Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՉՔՆ ՈՒ ԱԿԱՆՋԸ



Ստրինգերներն ազատ լրագրողներ են։ Ստրինգեր (մոտավոր իմաստով) նշանակում է «հրաձիգ» կամ «ազատ որսորդ»։ Ստրինգերները ցույց են տալիս պատերազմի իրական դեմքը՝ իր ամբողջ սարսափով ու դաժանությամբ։ Հենց նրանց ժապավենային կադրերն ու նկարահանումներն են ամենից ավելի ատելություն և նողկանք հարուցում պատերազմի հանդեպ, նրանց շնորհիվ են արագորեն բացահայտվում շատ գաղտնիքներ։

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Լյուդմիլա Ստոլյարենկոյի «Новая газета» թերթում տարիներ առաջ տպագրված հարցազրույցը լրագրող, ռեժիսոր, օպերատոր, ստրինգեր ԷԴՈՒԱՐԴ ՋԱՖԱՐՈՎԻ հետ, որը նաև Բաքվում հայերի ջարդն է նկարահանել։

Հեռուստացույցով կադրեր էին ցուցադրում Մոզամբիկից, որտեղ գնացքը խորտակվում էր, և էկրանին երևում էին դիակներ, դիակներ…
-Գեղեցիկ նկարներ են,- ասաց Ջաֆարովը։

Աննկարագրելի այս ցինիզմը խորապես ցնցեց ինձ։ «Ուզում ես ասել` այնքան դաժան ես, որ քեզ ամենևին էլ չեն սարսափեցնում այս դիակները»,- զայրացա ես։

-Ես ու դու տարբեր հայացքներով ենք նայում էկրանին,- անկիրք պատասխանեց Ջաֆարովը։

-Էդիկ, ճի՞շտ է, որ ստրինգերությունը արկածախնդրություն է, հանդուգն խիզախություն։

-Ընդհակառակը, ստրինգերությունն ինքնապահպանության գերագույն աստիճան է։

-Իսկ պատերազմում կա՞ն հատուկ կանոններ, օրենքներ, այսինքն՝ գիտություն, ինչպես ողջ մնալ։

-Ո՛չ կանոններ կան, ո՛չ էլ դեղատոմս։ Միայն ինտուիցիա ու հազարումի նրբերանգ։ Եվ գլխավոր կանոնը՝ դու խաղում ես մի «խաղ», որի կողքին ես։ Բանակը վազում է, փախչում, դու էլ ես վազում, փախչում, զինվորը պաշտպանական միջոցների է դիմում, դու էլ։ Նրանք դիտում են շուրջը, նմանապես և դու, չէ՞ որ զրահափոխադրիչի վրա, նապաստակի նման դու անմիջական նշանառության տակ ես։ Կան նաև «պատերազմի հնչյուններ», որոնք լսվում են մարտադաշտում։ Ասենք, օրինակ, թռչում է ականը կամ գնդակը։ Եթե լսում ես սուլոցը, ստույգ իմացիր, որ այն քեզ չէ ուղղված։ Իսկ երբ քեզ է ուղղված, սուլոցն արդեն չես լսում…

-Որտե՞ղ ես մնում, գիշերում պատերազմական պայմաններում։

-Որտեղ պատահի։ Զինվորների հետ վրաններում, խրամատում։

-Ահա ընթանում է թեժ մարտը, զինվորը ցասումով լի կռվում է, իսկ դու «ոտքի տակ ես ընկնում» քո խցիկով։

-Նրանք ինձնով զբաղվելու ժամանակ չունեն։ Շարքայինների հետ ամեն ինչ հարթ է, առավել բարդ է սպաների հետ։ Նրանցից շատերը մամուլի հանդեպ զայրույթով են լցված, չեն սիրում լրագրողներին։ Սկզբունքորեն ճիշտ են, նա ցավում է՝ մարտի ընթացքում 18 մարդ է կորցրել, իսկ եթերում հնչում է՝ 4 սպանված։ Բայց դա լրագրողների մեղքը չէ, այլ զինվորական գրաքննության։

-Իսկ պարտադի՞ր է, որ ստրինգերը ցինիկ լինի։

-Մասնագիտության բնույթն է։ Ահա լրագրողներ են եկել Աբխազիա, սկսում են լուսանկարել։ Այստեղ կանայք են ողբում, արցունքներ, դիակներ են ընկած, դագաղներ։ Ես պետք է սառնասրտորեն նկարահանեմ միայն իրողությունը, դիտողը ինքը պետք է վերլուծի, դատի, թե ինչ է կատարվում, ո՞վ է արդար, ո՞վ մեղավոր։ Թեև այնտեղ, որտեղ սպանություններ են կատարվում, արդարություն գտնել հնարավոր չէ։

-Իսկ ի՞նչը չի ներվում պատերազմում, բացի վախկոտությունից, մատնությունից…

-Պատերազմում դու ափի մեջ ես, խաղալ չես կարող։ Այդ ժամանակ բոլոր զգացողությունները սրվում են՝ ամոթը, չարությունը, ատելությունը։

-Իսկ որ քեզ կհնձի գնդա՞կը։

-Մահվան սարսափը մարտադաշտում մշտապես ուղեկցում է քեզ, դա փակ թեմա է, բայց, եթե անկեղծ ասեմ, կռվի ընթացքում, երբ նկարահանում ես, վախից, կներեք, շալվարդ է լցվում. չէ՞ որ կաչաղակներ չեն թռչում, գնդակներ են սուրում… Առաջին չեչենականի ժամանակ մենք ամերիկացի լրագրողուհի ստրինգեր Սինդի Էլբաումի հետ կանգնած էինք Գրոզնիի խաչմերուկում։ Պայմանավորվեցինք՝ ով որ կողմը գնա։ Իսկ մի քանի վայրկյան անց պայթեց ռումբը, կներեք դաժան մանրամասնության համար, Սինդիի կտրված գլուխը գլորվեց մեր կողմը։ Մենք հենց նույն րոպեին հապճեպ վերցրինք խցիկները։ Դա պրոֆեսիոնալի առաջին արձագանքն է։

-Հիմա ասա «ռազմական գաղտնիքը»՝ ի՞նչ արժե այն, որի համար գլուխդ ես դնում կրակի ու մահվան տակ։

-Գները տարբեր են, սակարկում ենք։ Իսկ ամենաթանկ նկարահանումը 20 հազար դոլար է եղել։ Դա զորքերի` Բաքու մտնելն էր։ Ավելի քան 2 շաբաթ լրագրողները սպասեցին, հետո չդիմացան, մեկնեցին։ Ու հենց էդ գիշեր էլ ամեն ինչ կատարվեց։ Ես մեծացել եմ Բաքվում, գիտեմ բոլոր անկյունները և ամեն ինչ նկարահանեցի։

-Ի՞նչ է նշանակում իսկական մարտ:

-Իսկական դժոխք, մարտահնոց, հայհոյանք, ադրենալինը արյան մեջ…

-Որտե՞ղ ես կրել սարսափի ամենամեծ չափաբաժինը։

-Դա պատահել է մի քանի անգամ. 1990թ. հունվարի 13-ին, երբ Բաքվում հրկիզում էին հայկական եկեղեցիները, մորթում, սպանում էին հայերին։ Զարհուրելի տեսարան էր։ Տեսադաշտում ընկած ամեն մի լրագրող հեշտությամբ փոխակերպվում էր հանգուցյալի։ Ես լուսանկարահանումը կատարում էի հանդիպակաց շենքի ձեղնահարկի խորքից՝ վախենալով դուրս հանել օբյեկտիվը։ Ֆերգանան ևս սարսափազդու էր, Կիրգիզիան էլ։

-Էդիկ, մարդիկ երբևէ կդադարե՞ն պատերազմելուց։

-Երբեք, որովհետև, եթե նույնիսկ անմարդաբնակ կղզում լինի ընդամենը երկու մարդ, երկուսն էլ անպայման ինչ-ինչ առիթներով պետք է կռվեն։ Մենք չենք կարող ապրել առանց վիճաբանությունների, միմյանց վարկաբեկելու, կռվելու։ Ես չգիտեմ` ինչ հիմունքներով է առաջնորդվել Աստված` այսպիսին արարելով մարդուն, դրանք նրա «խոհարարական» ուրույն գաղտնիքներն են։ Հնարավոր է, այս կերպ պահպանվո՞ւմ է երկրի վրա մարդկության հավասարակշռությունը, այլապես մեզ համար վաղուց ապրելու ոչ մի տեղ չէր լինի։

Թարգմանեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Հ.Գ.- Ջաֆարովը եղել է աշխարհի 35 թեժ կետերում՝ Իրաք, Իրան, Թբիլիսի, Հարավային Օսիա, Հարավսլավիա, Ղարաբաղ, Չեչնիա… Հազարումի սարսափելի տեսարանների ականատեսն է եղել, սակայն ամենաշատը ցնցվել է, սարսափել ու զարհուրել է իր արյունակիցների դաժանությունից, սադիզմից։ Չգիտեմ, այնժամ, երբ նա իրականության մասին է խոսել, ադրբեջանցի հասարակությունը նրան նո՞ւյնպես սպառնացել է ականջ կտրելով, ինչպես վերջերս գրող Աքրամ Այլիսլիին։

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Բանակ և հասարակություն


14/03/2013