Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ



2012թ. սեպտեմբերի 10-ին, երբ լրացավ եղբորս` Արայի 18 տարին, սկսվեցին իմ տառապալից օրերը: Ես բնավորությամբ շատ անհանգիստ եմ և անընդհատ մտածում եմ, որ ինչ-որ բան այն չի լինելու: Շատ էի անհանգստանում եղբորս համար, որովհետև շուտով պիտի բանակ գնար:

Հաճախ, երբ ընտանիքի անդամներով հավաքվում էինք, փորձում էինք գուշակել, թե Արան որտեղ կծառայի. նա համոզված էր, որ սահմանային զորամասում: Այդ միտքն ինձ մտահոգում էր, թեեւ քաջ գիտակցում էի՝ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, Հայաստանի ցանկացած զորամասում ծառայող զինվոր պիտի պատրաստ լինի պայքարելու թշնամու դեմ:

Արան զորակոչվեց բանակ նոյեմբերի 25-ին: Նրան ճանապարհելիս հազիվ էի ինձ զսպում, որ չարտասվեմ: Հաջորդ երկու օրերն անցան շատ անհանգիստ, և միայն երրորդ օրը երեկոյան տեղեկացանք, որ Արան ծառայելու է սահմանային զորամասում: Հեռախոսն անջատեցի ու սկսեցի լաց լինել: Նախ պատկերացրի այն հսկայական տարածությունը, որ կար մեր և նրա միջև, եւ որ այնտեղ նա այնքան մոտ է թշնամուն: Եվ երբ սկսեցինք պարբերաբար զրուցել, նրա ոգևորությունը մեզ էլ փոխանցվեց, և մենք էլ հետզհետե թոթափեցինք մեր անհանգստությունը:

♦♦♦
Դեկտեմբերի 27-ին եղբորս երդման արարողությունն էր: Վերջապես տեսնելու էինք նրան, այն միջավայրը, որտեղ նա ապրելու էր երկու տարի: Հակառակ ձմռան ցրտին ու երկար ճանապարհին, ամեն մի ժայռից ու քարից ջերմություն ու հանգստություն էր հորդում:

Երբ եղբայրս երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին, ես ներքին մի մեծ հպարտություն զգացի, որ նա իր փոքր ներդրումն է ունենալու մեր հայրենիքի պաշտպանության մեծ գործում: Եվ հենց այդ վայրկյանին հասկացա, որ ի հեճուկս դժվարությունների, տարածության և կարոտի, իմ եղբայրը` շարքային Արա Զարգարյանը, մյուս բոլոր քաջ ու արի զինվորների նման իր պարտքը կկատարի մեր հայրենիքի առջև և հասուն տղամարդ դարձած կվերադառնա տուն:

Սիրում ու սպասում ենք քեզ ու մեր բոլոր զինվորներին:

ԼԻԼԻԹ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Բանակ և հասարակություն


21/02/2013