երեւի

Հոգո՛ւց զատվելը,

Քան թե հարազատ հողը լքելը։

Կքեցին ոգիդ անաչառ, համառ,

Հասակդ պարթեւ, հասակդ շիտակ,

Մռայլ, մթամած, ամուլ ամպերը,

Ե՛վ անպտուղ ու սին այս տարիները,

Ե՛վ դավաճանությունը հին ընկերի,

Ե՛վ ներբողները սին՝ մտերիմների։

Արդ փախչում ես դու

Շնագայլերի ոռնոցից գուժկան,

Եվ ագռավների կռավոցներից`

Չար ու անձանձիր,

Եվ կգնաս դու ճակատով մաքուր,

Ճակատով ազնիվ,

Որ պայծառ է հանց

Ոսկեթագ գլխով արտեզրից ելնող

Հազար արեգակ։

Կգնաս այտերով արեւախանձ,

Աչքերով՝ լեցուն շանթերով պատվի,

Ինչը բյուր անգամ ավելին է, քան

Գահը Ջամշիդի։

Դու կգնաս,

Եվ իմ արցունքները քեզ կուղեկցեն,

Բարի ճանապարհ կմաղթեն…

Իսկ ես…

Ես կմնամ այստեղ։

Իմ արմատներն այս հողում են։

Ես այս հողի՝ անիծյալ, թե սուրբ,

Սիրահարն եմ խենթ եւ ուխտավորն եմ։

Կմնամ այստեղ, ինչո՞ւ՝ չգիտեմ,

Մինչեւ իմ վերջին շունչը չփչեմ։

Կմնամ այստեղ,

Կմնամ մինչեւ դատարկ ու անզեն իմ այս ձեռքերով

Այս արևակեզ ու պապակ հողից

Վարդերի հեղեղ լույս աշխարհ հանեմ։

Եվ ծիրանավառ արեգակի պես

Լեռան գագաթից

Հաղթակա՛ն երգեմ…

Եվ գիտեմ՝ մի օր

Դու տուն կդառնաս։

ՖԵՐԵՅԴՈՒՆ ՄՈՇԻՐԻ

Պարսկերենից թարգմանեց

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

*տպագրվում է մասնակի կրճատումներով

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Հոգևոր-մշակութային


14/03/2013