Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾՆՈՂԻ ԵՎ ԴՊՐՈՑԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ

Հայրն ու մայրն առաջին ուսուցիչներն ու դաստիարակներն են: Նրանցից է կախված, թե երեխան ինչպես կգա դպրոց, և բարոյական ինչպիսի արժեքներ դրված կլինեն նրա հոգու մեջ: Ծնողը` որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, երեխաներին պետք է հաղորդի իր նախնիներից ժառանգած ուժն ու ավյունը: Ազնիվ ու հայրենասեր երիտասարդները կյանք են մտնում այն ընտանիքից, որտեղ իշխում են կարգուկանոնը, բարոյականությունը, պատվասիրությունը ու հայրենասիրությունը: Ոչ մի ուսուցիչ, որքան էլ տաղանդավոր լինի, դաստիարակության գործում չի կարող փոխարինել ծնողին: Նա է, որ երեխայի մեջ ցանում է բարու սերմերը, սերմանում պարկեշտություն ու ազնվություն, հղկում բնավորությունը: Իսկ ամուր բնավորության տեր, արի մարդը, ինչ խոսք, կսիրի հայրենիքը՝ պատրաստ հայրենյաց սիրո համար ամեն ինչ զոհելու, մինչև անգամ` կյանքը:

Երեխայի զարգացումն առավել արդյունավետ իրականացվում է այն դպրոցում, որտեղ ստեղծված է դաստիարակչական ամբողջական համակարգ: Դաստիարակության և ուսուցման մեթոդներին սերտորեն առնչվում է նախազորակոչիկի հոգեբանական պատրաստությունը: Այն պետք է սերտորեն շաղկապված լինի ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ հարգալից վերաբերմունք դաստիարակի ազգային ավանդույթների, հավատ ներշնչի Հայաստանի և նրա ապագայի հանդեպ: Հայրենիքի պաշտպանությունն ամբողջ ժողովրդի պարտականությունն է, բայց առանձնահատուկ պարտականություն ու դեր ունեն երկրի զինված ուժերը: Ահա թե ինչու յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է օրենքով սահմանված կարգով ծառայել զինված ուժերում: Կարճ ժամանակամիջոցում տիրապետել ժամանակակից զենքին և դառնալ հայրենիքի պաշտպան` այնքան էլ դյուրին գործ չէ: Հետևաբար` յուրաքանչյուր պատանի պետք է նախօրոք իրեն նախապատրաստի զինվորական ծառայությանը: Եվ դպրոցի գլխավոր խնդիրներից մեկն էլ հենց ՀՀ պաշտպանական գործին եռանդուն օժանդակելն է:

ՆԶՊ ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը նպատակ ունի հայրենիքը պաշտպանելու պատրաստ բազմակողմանի զարգացած, մտավոր և հոգևոր ներուժով օժտված պատանիներ կրթելու: Ուստի մեր առաջնակարգ խնդիրն է աշակերտների մեջ սերմանել այն համոզումը, ըստ որի՝ մեր երկիրը ինքներս պետք է պաշտպանենք ոտնձգությունից և ապահովենք Հայրենիքի անվտանգությունը: Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, իսկ հայ զինվորը պատմության ամբողջ ընթացքում համարվել է ազգի ծաղիկը: Այսպիսով, յուրաքանչյուր ծնողի և դպրոցի պատվավոր խնդիրն է բարձր դասարանի երեխաներին նախապատրաստել բանակային ծառայությանը, ինչը պահանջում է հայրենասիրական պարտքի կատարում, արիություն, ուժեղ կամք, խիզախություն: Սերմանել ամենահարգալից վերաբերմունք մեր ազգային բանակի նկատմամբ, բանակ, որն աչալուրջ պահպանում է մեր ընտանիքների և մեր պետության անվտանգությունը:

ՎԼԱԴԻՍԼԱՎ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Սյունիքի մարզի Կապանի Ա. Մարգարյանի
անվան N7 հիմնական դպրոցի զինղեկ