Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑ ԴԱՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ



Նախնական զինվորական պատրաստության առարկայի դասավանդումը պատանիներին տալիս է անհրաժեշտ ռազմական նախնական գիտելիքներ, և պատանիները, որպես ապագա զինվորներ, ձևավորվում են դպրոցում, կայանում զորամասում։

Համաձայն 105 ավագ դպրոցի ՆԶՊ առարկայի աշխատանքային պլանի՝ օրերս նախատեսված էր այցելություն զորամաս։

Ծանոթությունը զորամասին սկսվեց հսկիչ – անցագրային կետից։ Մի խումբ պատանիների և աղջիկների համար դասը բացառիկ հնարավորություն էր ականատես լինելու զորամասի առօրյային, ներքին ծառայությանը՝ սկսած օրապահի և հերթապահի, ժամապահների գործունեությունից։

Բաց դասն սկսվեց շարային հրապարակից։ Շարային պատրաստությունը կոփում և առնականացնում է զինծառայողին, նրա մեջ դաստիարակում կարգապահության և զսպվածության որակներ, սովորեցնում է լինել կոկիկ և կազմակերպված, հմտորեն գործել թե՛ շարքում և թե՛ մարտական գործողությունների ժամանակ։ Շարային պատրաստությունը մարտական պատրաստության, ուսուցման և դաստիարակության կարևորագույն բաղկացուցիչներից է, որը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ ԶՈՒ շարային կանոնադրության համապատասխան։

Կատարվեցին ցուցադրական շարային վարժություններ, որոնք մեծ ոգևորություն առաջացրին աշակերտների մեջ, և ոմանք փորձեցին, վերհիշելով անցած պարապմունքները, անձամբ կատարել դրանք։ Դա յուրօրինակ արիության դաս էր։

Այնուհետև անցանք ֆիզպատրաստության հրապարակ, որտեղ աշակերտները տեսան բազմաբնույթ և բազմատեսակ վարժասարքեր, ծանոթացան դրանցից յուրաքանչյուրի նշանակությանը, ինչը զինծառայողին հնարավորություն է տալիս մարզվելու, զարգացնելու մկանային համակարգը, որն էլ դժվարին, մարտական իրավիճակում հնարավորություն կտա դիմակայելու ցանկացած արհավիրքի։

Զորանոցում աշակերտները մասնակցեցին զինվորների առօրյային՝ ննջասենյակների մաքրման և կարգավորման աշխատանքներին, ծանոթացան ներքին ծառայության փաստաթղթերին, վաշտի հերթապահի և օրապահի պարտականություններին, նրանց ծառայության առանձնահատկություններին, դիտեցին զենքի պահպանման սենյակը, իսկ դասասենյակում, որը զինվորների միջոցով տոնական տեսք էր ստացել, ծանոթացան զինվորների անհատական պայուսակի պարունակությանը՝ յուրաքանչյուր իրի, առարկայի դերին և նշանակությանը։ Պահակատանը ականատեսը եղան զենքի լիցքավորման և լիցքաթափման գործընթացին։ Այնուհետև այցելեցին զորամասի բուժկետ, որտեղ բուժկետի պետը հակիրճ ներկայացրեց ծառայության առանձնահատկությունները, ծանոթացրեց հիվանդ զինվորների ընդունման, բուժօգնության տրամադրման, անհրաժեշտության դեպքում բուժկետում պառկեցնելու կամ հոսպիտալ ուղարկելու նրբություններին, որով էլ ավարտվեց այցելությունը զորամաս։

Ոգևորող և վարակիչ էր բաց դասը ապագա զորակոչիկների համար, նույնքան տպավորիչ աշակերտուհիների համար։ Նրանք հասկացան, որ հայրենիքի պաշտպանությունը տղամարդու համար ամենապատվաբեր գործն է, և որ իսկական հայուհիները հայոց աշխարհի փափկասուն տիկնանց նման միշտ տղամարդկանց կողքին պետք է լինեն և հող հայրենիի արդար պահանջով վտանգի պահին նրանց պիտի մղեն նորանոր հաղթանակների և սխրանքների։

ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
փոխգնդապետ
Երևանի 105 ավագ դպրոցի զինղեկ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Բանակ և հասարակություն


14/03/2013