Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՊԵՐԻ ՀՈՂԻՑ` ՄԻ ՄԱՍՆԻԿ…



1988-ից հետո Հայաստան աշխարհի սահմանամերձ գոտիներում, Արցախում իրավիճակը կտրուկ սրվեց։ Վտանգված էր հող հայրենին։ Օրհասական այս պահին սփյուռքահայ շատ երիտասարդներ միացան համազգային պայքարին՝ հոգու խորքում հավատալով, փափագելով, որ մի օր էլ իրենց ծնողների կորցրած բնօրրանը կազատագրեն, և որ Ղարաբաղը սկիզբն է միայն…

Կիվորկ Սիմոնյանը ծնվել է Սիրիայի Հանրապետության Քամիշլի քաղաքում։ Սասունցի Սարքիս և Մարիամ Սիմոնյանների 11-րդ զավակն է, ամենափոքրը։ Դեռ մանկության տարիներից Կիվորկին հուզում էր, թե ինչու են իրենք օտար հողում ապրում, և որն է վերջապես իրենց հայրենիքը։ Օտար միջավայրի և բարքերի մեջ ծնողներն անում էին հնարավորը, որ իրենց զավակները հայեցի ու հայաշունչ դաստիարակվեն։

1987թ. Կիվորկը ուսանելու նպատակով գալիս է Հայաստան և ընդունվում Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտ։ Ուսումնառության տարիները համընկան ազգային զարթոնքի հետ։ Սկզբում ուսանողների հետ ակտիվորեն մասնակցում էր ցույցերին, բայց հետո հորեղբոր որդիների, թոռների հետ զինվորագրվեց։ Ինքը հորեղբոր որդու՝ Վազգենի հետ Մոնթեի ջոկատում էր կռվում (հետո Արամ Անդրեասյանի հետ միացավ «Արաբկիր» կամավորական ջոկատին)։ Ծնողները ողջունեցին իրենց որդու որոշումը՝ հայրենիքի ազատության համար պայքարից ավելի վեհ գաղափար չկա, օտարի հողը որքան էլ լավը լինի, միևնույն է՝ հայրենիք չի դառնա՝ «Մարդ կըրնա հաց չունենալ, բայց հայրենիք պիտի ունենա»։

1992-94թթ. Կիվորկը մասնակցում է մեր սահմանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. Մեծ Շեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Թալիշ, Մատաղիս, Ճարտար, Մարզիլու… Անուններ, որ մինչ այդ չէր էլ լսել սիրիահայ երիտասարդը, անուններ, որ այժմ այնքան թանկ ու հարազատ են իրեն. ամեն միլիմետր հողի վրա իր ընկերների արյունն է։ Պատերազմական ապրած ամեն մի օրը մի ամբողջ կյանքի է համահավասար, մի ամբողջ կյանքի ցավ ու տառապանք, մահ ու տրտմություն, կորուստ… Ինչքա՜ն ընկերներ կորցրեց՝ թանկ ու հարազատ։ Հիշում է բանգլադեշցի Գագոյին, վիրավոր էր, ո՜նց փրկեցին, մեքենայի նստատեղին վիրավոր ընկերոջ արյան հետքերը այդպես էլ չմաքրեց։ «Դուք իմ երկրորդ ծնողն եք, ինձ երկրորդ շունչ տվողը»՝ կատակով ասում էր Գագոն, որ հետո զոհվեց դաժան կռիվներից մեկի ժամանակ…

Պատերազմի ծանր հարվածներից մեկն էլ հորեղբոր որդու՝ Ղազարի մահն էր, ցավագին կորուստ էր Մոնթեի մահը։ Ուղղաթիռով Մոնթեի անշնչացած մարմինն էին տեղափոխում Երևան, իսկ ինքը Մոնթեի գլխավերևում նստած` կռիվ էր տալիս մտքերի հետ՝ Մոնթեն ասք ու առասպել էր, քայլող լեգենդ, ինքը կարծել էր՝ Մոնթեն մահ չունի:

Մոնթեն անմահ է, հերոս…

«Էս կռվին մասնակցող ամեն մեկը հերոս էր, ամեն մեկը իր սիրտը, հոգին, կյանքը նվիրեց, որ տիեզերքի մեջ մեզ բաժին մնացած այս մի բուռ հողն էլ չկորցնենք, ասում է Կիվորկը ու շարունակում: -Պատերազմը մեծ դաս էր։ Մենք մեզնից թոթափեցինք պարտվողի, խեղճի հոգեբանությունը։ Մենք թուրքին և ադրբեջանցուն ապացուցեցինք, որ հայը սեփական հողը այլևս երբեք չի թողնի թշնամու կրնկի տակ՝ կպայքարի, կկռվի, կզոհվի, բայց զավակներին կժառանգի ազատ հող ու հայրենիք։ Ափսոսում եմ, որ քիչ արեցինք, ավելին կարող էինք անել։ Կարևորը հաղթեցինք։ Մեկ-մեկ զարմանում եմ՝ Ադրբեջանը պարտված լինելով՝ ավելի շատ հերոսներ ունի, քան մենք, թեև իրենց հերոսներին էլ գիտենք, միայն Ռամիլ Սաֆարովի օրինակը բավական է պատկերացում կազմելու մեր թշնամու հերոսական կերպարների մասին…»:

♦♦♦

Կիվորկ Սիմոնյանը տարվել է հիշողություններով, նորից վերապրում է պատերազմական օրերի տարբեր դրվագները, մեկ ժպտում, մեկ թախծում։ Սփյուռքահայերը Ղարաբաղում հաճախ էին լեզվական տարբերությունների պատճառով զվարճալի իրավիճակներում հայտնվում։ Կիվորկը ծիծաղում է՝ դեպք է հիշել. «Մոնթեն տղերքին ասում էր՝ ավտոմատը ձգե (թողնել), տղերքը հասկանում էին ձգանը քաշի, ձգի, ու կրակում էին»։

«Տեղի բնակիչներից մեկն էլ ինձ նուռ է ցույց տալիս ու հարցնում.

-Գրանատ, նուռ գիտե՞ս ինչ է։

Կատակով որոշում եմ միամիտ ձևանալ.

-Չեմ գիտեր, գրանատ պայթուցի՞կ է։

-Չէ՛, այ մարդ, միրգ է,- ասում է ու նուռը պարզում ինձ։ Ու ես էլ դերիս մեջ լիիրավ մտած` հենց կեղևով կծում եմ նուռը՝ ասես ոչ տեսել եմ, ոչ լսել…»:

♦♦♦

«Պատերազմի տարիներին ինձ Հիսուս էին ասում, երևի շեկ մորուքիս պատճառով։ Ես Աստծո ամենահաս զորությանը շատ եմ հավատում։ Պատերազմում մեռնելու հավանականությունն ավելի շատ է, քան ապրելու։ Բայց ապրեցի… Մեքենայով արագ սլանում էի, ներքին մի ձայն ինձ հուշեց՝ կանգ առ։ Ես հլու կանգ առա, ու հենց այդ պահին մեքենայի առջևով նռնակն անցավ։ Թշնամին գերազանց հաշվարկ էր արել։ Եթե այդ պահին մեքենան կանգ առած չլիներ, ես էլ չէի լինի…»։

♦♦♦

Պատերազմն ավարտվեց։ Կյանքը կամաց-կամաց ընկավ իր առօրյա հունի մեջ։ Կիվորկը որոշեց մնալ Հայաստանում՝ հայրենիքում։ Ամուսնացավ, հրաշալի կին ունի, որը հայկական պարի գաղտնիքներն ու հմայքն է բացում երեխաների առաջ։ Չորս զավակ ունի Կիվորկը ու չորս անչափահաս զավակների հետ վարձով ապրում է։ «Ինձ հաճախ են հարցնում՝ չե՞ս փոշմանել, չե՞ս ափսոսում արածիդ համար։ Զարմանում եմ. ես ինչ արել եմ, իմ հողի, իմ հայրենիքի համար եմ արել ու հպարտ եմ, որ թեև փոքր լումայով, թեև մի քիչ, բայց պապերիս հողից մի մասնիկ եմ ազատագրել… Եվ թող փոշմանեն ու ափսոսան նրանք, ովքեր կարող էին ու կարող են, բայց ոչինչ չեն արել ու չեն անում հայրենիքի համար»։

«Ես այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու». որքան դիպուկ ու բնորոշ են հնչում Մոնթեի այս խոսքերը Կիվորկի համար։

Մենք դեռ երկար-երկար զրուցում ենք ամեն ինչից՝ ծուռ ու շիտակ էս աշխարհից, փոքր Հայաստանի մեծ խնդիրներից, հայրենիքի մեջ երբեմն քեզ օտար զգալուց: Խոսում ենք մեր միասնականության պակասից, որ շատ հաճախ է խանգարել մեզ։ Խոսում ենք նաև Սիրիայի այսօրվա վիճակի ու սիրիահայության առջև ծառացած խնդիրներից։ Ու ամեն հատիկ բառի մեջ զգում եմ մտահոգությունն ու ցավը։

Կիվորկ Սիմոնյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», «Մայրության երախտագիտություն» մեդալներով, Հայոց ցեղասպանության 95-ամյակի «Ավետիս Ահարոնյան» I աստիճանի հոբելյանական հուշամեդալով, «ԱՎՄ» կրծքանշաններով և բազմաթիվ պատվոգրերով։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ.- Լավատես եմ, հավատում եմ, որ Կիվորկ Սիմոնյանը հայրենիքում մի օր իր սեփական տունն է ունենալու:

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ճակատագրեր


21/02/2013