Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ



Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը և զինված ուժերի բարձրագույն սպայակազմը:

Նիստում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղիները, անդրադարձել համապետական զորավարժությունների անցկացման նպատակներին, եղանակներին ու արձանագրված արդյունքներին:

Պաշտպանության նախարարը հանգամանորեն անդրադարձել է նաև զորավարժությունների անցկացման առանձին փուլերին և դրանց իրականացմանը ներգրավված մարմինների աշխատակարգին` սկսած ազդարարումից, մարտական խնդիրների ստացումից ու վերլուծությունից, մինչև որոշումների ընդունումը և իրագործումը, ներկայացրել է զորավարժությունների ժամանակ բարձր ֆունկցիոնալ պատրաստվածությամբ ու կատարողական վարպետությամբ աչքի ընկած գերատեսչություններին:

Ընդլայնված նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/01/2013