Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ՈՐ ՏԵԽՆԻԿԱՆ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԼԻՆԻ
…ՈՐ ՏԵԽՆԻԿԱՆ ՄԻՇՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԼԻՆԻ

Փոխգնդապետ Ա. Ավանեսյանը տանկային զորամասի հրամանատարի տեղակալներից մեկն է։ Կեսգիշերին առաջարկեց միասին քայլել, ստուգել հերթապահության կատարման ընթացքը։ Երբ մոտենում էինք դիտակետերին, ես կանգնում էի հեռու, ինքը մոտենում էր առույգ հերթափոխին, խոսում ու վերադառնում։

-Բանակում ամեն ինչ պետք է անձամբ ստուգես, աչքդ պիտի տեսնի, որ համոզվես, չնայած այսքան ժամանակ այստեղ եմ, դեռ իր պոստը լքած, քնած կամ անուշադիր ժամապահ չեմ տեսել։ Մեր տղերքը լավն են, կարգապահ են, հասկանալով են ծառայում,- ասում է, ու թվաց՝ ոչ թե ինձ հետ, այլ ինքն իրեն է խոսում։

Հերթապահության սենյակում սուրճ խմեցինք. ինքը՝ թարմանալու, ես՝ հյուրասիրությունը չմերժելու համար։

-Ուրախությամբ տեղս ջահելներին կզիջեի, կգնայի մանկավարժական աշխատանքի։ Կարոտել եմ, դպրոցում աշխատելու ժամանակ չունեցա։ Մի երկու անգամ խոսքի մեջ ասել եմ հրամանատարին, չի համաձայնում, ասում է՝ վերջացրու։

Փոխգնդապետ Ա. Ավանեսյանը Մարտունու Գիշի գյուղից է: Ավարտել է միջնակարգը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ Երկրորդ կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել է տանկային զորամասում։ 1989թ. զորացրվել է ու հարազատ բուհի աշխատանքների դադարեցման պատճառով ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական համալսարանում, միաժամանակ մասնակցել է շարժմանն ու պաշտպանական կռիվներին։ 1992թ. երիտասարդ մանկավարժն աշխատանքի է անցնում Ննգի միջնակարգ դպրոցում ու գյուղի ինքնապաշտպանական վաշտում նշանակվում նոր ձեռք բերված տանկի նշանառու-օպերատոր։ Պաշտպանական շրջանի ձևավորումից հետո դիպլոմավոր մանկավարժ տանկիստին նախ նշանակում են տանկային վաշտի հրամանատար: 2003-2005թթ. նա սովորում է Ռուսաստանի Դաշնության ակադեմիայում, վերադառնալով՝ նշանակվում է միավորման զրահատանկային ծառայության պետ։ 2009-ից նա տանկային զորամասում է, պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ», երկրորդ աստիճանի, «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, անձնական զենքով, բազմաթիվ այլ պարգևներով։

-Ո՞նց է հաջողվում այդքան տեխնիկան՝ մարտական, ուսումնական տանկեր, այլ զրահատեխնիկա, ավտոմեքենաներ, մշտապես պահել սարքին, մարտունակ վիճակում,- հարցնում եմ փոխգնդապետին։

-Մեր՝ Ղարաբաղի հայերիս կողի, համառության մասին պատմություններ շատ կան, լսած կլինես։ Մի բան թե որոշեցինք, զինվորական տերմինով ասած՝ եթե ինքներս մեր առաջ մի խնդիր դրեցինք, անպայման պիտի կատարենք։ Էդ ուսումնական ասվածն էլ պայմանական է, տեխնիկան լրիվ մարտական է, ուղղակի օգտագործում ենք ուսումնական նպատակներով։ Եթե ասվել է, որ տեխնիկան հարյուր տոկոսով պետք է աշխատունակ լինի, ուրեմն՝ ամեն ինչ պետք է անենք, որ ղեկավարությունը նույն հարցին երկրորդ անգամ չանդրադառնա։ Ունենք ե՛ւ որպես մասնագիտացված արտադրամաս, ե՛ւ որպես շարժական ծառայող արհեստանոցներ, որոնցից վերջինս հարմարեցված է դաշտային պայմաններում գործելու համար։ Գրեթե չկա այնպիսի հարց, որ մեր ուժերով չլուծենք։ Մասնագետները շատ փորձառու նախկին տանկիստներ են և իրենց վարպետությունը հասցրել են կատարելության։ Պարզ է, որ մարդը միայնակ ոչինչ չի կարող անել, ու իմ բախտը բերել է, որ ունեմ ենթասպաներ Դավիթ Խաչատրյանի, Արտիկ Պետրոսյանի, Արսեն Մարտիրոսյանի, շարքային-պայմանագրային Անդրանիկ Բեգլարյանի, բանվոր-ծառայող Հովսեփ Հովսեփյանի պես բարձրակարգ մասնագետներ։ Չէ, չեմ դժգոհում, ես գոհ եմ մեր վարպետներից, սպառազինության ու թիկունքային ծառայության աշխատողներից, համախմբված անում ենք ամեն ինչ, որ մարտական ստորաբաժանումները գործի մեջ որևէ խնդիր չունենան։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ