ԽՈՋԱԼՈՒ. ՈՉԽԱՐՆԵՐԸ ԹԱՆԿ ԷԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ
(1992 թվականի փետրվարի 26-ին ազատագրվեց Խոջալուն)
Փետրվարի 28-ին Ադրբեջանում և Թուրքիայում նշում են «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»: Ավելի քան երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում (այժմ` Իվանյան) ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու այլ բնակավայրերում ադրբեջանական հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառած սպանդի, բռնությունների, տեղահանության միջև։ Ոգևորված սեփական մտքի փայլատակումներով,ադրբեջանցիներն ու թուրքերը ավելի առաջ գնացին` «ապացուցելով», որ այդպիսի բան եղել է նաև ոչ վաղ անցյալում` 1918-20 թվականներին, երբ հայերը Բաքվում ու Շուշիում կոտորեցին տասնյակ հազարավոր անմեղ ադրբեջանցիների…
Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խոջալու ավանում։ Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքն ու մոտակա հայկական գյուղերը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։ Այդ օրերի մասին ռուս լրագրող Անժելիկա Չեչինան գրում է.«Հունվարի 21-ից 25-ը ես Ստեփանակերտում էի: Քաղաքում ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ էր ձեռք բերվում, որ ամաչում էիր թեյ խմել: Սննդի կտրոնները իրացնել անհնար էր, խանութները դատարկ էին: Քաղաքում արդեն սովից ուռչելու, մահանալու դեպքեր էին արձանագրվել… Ստեփանակերտը հիշեցնում էր Լենինգրադի բլոկադայի կինոկադրերը…»:
Մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին մինչև ատամները զինված օմօնականների կենտրոնատեղիի` նախօրոք դուրս բերելով խաղաղ բնակչությանը։ Օգտվելով քաղաքի բարենպաստ՝ Ստեփանակերտին մոտ լինելու ռազմավարական դիրքից, ադրբեջանցիներն այստեղից օրական մի քանի հազար արկ էին արձակում Արցախի մայրաքաղաքի վրա` պատճառելով ավերածություններ ու մահ խաղաղ բնակչության շրջանում։
Խոջալուի կրակակետերի վերացումը ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը, գործելով Ժնևի պայմանադրույթներին (կոնվենցիա) համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին հեռանալ քաղաքից` անիմաստ զոհեր չտալու համար։ Այս և Խոջալուի դեպքերին վերաբերող այլ ճշմարտություններ հրապարակելու համար ցայսօր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիկ Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005թ. տպագրած «Ղարաբաղյան օրագիր» նյութում գրում էր. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը, առաջարկում լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Իրենց` խոջալվեցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել:
…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Սակայն Կարկառ գետից այն կողմ տեղանքը հաղթահարելով` փախստականների շարանը բաժանվեց և, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց կամ ավելի ստույգ` ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջևանիկի կողմը… Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները մի կերպ փրկված Խոջալուի բնակիչների փոխարեն հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասուններին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:
Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ` ժողճակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում էլ հայր և որդի Ալիևները, նախ, ուզում էին երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար վարկաբեկել և իշխանությունից հեռացնել Այազ Մութալիբովին, և ապա` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրել հայերին, թե, իբր, նրանք էլ Խոջալուում են սպանդ իրականացրել: Հատկանշական է, որ ադրբեջանցի իրենց եղբայրակիցներին ըստ ամենայնի սատարում էին Թուրքիայի «մարդասեր ու ճշմարտության աչքերին ուղիղ նայող» իշխանությունները:
Մինչդեռ, իրականում ի՞նչ էր տեղի ունեցել Խոջալուում։ Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի 1-ին նախագահ Այազ Մութալիբովի այդ օրերին արտասանած վայրահաչությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Աղդամում տեղակայված ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ են ապակողմնորոշել Խոջալուի բնակիչներին և նահանջող զինվորական խմբավորումներին` նրանց Աղդամի փոխարեն ուղղորդելով իբրև թե արդեն ադրբեջանցիների կողմից վերահսկվող հայկական Նախիջևանիկ գյուղ։
Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհեր` ադրբեջանցիները խուճապահար փախչում են դեպի Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների կողմից։ Այս տարածքը գտնվում է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993 թվականի հուլիսի վերջերը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների առկայությունն այդ տարածքում անհնար էր։
Ահա թե ինչ է գրում 2005 թվականի մարտի 2-ին Բաքվի իր տան մոտ մինչև այսօր չբացահայտված չարագործի ձեռքով գնդակահարված «Մոնիտոր» ամսագրի հիմնադիր խմբագիր, Ադրբեջանում հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը «Մոնիտորում» տպագրված հոդվածներից մեկում.
«Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարին: Ասում են` մեռյալների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, թեեւ լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ։ Բայց կլռենք։ Կլռենք նրա «երկակի» ծնունդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողեց ճողոպրել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում էին ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կողմից կազմակերպված Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին (ընդգծումն իմն է-Ա.Ա.)։ Մի խոսքով` մենք կլռենք… Կլռենք, քանի որ նա մահացած է, իսկ մեռյալների մասին, ինչպես ասացինք, կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»։
1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են այն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ և բանիմացությամբ էին գործում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ֆաշիստական գործողություններում իրենց իսկ մերկացնող փաստաթղթեր ստանան… Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված է եղել, որ հետագայում այդ կադրերը ցուցադրվեն ԳԽ նստաշրջանում, ու ամեն ինչ շուռ տան իմ անձի դեմ: Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ։ Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողած են եղել։ Այդ դեպքում՝ նրանք ինչո՞ւ պետք է կրակեին։ Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային (ադրբեջանական. – Ա.Ա..), որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց»։
Ասվածին հավելենք, որ պատերազմական իրավիճակում, երկու կողմից կատաղի կրակոցների պայմաններում հայերն ինչպե՞ս մտան ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներ, կամ հանուն ի՞նչի կյանքները վտանգեցին ու այլանդակեցին ադրբեջանցիների դիակները։
Փետրվարի վերջին Խոջալուում եւ, հատկապես, Աղդամում ադրբեջանցիները կուտակել էին հսկայական քանակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա ու նաեւ մարդկային ուժ: Ռուս գրող-վերլուծաբան Կ. Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլև, նույնիսկ, սպառնալ Ստեփանակերտին (Կ. Ստոլյարով, «Անկում» Լեռնային Ղարաբաղից մինչեւ Բելովեժյան թավուտ»):
Պատասխանելով «Ռեալնի Ազերբայջան» թերթի թղթակցի հարցերին, թե՝ ինչու՞ Աղդամում տեղակայված ուժերի կողմից ժամանակին օգնություն չցուցաբերվեց Խոջալուին, 1992-ի մարտից 1993-ի փետրվար պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևն ասում է. «Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կային Տ-72 տիպի 12 տանկ, 12 միավոր ՀՄՄ-2, 4 հատ «Գրադ» կայանք, 44 զրահատեխնիկա, 40 հրանոթ եւ 2500 զինվորներ: Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ»: Լրագրողի «ինչու՞» հարցին Ղազիևը պատասխանել է. «Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Իսկ մենք լավ նշանառու ունեինք` ռուս զինվոր Ինչիպիրենկոն: Նա կարող էր «Գրադից» խոցել ցանկացած թիրախ: Պատկերացնու՞մ եք: Հետո պարզվեց, որ «Գրադն» անհետացել է: Չկարողացան գտնել…» (www.realazer.com, 27.05.2005): Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ հայտնված ռազմամթերքը նպատակային կիրառելու դեպքում լիովին կբավարարեր մեկ տարվա լարված մարտական գործողությունների համար («Սովերշեննո սեկրետնո», թիվ 8, 1994):
Զավեշտի է հասնում նաև այն, որ հենց ադրբեջանական աղբյուրները մեկը մյուսին հակասում են, որովհետև առաջին հաղորդագրությունը, որ տարածել են ադրբեջանցիները փետրվարի 26-ի առավոտյան, այն էր, թե Խոջալուում ընդամենը երկու զոհ է եղել, մարտի մեկին արդեն սկսեցին խոսել հազարավոր զոհերի մասին, իսկ մարտի երեքին «որոշվեց», որ նրանց թիվը եղել է 1324 …: Մարդասիրական կազմակերպություններին ուղղված դիմումներում խոսվում է 3000-3500 զոհերի մասին: 1993-ի նոյեմբերի 30-ին նախկին վարչապետ, հետո` ԱԳ նախարար Հ. Հասանովը ԵԱՀԽ (այժմ` ԵԱՀԿ) արտգործնախարարների նիստում հայտարարել է «ավելի քան 800» զոհերի մասին: 1992-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի պատգամավորական քննչական հանձնաժողովը հայտարարեց, որ «ողբերգության ժամանակ Խոջալուում եղել է շուրջ 4000 բնակիչ: Հանձնաժողովի տվյալներով` այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 450, վիրավորվել 400 հոգի, անհետ կորել են մոտ 80-ը, իսկ 20-ը գերի են ընկել» («Իզվեստիա», 14.11.1992):
Ո՞ր տվյալներին հավատաս: Սուտն էլ պետք է տրամաբանված լինի…
Ուշադրության արժանի է նաև կարևոր մի փաստ` Խոջալուի մասին որևէ տեղեկատվության տիրապետողների մեծ մասն այս կամ այն կերպ վերացվել են:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են. մի բան պարզ է՝ Խոջալուի անմեղ զոհերը, որոնց մահվան համար ցավում ենք բոլորս, Ադրբեջանի իշխանություններ-ընդդիմություն կատաղի մրցապայքար-աթոռակռվի հետեւանք են:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից