Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԾՆՈՒՆԴԸ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԾՆՈՒՆԴԸ

Շարունակվում են հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ Կոտայքի մարզի «Լուսաբաց» համալիրում վերջերս տեղի ունեցավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության մարզային կառույցի անդամների հանդիպումը։ Պատերազմական օրերի հերոսական ու նաև տխուր պատմություններ, որոնք վերհիշում, պատմում էին մարտական ընկերները։ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը, շնորհավորելով իր զինակից ընկերներին բանակի տարեդարձի առթիվ, ասաց.

-Դուք այն տղաներն եք, այն ազատամարտիկներն ու սպաները, որ առաջին գծում հերոսաբար մարտնչեցիք ոսոխի դեմ, և ձեր առողջության, ձեր ընկերների կյանքի գնով պաշտպանեցիք հայրենիքը, սատարեցիք մեր բանակի ծննդյանը։ Ինձ համար պատիվ է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանձնարարությամբ շնորհավորանքի խոսք ուղղել ձեզ և հանձնել կառավարական և գերատեսչական մեդալներ։ Շնորհակալ ենք պարոն Գ.Ծառուկյանին այս միջոցառումը հովանավորելու համար։

Շնորհավորանքի և շնորհակալական խոսք ասաց նաև Կոտայքի մարզի կառույցի ղեկավար, պահեստի գնդապետ Կիմ Գիլոյանը։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների նախագահներ՝ Մարգարիտա Խաչատրյան («Զինվոր» համակարգող խորհուրդ), Միքայել Ապրեսյան («Թալիշի պաշտպան»), Գոհար Արմենակյան («Զինվորի պաշտպան»), որոնք նույնպես շնորհավորեցին ազատամարտիկներին և հանձնեցին ՀԿ-ի մեդալներ և պատվոգրեր։ Արցախից իր շնորհավորանքի խոսքն ասաց այս կազմակերպության հիմնադիր Արկադի Կարապետյանը։ Մասնակցում էին նաև պահեստի գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, գնդապետներ Գուրգեն Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը, Կարեն Ավանեսյանը, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ Թովմաս Պողոսյանը, աշուղ Ռազմարը, երգչուհի Մադլենա Ասրյանը, ասմունքող Հերմինե Պետրոսյանը։ Միջոցառմանը հայրենասիրական երգերով հանդես եկավ Սպայի տան «Զորական» համույթը՝ մայոր Արամ Գալստյանի գեղարվեստական ղեկավարությամբ։