Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ



ԽԱՆ/ԲԱՐՍԵՂ ԹԻՐԱՔՅԱՆ/, ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴ, ՍԵՊՈՒՀ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Համաձայն Ա.Ազնավուրյանի վկայության, Խաստուրի կռվում հակառակորդի կորուստները կազմում են, «…բացի վերը հիշյալներից (նկատի ունի Դարվիշ աղային, նրա եղբորն ու երկու որդիներին, որոնք փորձել են խաբեությամբ զինաթափել ֆիդայիներին), Բալուլ փաշայի թոռը, երկու սպայ, երկու հարիւր զինուորներ եւ համիդեաններից մոտ 150 հոգի»:

Հակառակ անվիճելի հաղթանակի և մարտում ձեռք բերած փորձառության, այս անգամ եւս չի իրականանում Երկիր մեկնելու Խանի ու նրա գլխավորած մարտիկների ցանկությունը: Խաստուրի կռվում հայ մարտիկներից կրած պարտությունը թուրքերն ու քրդերը, ինչ խոսք, չէին կարող հանգիստ մարսել և մոռացության մատնել: Գյուղում մնացած փոքրաթիվ խաստուրցիներին թուրքերն ու քրդերը սպանում են, իսկ Խաչատուր վարժապետին, որը հանդգնել էր իր տանն ընդունել և հյուրասիրել ֆիդայիներին, տանում են Բայազետ ու կախաղան բարձրացնում: Քանի որ Երկիր մեկնել արդեն հնարավոր չէր, Խանը մարտախմբով վերադառնում է Կարս և ներկայանալով ՀՅԴ «Ջրաբերդ» կենտ. կոմիտեին, բացատրություն է տալիս Խաստուրում մղած կռվի մասին ու նրա համաձայնությամբ ցրում մարտախումբը: Խաստուրի կռվից հետո Խանը վերադառնում է Բասեն և, զինաթափելով մարտիկներին, զենքերը թաքցնում են Արմատլու գյուղի մոտակայքում գտնվող քարանձավում, որը տարիներ շարունակ ՀՅԴ տեղի կազմակերպության զինապահեստն էր:

Մատնիչների աջակցությամբ հայտնաբերելով թաքստոցը՝ ոստիկանությունը բռնագրավում է մեծ դժվարությամբ ձեռք բերած զենքն ու զինամթերքը: Լուրը անմիջապես տարածվում է ողջ նահանգում, և ռուս ոստիկանական ուժերն ու կոզակներն ավելի են խստացնում հայ հեղափոխական գործիչների որոնումները: Ավելին, ցարական իշխանությունները նահանգի տարածքում մտցնում են զինվորական խստագույն դրություն և հատուկ արտոնագիր չունեցողներին ձերբակալում ու տեղափոխում են Կարսի բերդը: Նահանգում գրեթե բացառվում է մարտական ուժեր կենտրոնացնելու, առավել ևս մարզելու հնարավորությունը:

Խանը մնում է Կարսի շրջանում և Սեբաստացի Մուրադի և Արամայիս Ազնավուրյանի աջակցությամբ պարզում, որ զենքի թաքստոցի մատնիչները ՀՅԴ ենթակոմիտեի այն հինգ անդամներն էին, որոնց վստահել էին զենքերի պահպանությունը:

ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև Խանի, Մուրադի, Սեպուհի, Ավոյի, Կայծակ Առաքելի և այլոց մասնակցությամբ տեղի է ունենում ընկերային խառը ժողով, որը որոշում է. «…միաժամանակ սպանել այդ 5 հոգին, Չրուկ գիւղի Արմատլու շրջանի կոմիտեի անդամները»: Առաջադրանքը հանձնարարվում է Մեշեդի Ավետիսի ղեկավարած հնգյակին: Թեև նահանգում արտակարգ ռազմական դրություն էր հայտարարված, Մեշեդի Ավետիսի խումբը լեռների վրայով կարողանում է անցնել Բասեն և ի կատար ածել ընկերային ժողովի որոշումը: Ահաբեկչական գործողությանը զուգընթաց, ՀՅԴ կենտր. կոմիտեն հայերեն և ռուսերեն տպագրում է թռուցիկներ, որով հայտնում է. «…եթէ զինուորական դրութիւնը չվերացուի, պիտի ձեռնարկուի պետական պաշտոնեաներու ահաբեկում»: Մատնիչների ահաբեկումը և թռուցիկների տարածումը դրական արդյունք է տալիս: «Այս եզակի ահաբեկումը,-նշում է Սեպուհը,- ոչ միայն շրջանին վրայ կազդէ, այլ նոյնիսկ սոսկում կը պատճառէ ռուս պաշտօնեաներուն, որոնք իսկոյն վերջ կուտան զինուորական դրութեան»:

Նահանգի իշխանությունները, գուցեև տեղի տալով սպառնալիքներին կամ առաջնորդվելով միայն իրենց հայտնի ինչ-ինչ նկատառումներով, վերացնում են նահանգի տարածքում հաստատված արտակարգ զինվորական դրությունը և թուլացնում բնակավայրերի ու հաղորդակցության ուղիների վրա սահմանված խիստ հսկողությունը:

Այնուամենայնիվ, Խաստուրի կռվի արդյունքը չէր կարող գոհացուցիչ լինել: Ամենակարևորը. «Շանթի» մարտիկներին նրանց չի հաջողվում կատարել առաջադրանքն ու մեկնել Երկիր: Բնական է, որ համանման իրավիճակում հայդուկի համար, հասկանալի պատճառով, չափազանց դժվար էր խեղդել իր հոգում կուտակված ցավն ու դժգոհությունը և չարտահայտել այն: Վ. Փափազյանը պատմում է, թե ինչպես «Խաստուր»-ի կռվից հետո հայդուկներից մի քանիսը եկել են Ալեքսանդրապոլ և խուժելով ՀՅԴ գրասենյակը՝ շրջապատել ու նրա վրա տեղացել իրենց զայրույթն ու վրդովմունքը. «- Դո՞ւն ես Վահանը… եւ առանց պատասխանի սպասելու, բուռն խօսքերու կարկուտ տեղացին վրաս.- Անօթի, ծարաւ սոխախներու մէջ ենք մնացեր, մէկ չհարցնէ՞ք, չփնտռէ՞ք… Մեռնելու ճամբած ատեննիդ մեղր ու կարագ կուտեցնէիք, ապա ինչո՞ւ մեր սեւ տէրտին ատեն երեսնիդ կը պահէք… Չուր ե՞րբ… ազգութիւնը մեռա՞ւ.. Ընկերութիւն չկա՞յ… յեղափոխութիւն էսպէ՞ս կեղնի…»:

Նույն օրը՝ երեկոյան նրա գրասենյակն է ներխուժում պարթևահասակ հայդուկներից մեկը և սպառնալի ու զայրացած տոնով հարցնում. «-Մեզի դեռ շա՞տ պիտի պահէք հոս. եթե մեր երեսէն կշտացեր էք, մենք շատանց ձեր երեսէն կշտացեր ու կշտացեր ենք…»:

ՀՅԴ Ալեքսանդրապոլի «Քար» կենտր. կոմիտեի գրասենյակը ներխուժած հայդուկը եղել է Հայոց Ազատամարտի ականավոր գործիչ Սեպուհը: Ուշագրավ է Սեպուհի հարցադրմանը Վ. Փափազյանի տված պատասխանը.«-Բայց կուսակցութիւնը դրամ չունի, հասկացիր…»:

Վ. Փափազյանի վերոհիշյալ պատասխանը ակնառու վկայությունն է այն իրողության, որ ուժերի կենտրոնացում և ապստամբական ձեռնարկներ կենսագործելու որոշում ընդունելու պահին ու դրանից հետո ՀՅԴ համար ամենադժվարիններից մեկը եղել ու մնում էր ֆինանսական խնդիրների լուծումը: Թեպետ «Շանթ» մարտախմբին չհաջողվեց կատարել առաջադրանքը, այնուամենայնիվ «Խաստուրի կռիվ»-ը ունեցավ որոշակի նշանակություն. տարածվելով Կարսի բովանդակ նահանգում և նրա սահմաններից դուրս՝ հայ մարտիկների դրսեւորած հերոսականությունը հայությանը մարտական ոգի ներարկելու գործուն միջոց էր…

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Պատմության էջերից


07/03/2013