Հայերեն | На русском | In English
«Նույնիսկ իր ողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու դեպքում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին եւ հայկական բանակին։ Այդ տարածաշրջանի դիրքն ամեն ինչով նպաստավոր է հենց հայկական կողմի համար»,- հատվածը մեջբերված է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսի զեկույցից, որը սկանդալային հայտնի «Wikileaks» կայքի վերջին հրապարակումներից է։
«Wikileaks»-ը գրում է, որ ԱՄՆ-ի բազմաթիվ ռազմական փորձագետների, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի մեկ այլ դեսպան Ռոս Վիլսոնի (եղել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան 2000-2003թթ.) վերլուծությունները նույնպես համընկնում են Էն Դերսի կարծիքի հետ։
Դրանցում, մասնավորապես, ասվում է. «Իլհամ Ալիեւը չարաչար սխալվում է, երբ հանրության առջեւ հաճախակի կրկնում է, թե Ադրբեջանն ի վիճակի է հաջող կերպով ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղը գրավելու իր ռազմական գործողությունները։ Գոյություն ունեցող իրականությանը տեղյակ ցանկացած բանական ադրբեջանցի պետք է հասկանա, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է դիմի պատերազմական գործողությունների։ Նույնիսկ ամենաբարենպաստ ռազմական դաշտում ադրբեջանցիները շատ ավելի կորուստներ կունենան, քան նախկինում էր»,- եզրահանգում են ԱՄՆ ռազմական փորձագետները։