Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵՑԻՆ ՆԱԽՆՅԱՑ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ



Հայոց բանակի 21-ամյակին, Վարդանանց նահատակների հիշատակին և Արցախյան հերոսամարտի օրվան նվիրված հանդիսություններից անմասն չմնաց նաև մայրաքաղաքի թիվ 31 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Նաիրա Հակոբյան), որտեղ փետրվարի 22-ին 8-րդ և 9-րդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվեց ռազմամարզական մրցույթ-միջոցառում, որը կազմակերպել էին ռազմագիտության ուսուցիչ, լեյտենանտ Համազասպ Մանուչարյանը, ֆիզկուլտուրայի և պատմության ուսուցչուհիներ Անահիտ Մուրադյանն ու Նարինե Գալստյանը։

Ֆիզկուլտուրայի դահլիճն ամբողջովին համակված էր տոնական տրամադրությամբ։ Ութերորդցիների «Հայոց արծիվներ» և իններորդցիների «Արաքս» թիմերին երկրպագելու էին եկել կրտսեր տարիքի դպրոցականներ, ծնողներ և հյուրեր։

Միջոցառումը սկսվեց հանդիսավոր տողանով։ Օրհներգի հնչյունների ներքո ներս բերվեց հայոց եռագույնը, որից հետո աշակերտների շուրթերից հնչեց «Հայր մերը»։ Մրցույթի մասնակիցները իրենց սրտաբուխ ասմունքի, երգի, փոքրիկ պատում-երկխոսությունների միջոցով դահլիճում ներկա գտնվողներին մեկ անգամ ևս համակեցին մեր նախնյաց փառահեղ հաղթանակների հերոսական շնչով։ Հաղթանակներ, որոնք լուսավորեցին ազգային բանակի ստեղծման ու կազմավորման անչափ դժվարին ճանապարհը։

Ողջունելով իր սաներին` դպրոցի տնօրեն Նաիրա Հակոբյանն ասաց. «Այս մրցույթը ոգու, մտքի, քաջության, հայրենասիրության, գեղեցկության հավաքական դրսևորման տոն է, որում դուք դրսևորելու եք ձեր հմտություններն ու կարողությունները՝ ապացուցելով, որ ձեր երկրի արժանավոր զավակներն եք։ Վարդանանց հերոսները, Արցախյան գոյամարտի մեր քաջերը հանուն այսօրվա, հանուն ձեզ ու մեզ չխնայեցին ոչինչ, անգամ ամենից թանկը՝ իրենց կյանքը։ Ուզում եմ, որ այս խորհուրդը ուղեկից լինի ձեզ ողջ կյանքում»։

«Հայոց արծիվներ» և «Արաքս» թիմերի միջև ծավալվեց թեժ ու համառ պայքար։ Մրցույթում, որ բաղկացած էր երկու մասից՝ պատմական և ռազմամարզական, հաղթեցին ութերորդցիները։ Հաղթող թիմին Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը պարգևատրեց գավաթով։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013