Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մարտի 5-ին գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ խոշոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի հիմնադիր Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձը:

Այդ օրն առանձնակի շուքով սպարապետի տարեդարձը նշվեց նաև փոխգնդապետ Կարեն Ստեփանյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Զորամասի դահլիճում անցկացված միջոցառումը սկսվեց ՀՀ հիմնի` փողային նվագախմբի հնչեցմամբ: Մասնակից զինծառայողները, քաղաքի տարբեր կազմակերպություններից հրավիրված հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը:

Տարեդարձին նվիրված միջոցառումը բացվեց քաղաքի N1 նախակրթարանի սաների (տնօրեն` Սաիդա Ադունց) համերգային կատարումներով: Զինվորական համազգեստով փոքրիկները, դաստիարակ Ասպրամ Մինասյանի և Ռազմելա Մինասյանի մասնակցությամբ, իրենց ուրախ երգերով ու խրոխտ ասմունքով, Սպարապետին նվիրված ձոներով գերեցին ներկաներին` արժանանալով ջերմ ծափահարությունների: Մինչ այդ, Սպարապետի անունը կրող նախակրթարանի սաները հանդիսավոր երթով ծաղիկներ էին դրել հաստատության հուշաքարին:

Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան նաև զորամասի ժամկետային շնորհալի զինծառայողներ Արշակ Նիկողոսյանը և Էմիլ Հարությունյանը:

Միջոցառման հաղորդավար Մարո Դանիելյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը, ցուցադրվեցին դրվագներ Սպարապետի մարտական եւ քաղաքական գործունեությունից: Սպարապետի անմահ հիշատակին երախտիքի սրտաբուխ խոսքեր ասացին մանկագիր, ազատամարտիկի կին Հայկուշ Օհանյանը, նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցը:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ամփոփելով Վազգեն Սարգսյանի պետական, քաղաքական գործչի անցած մարտական փառավոր ուղին, զինծառայողներին կոչ արեց արժանի շարունակողը լինել Սպարապետի մեծ գործերի, մարտական սխրանքների: Միջոցառման ավարտին փոխգնդապետը զորամասի հրամկազմի անունից շնորհակալություն հայտնեց քաղաքի N1 նախակրթարանի սաներին և իրենց իսկ մասնակցությամբ հանդիսությանը ջերմ շունչ ու պայծառ տրամադրություն հաղորդելու համար, ինչպես նաեւ տնօրեն Սաիդա Ադունցին պատվոգիր հանձնեց՝ մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ