Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է…



ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։ Մեկ տարի անց, 1991թ., միայն Ստեփանակերտում ջոկատների միավորումից արդեն ստեղծվել էին տասից ավելի վաշտեր, որոնց միասնական գործունեությամբ էլ կազմավորվեց կենտրոնական պաշտպանական շրջանը։ ԿՊՇ վաշտերը 1991-92թթ. հաջողությամբ մասնակցեցին ԼՂՀ տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր մարտական գործողություններին։

1992թ. սեպտեմբերի 29-ին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շինարարության կազմակերպման հաստիքային նոր կառուցվածքի անցնելու մասին» հրամանով առաջին միավորումից ստեղծվում է առաջին մոտոհրաձգային գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Հենրիխ Շահենի Հակոբյանը, չորրորդ վաշտի, «Տիկոյի դասակի», «Ամարաս» և «Վրեժ» խմբերի, «Վադո», «Շահեն», «Բորյա» դասակների միավորումից՝ 2-րդ ՄՀԳ-ն, հրամանատար է նշանակվում Գագիկ Նիկոլայի Սարգսյանը, 3-րդ, 6-րդ և 7-րդ վաշտերի միավորումից՝ 3-րդ ՄՀԳ-ն՝ Սամվել Վլադիմիրի Հարությունյանի հրամանատարությամբ։ Գումարտակների կազմավորման գործընթացով ստեղծվում է զորամաս, որի հրամանատարությունն ստանձնում է Սամվել Ջամիլի Կարապետյանը։ 1992-93թթ. ԿՊՇ-ի ստորաբաժանումները մասնակցում են Արցախի արևելյան և հարավային շրջանների, մասնավորապես՝ Աղդամի, Հադրութի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, այնուհետև Քելբաջարի ու Մարտակերտի, 1994-ին Հորադիզի, Մարտակերտի, իսկ 1994-ին՝ Հորադիզի, Մարտակերտի և Օմարի ուղղություններում հակառակորդի խմբավորումների ու կրակակետերի ոչնչացման գործողություններին։

ԿՊՇ մարտական հարուստ ուղին հնարավոր չէ լրագրային մեկ հոդվածում ամբողջովին ներկայացնել։ Միայն նշենք, որ այս զորամասի ստորաբաժանումները ազատագրել են 27 հայկական բնակավայրեր, ոչնչացրել հակառակորդի 60 ռազմական հենակետեր։

Հայրենիքի համար անձնազոհաբար մարտնչած տասնյակ զինծառայողներ արժանացել են առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների, իսկ Յուրի Վանիկի Պողոսյանին շնորհվել է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսի կոչում, Աշոտ Հմայակի Ղուլյանին և առաջին հրամանատար Սամվել Ջամիլի Կարապետյանին՝ ԼՂՀ Ազգային հերոսի կոչում։

2005թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամասի անձնակազմի ցուցակներում հավերժ ընդգրկվել են Աշոտ Ղուլյանի, Արգամ Սերգեյի Հարությունյանի, Արթուր Միքայելի Օհանյանի, Յուրի Պողոսյանի, Սերգո Լևոնի Դադասյանի, Վահան Յուրիի Ղարիբյանի, Ալեքսանդր Գեորգիի Գասպարյանի, Սամվել Վլադիմիրի Հարությունյանի, Արարատ Եգորի Ղազարյանի, Վիգեն Գարեգինի Սողոմոնյանի, Էրիկ Աբրիկի Հարությունյանի և Արսեն Վարդգեսի Ղազարյանի անունները։ Զորամասի գումարտակներում ստեղծված են հիշատակի սրահներ, որոնցում ներկայացված են բոլոր զոհվածների լուսանկարները։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ ԵՒ ԿՊՇ ԱՌՕՐՅԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը զորամասի հրամանատարի տեղակալ է։ Նա սկզբից մինչև վերջ մասնակցել է ազատագրական պատերազմին, պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Զրույցի սկզբում նրան խնդրեցի անդրադառնալ Ադրբեջանի` անընդհատ սպառազինվելու և պատերազմը վերսկսելու սպառնալիքներին։ Տալով իրավիճակի իր գնահատականը` նա ասաց.

-Մեզ համար նորություն չեն ադրբեջանական զեղծարարությունները։ Նրանք կա՛մ «յուրացնում», իրենցն են համարում հարևան ժողովուրդների պատմությունն ու մշակութային արժեքները, կա՛մ ոչնչացնում են դրանք։ Ասածներիս ամենաթարմ օրինակը Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումն էր։ Այն կատարվեց մեր օրերում, ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Իսկ Եվրոպայի կենտրոնում կացնով ուրիշ երկրի քաղաքացուն, սպային քնած ժամանակ սպանելու փաստն ընդհանրացնում է ադրբեջանցու կերպարը։ Հարյուր տարի առաջ բոլշևիկներն Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով կցեցին Ադրբեջանին՝ հաշվի առնելով նավթի գործոնը։ Հարյուր տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Այսօր էլ նրանք նույնն են ասում. «Նավթ ունենք, հարուստ ենք, Արցախը տվեք մեզ»։ Որքան էլ նրանք հարուստ լինեն, մենք թույլ չենք տա, որ մեր նկատմամբ առավելություն ունենան։ Սկսած 1988-ից՝ Ադրբեջանում ղեկավարի (նախագահի) փոփոխությունները կատարվել են ռազմաճակատներում կրած պարտություններից հետո: Հեյդար Ալիևն էլ կտապալվեր, եթե 1994-ի մայիսին չհրաժարվեր Արցախը ռազմական ճանապարհով նվաճելու ծրագրից։ Այս ամենից անտեղյակ չեն Բաքվի այսօրվա իշխանավորները, Իլհամ Ալիևը։ Նրանք լավ գիտեն, որ պատերազմի դեպքում խաթարվելու է նավթային դոլարների յուրացման ընթացքը։ Պարզապես ձգտում են իրենց հեղինակությունն իրենց ժողովրդի աչքում բարձրացնել՝ խաչքարերը ջարդելով, Սաֆարովին հերոսացնելով, պատերազմ սկսելու սպառնալիքով, հայի կերպարը ճիշտ ներկայացնող գրողին՝ Աքրամ Այլիսիին հալածելով… Մենք նրանց հայտարարությունները չենք կարևորում, մեր գործն ենք անում, ամեն օր, ամեն ժամ բարձրացնում ենք մեր զինծառայողների մարտունակությունը և պատրաստվում պատերազմի։ Կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, մենք այդ մասին չենք մտածում, այլ բարեխղճորեն կատարելագործում ենք մեր զինվորների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

-Պարոն փոխգնդապետ, ԿՊՇ-ն երկու տարի անընդմեջ մոտոհրաձգային զորամասերի մեջ ճանաչվում է լավագույնը։ Ենթադրում եմ, որ ինչպես 2011-ին, այնպես էլ 2012-ին շատ հաջող «քննություններ» եք հանձնել։

-Այո՛, անպայման։ 2012թ. առաջին ուսումնական փուլում, այսինքն՝ ձմռան ընթացքում, գումարտակներից մեկն անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական, ցուցադրական զորավարժություն, որը ղեկավարում էր անձամբ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Նա գոհ մնաց ստորաբաժանումների ցույց տված արդյունքներից, սպաների` մարտը վարելու ունակություններից։ Այնուհետև նախապատրաստվեցինք և անցկացրինք հայտնի զորահանդեսը` նվիրված պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին, Հայրենական մեծ պատերազմի 67-րդ տարեդարձին։ Ամռան ընթացքում անցկացրինք մի շարք վաշտային զորավարժություններ, որոնց ընթացքում կատարվեցին ջոկերի, վաշտերի ներդաշնակումներ։ Հոկտեմբեր ամսին տեղի ունեցած համաբանակային ռազմավարական զորավարժությունը նույնպես շատ կազմակերպված էր, որն ավարտվեց խոշորածավալ մարտավարական զորավարժությամբ։ Նախադեպը չունեցող այս զորավարժության ժամանակ, որին, մեզնից բացի, մասնակցում էին տանկային և էլի ուրիշ զորամասեր, անթիվ-անհամար թիրախները վայրկյանների ընթացքում ոչնչացվեցին։ Կրակայինից «գերազանց» գնահատականների արժանացան հրետանահաուբիցային ինքնագնաց մարտկոցները, մոտոհրաձգային գումարտակները, զենիթային մարտկոցը։ «Լավ» գնահատականներ ստացան դեսանտայինները, որոնք հրաձգությունը կատարում էին ընթացքից։ «Գերազանց» գնահատականների արժանացան նաև մեր տանկային վաշտերը։ Զորավարժության ընթացքում մարտական կիրառման շրջաններում իրականացրինք նաև կապի ընդլայնման, ինժեներական կառավարման և այլ աշխատանքներ։ 2012-ի երկրորդ ուսումնական փուլի ընթացքում մեր զինծառայողները պաշտպանական շրջաններից մեկում շուրջ երկու ամիս կատարեցին մարտական հերթապահություն։ Ուսումնական տարվա երկրորդ փուլում ևս անցկացրինք զորավարժություններ վաշտերի կազմերով։ Ընդհանրապես, ուսումնական տարվա ծրագիրը կատարում ենք այնպես, որ յուրաքանչյուր զինծառայող, յուրաքանչյուր ստորաբաժանում մասնակցի 2-3 զորավարժության։

-Զորամասն ինչպե՞ս է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։

-Աշխատանքները երբեք չեն դադարում։ Ռազմական տեխնիկան միշտ սպասարկման պահանջ է ունենում։ Ստորաբաժանումները համալրվել են։ Շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքները միշտ անցկացվել և անցկացվում են։ Նախապատրաստությունը նոր ուսումնական տարվան կատարվեց հաստատված պլանի համաձայն։ Մեծ աշխատանք ենք տարել կրտսեր հրամանատարական կազմի հետ։ Հունվարի 12-18-ը նախապատրաստական հավաք անցկացվեց, որը ղեկավարում էր անձամբ բանակի հրամանատարը։ Այդ միջոցառմանը մասնակցում էին զորամասերի հրամանատարները և նրանց տեղակալները։ Կարծում եմ՝ լավ ենք պատրաստվել և ուսումնական փուլի ընթացքում խնդիրներ չենք ունենա։ Մենք ունենք հարմարավետ բազա, և ինչպես կրակային պատրաստությունը, այնպես էլ մեքենավարումը, մարտական տեխնիկայից հրաձգությունը կատարվում են ժամանակին և այնքան, որքան պետք է։ Սահմանափակումներ չկան։

-Ուսումնական տարվա ընթացքում ո՞ր ստորաբաժանումներն են ցույց տվել առավել բարձր արդյունքներ։

-Գումարտակների մեջ լավագույնը փոխգնդապետ Վահագն Դոլունցի հրամանատարությամբ գործող գումարտակն է։ Վաշտերից՝ Արթուր Ղուլյանի հրամանատարությամբ գործող վաշտը։ Նա Աշոտ Ղուլյանի որդին է, շատ լավ է ծառայում։ Բարձր արդյունքներ են ցույց տվել ավագ լեյտենանտ Հայկ Խաչատրյանի հրամանատարությամբ գործող վաշտը, կապիտան Արայիկ Աբաղյանի հրամանատարությամբ գործող վաշտը, ավագ լեյտենանտ Արթուր Ավանեսյանի հրամանատարությամբ գործող մարտկոցը եւ կապիտան Արմեն Ոսկանյանի հրամանատարությամբ գործող մարտկոցը, որն ընդհանրապես լավագույնն է բանակի նմանատիպ ստորաբաժանումների շարքում։

-Փաստորեն, լավագույնները երիտասարդ սպաներն են, մինչդեռ հայտնի է, որ մեծ թիվ են կազմում ազատամարտի մասնակից սպաները։ Ի՞նչ դեր ու ավանդ ունեն նրանք երիտասարդ զինվորականների դաստիարակության, մասնագիտական գիտելիքների զարգացման գործում։

-Երիտասարդներն ուժեղ են, որովհետև հենվում են ավագ ընկերների, պատերազմի մասնակից սպաների փորձի վրա, օգտագործում են նրանց գիտելիքները։ Նրանք այն սպաներն են, ովքեր արիության դասեր են տալիս երիտասարդ սերնդին, ներկայացնում են ավագ սերնդի այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր հայրենիքի այս սուրբ հողակտորի, այսօրվա խաղաղության համար։ Նրանք այն տղաներն են, ովքեր լավ գիտեն, թե ինչ ասել է ադրբեջանցի զինվորը, և ինչ արժեք ունեն նրանց հոխորտանքները։

Զինծառայողների և մարտական պատրաստականության մասին` հաջորդիվ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/02/2013