Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱԿՐԱՎՈՐԸ



Կրտսեր սերժանտ Էմին Լալաբեկյանը ծնվել է Վայքում, 1987-ին։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է սահմանամերձ զորամասերից մեկում։ 2008-ից պայմանագրային զինծառայության է անցել խաղաղապահ բրիգադում՝ կապիտան Մեսրոպ Թովմասյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային վաշտում։ Կարճ ժամանակում աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ ու մասնագիտական բարձր գիտելիքներով, Էմինը սիրվեց զինակիցների ու վաշտի հրամանատարության կողմից և արդեն 2009-ին հայկական խաղաղապահ բրիգադի հետ մեկնեց Կոսովո։ Այստեղ էլ ցուցաբերեց բարձր մարտական պատրաստականություն և ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի հրամանատարության կողմից պարգևատրվեց պատվոգրով և հուշամեդալով, իսկ վերադառնալով հայրենիք արժանացավ բրիգադի հրամանատարության խրախուսանքին։ Պատրաստվածությամբ ու կարգապահությամբ միշտ աչքի ընկնող Էմին Լալաբեկյանը 2012-ին նշանակվեց սակրավորային ջոկի հրամանատար։

Կարճատև զրույցի ընթացքում Էմինն անդրադարձավ բարդ, սակայն իր համար չափազանց հետաքրքիր մասնագիտությանը, իսկ իմ հարցին՝ համաձա՞յն է արդյոք այն մտքին, թե սակրավորը մեկ անգամ է սխալվում, ժպտալով պատասխանեց.

-Ինձ թվում է՝ սակրավորը լիարժեք մասնագիտական գիտելիքների ու պատրաստվածության դեպքում չի կարող սխալվել, ընդհակառակը, հեշտությամբ կխուսափի այդ սխալներից։ Ես ինքս եմ ջոկի տղաների հետ անցկացնում մասնագիտական պարապմունքներ և նրանցից պահանջում եմ չթերանալ, լավ սովորել ու ձեռք բերել հմտություն ու դրանք մշտապես կատարելագործել, իսկ առաջադրանքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Նշենք, որ Էմինն իր աշխատանքը համատեղում է ուսման հետ և զուգահեռաբար սովորում է արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայի ճգնաժամային կառավարման ֆակուլտետում։

Նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով Էմինը 2012-ի սկզբին գործուղվել է Բոսնիա և Հերցոգովինա (Սարաևո), իսկ դրանից շատ չանցած՝ 2012թ. մայիսին խաղաղապահ զորախմբի հետ մեկնել է Աֆղանստան։

Էմինի ջոկի տղաները գովասանքով են խոսում իրենց հրամանատարի ու ընկերոջ մասին, հատկապես նշում են նրա ցուցաբերած ուշադրությունն ու հոգատարությունը ջոկի զինվորների նկատմամբ, ցանկացած հարցով ենթականերին օգնելու պատրաստակամությունը։

Հավելենք, որ ԻՍՎ-ն, որտեղ ծառայում է Էմինը, 2012թ. հրամանատարության կողմից ճանաչվել է որպես լավագույն վաշտ՝ բարձր արդյունքներ ցույց տալով շարային պատրաստությունից և շարային ստուգատեսից։

Ըստ Էմինի՝ վաշտը այդ կոչմանն արժանացել է նաև բարոյահոգեբանական բարձր վիճակի շնորհիվ, քանի որ այնտեղ տիրում է առողջ մթնոլորտ, և կայուն հիմքերի վրա են զինծառայողների փոխհարաբերությունները։ Ընդհանուր հաջողության մեջ իր լուրջ ներդրումն ունի վաշտի հրամանատար, կապիտան Մեսրոպ Թովմասյանը։

ԳԵՎՈՐԳ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
ուսանող

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ազգային բանակ


07/03/2013