Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների թվում առաջնային տեղ է զբաղեցնում դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդումը: Շատ բան է արվել մինչ այժմ, սակայն այսօր էլ խնդիրները ոլորտում քիչ չեն: Ամեն տարի շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ընդլայնված համատեղ նիստերի ընթացքում քննարկում են դրանց վերացման, աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը: Բնականաբար, աշխատանքները չեն սահմանափակվում տարեկան մեկ անգամ արդյունքների ամփոփմամբ: Պարբերաբար ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունենում տեղերում, պարզում ուսումնական գործընթացի արդյունավետությունը, տալիս նոր հանձնարարականներ:

Օրերս նման աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում` Արագածոտնի մարզի բոլոր դպրոցների զինղեկների մասնակցությամբ: Դպրոցի ընտրությունը պատահական չէր. նախորդ տարի այն ճանաչվել էր լավագույնը հանրապետությունում ռազմահայրենասիրական և գեղագիտական դաստիարակության գծով: Իսկ օրեր առաջ դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ինչպես իր խոսքում նշեց տիկին Մովսիսյանը, այս պարգեւը միայն իրենը չէ: Այն դպրոցի ողջ կոլեկտիվի, աշակերտների և նրանց ծնողների համատեղ աշխատանքի գնահատականն է:

Դպրոցի տնօրենը հակիրճ ներկայացրեց վերը նշված ուղղությամբ վերջին տարիներին կրթօջախում կատարված աշխատանքները: Կառուցվել է ռազմամարզական խաղահրապարակ: Վերանորոգվել և կահավորվել են երեք դասասենյակներ, որոնք համալրվել են ոչ միայն ՆԶՊ առարկայի դասավանդման, այլև ընդհանուր ռազմահայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ ուսումնական նյութերով: Երեքն էլ անվանակոչվել են Արցախյան ազատամարտի նվիրյալների անուններով: Բացվել է փառքի սրահ, որտեղ հաջորդաբար ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան պատերազմի, մեր զոհված ազատամարտիկների մասին պատմող նյութեր: Առանձին ներկայացված են ազգային բանակի կայացմանը նպաստած զինվորականները, նաև դպրոցի շրջանավարտ զինծառայողները` սպա և ժամկետային զինվոր: Դասասենյակներից մեկում տեղադրված է «Մենամարտ» համակարգը, որի միջոցով աշակերտները ինքնաձիգից կրակելու հմտություններ են ձեռք բերում: Բոլոր աշխատանքները շարունակական բնույթ են կրում:

Մատնանշելով այս և մի քանի այլ դպրոցներում հաջողված փորձը` ոլորտում առկա թերացումների ու խնդիրների մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է օգնել դպրոցներին ռազմահայրենասիրական ուսուցման բազա ստեղծելու և անհրաժեշտ գրականությամբ ապահովելու գործում: Խմբում ներգրավված են նաև այլ շահագրգիռ կառույցների, մասնավորապես՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Որպես աշխատանքի արդյունավետության ցուցանիշ` գեներալ-լեյտենանտը առաջին հերթին նշեց կրթօջախները ուսումնական զենքով ապահովելու գործընթացը: Նրա խոսքով, եթե 2000թ. զենքով ապահովվածությունը ողջ հանրապետությունում կազմել է 15 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը 79 տոկոս է: Կան մարզեր, որտեղ բոլոր դպրոցները ունեն ուսումնական զենքեր: Մի մասը, սակայն, դեռեւս թերանում է: Օրինակ` նույն Արագածոտնի մարզում իրավիճակը այնքան էլ գոհացուցիչ չէ, քանի որ ուսումնական զենքով ապահովված է դպրոցների ընդամենը 34 տոկոսը: Իհարկե, նման դանդաղկոտությունը չի կարող արդարացված լինել, և գեներալը հանձնարարականներ տվեց աշխատանքներն արագացնելու ուղղությամբ:

Այնուհետև զենքի ստացման ընթացակարգի մասին խոսեց ՀՀ ոստիկանությունը ներկայացնող գնդապետ Տ. Ամիրյանը: Նա նշեց, որ ցանկացած դպրոցում ուսումնական զենքի ստացման առաջնահերթ պայմանը նախեւառաջ համապատասխան տարածքի առկայությունն է: Այն պետք է պահվի անվտանգության ազդանշանային համակարգով համալրված հատուկ սենյակում, ճաղավանդակների ետևում: Նա, ինչպես և գեներալ-լեյտենանտը, տվյալ հարցում հիմնական պատասխանատու համարեց դպրոցների տնօրեններին և զինղեկներին, որոնց անմիջական նախաձեռնությամբ էլ այդ սենյակները պետք է կահավորվեն: Գնդապետը խոսեց նաև հաջորդական մյուս քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են զենքի ստացման համար, պարզաբանեց զենքի թե՛ պահպանման, թե՛ գրանցման և շահագործման հարցերը: Նա վստահեցրեց, որ դպրոցների ուսումնական զենք ստանալու մասին դիմումները արագ ուսումնասիրվում են, և հնարավորինս կարճ ժամանակում դրանց լուծում կտրվի: Նա նաև հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության աշխատակիցները կարող են ամառային արձակուրդների ընթացքում հավաքել զենքերը և պահել ոստիկանական բաժանմունքների զինանոցներում` վերահսկողության բացակայության պատճառով անցանկալի միջադեպերից խուսափելու համար:

Տարբեր աշխատանքային հարցեր քննարկելուց հետո գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը Արագածոտնի մարզի մի շարք զինղեկների հանձնեց պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարը` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Բանակ և հասարակություն


21/02/2013