Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

2010թ. ազգային բանակում լավագույն քիմիական զորամասի պատվո դրոշին արժանացավ փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Իրադարձությունը ոգեւորել է ինչպես հրամանատարին, այնպես էլ մյուս սպաներին, ենթասպաներին ու զինվորներին, որոնք այժմ սովորում, նոր ուսումնական տարվա կարեւոր քննություններին նախապատրաստվում են կրկնապատկված եռանդով։ Մինչ ուսումնական կետերում ու լսարանում պարապմունքներ էին ընթանում, հրամանատարը համառոտ ներկայացրեց անցած տարվա կարեւոր իրադարձությունները եւ հաջողության նախադրյալները.
-Ունեցել ենք մեկ ճամբարային հավաք եւ երեք կարեւոր զորավարժություն։ Ամենակարեւոր եւ հիշարժան իրադարձությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած «Արմենիա-2010» փրկարարական կազմակերպությունների զորավարժությունն էր։ Հիշեցնեմ, որ մեր երկրից այդ ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, որոնց կազմում էլ ընդգրկված էին մեր զորամասի մարտական հաշվարկները, որոնք չափազանց լավ կատարեցին իրենց առաջադրանքները եւ արժանացան զորավարժության ղեկավարության բարձր գնահատականին, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը միջնորդությամբ դիմեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խրախուսելու մեր զորամասի առավել աչքի ընկած զինվորներին։
Բավական լավ հանձնեցինք տարեվերջյան ամփոփիչ քննությունները, հատկապես բարձր արդյունքներ գրանցվեցին մասնագիտական առարկաներից, ինչպես նաեւ ֆիզիկական, կրակային պատրաստությունից, զինվորական տեխնիկայի շահագործումից։ Այստեղ իմ հրամանատարության շրջանում, փաստորեն վերջին մեկ տարում, լուրջ առաջընթաց ենք ունեցել ծառայողական կարգապահության ամրապնդման ուղղությամբ, բարձրացել է պատասխանատվությունը ուսման, հանձնարարված առաջադրանքների եւ պարտականությունների կատարման նկատմամբ։ 2009թ. համեմատությամբ խրախուսանքները կրկնապատկվել են, իսկ տույժեր չկան։ Կայազորի տարածքում մեր զինծառայողների կողմից նույնպես խախտումներ չեն եղել, ինչի մասին տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ նշեցին տարածքային ոստիկանապետը եւ զինվորական դատախազը։ Ինչպես գիտեք՝ պատվո դրոշի հետ միասին անձնակազմը պարգեւատրվել է նաեւ դրամական պարգեւով։ Այդ գումարով մենք խրախուսել ենք շուրջ 30 զինծառայողի, պարգեւատրվել են նաեւ այն սպաներն ու ենթասպաները, որոնք անձնակազմ չունեն, բայց իրենց պարտականությունները շատ լավ են կատարում։
Մարտական, այսինքն՝ հետեւանքների վերացման ստորաբաժանումներից բացի, մենք ունենք ուսումնական դասակ եւ կրտսեր հրամանատարներ, մասնագետներ ենք պատրաստում ոչ միայն մեր, այլ նաեւ մյուս զորամասերի համար, ամեն ինչ անում ենք, որ մեր պատրաստած կադրերից դժգոհություններ չլինեն։ Ընթացիկ տարին սկսել ենք հաջողությամբ։ Ուսումնական գործընթացը շարունակվում է բնական հունով։ Տեսական եւ գործնական պարապմունքներն անցկացվում են հաստատված ծրագրով։ Ժամանակը թանկ է, այն պետք է լավ օգտագործենք, որպեսզի մարտական պատրաստության նոր, ավելի բարձր որակ ապահովենք։ Այսօրվանից պետք է մտածենք սպասվող զորավարժությունների մասին։ Գաղտնիք չէ, որ հաջողությունը ձեռք է բերվում ինչպես կոլեկտիվի, զինվորական ստորաբաժանման միահամուռ, այնպես էլ անհատների ներդրած ջանքերի միջոցով։ Տարեվերջին այլ զորամասեր են տեղափոխվել մեր լավագույն սպաներից մի քանիսը, որոնց պարտականությունները դրել ենք ավելի երիտասարդների վրա, միաժամանակ հույս ունենք, որ մի քանի ամսից մեր սպայակազմը կհամալրեն Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներն ավարտած երիտասարդ սպաները։ Ես որպես հրամանատար շատ եմ կարեւորում մասնագիտական կրթություն ստացած երիտասարդ սպաների դերը, եւ նրանք, բարեբախտաբար, իրենց շատ լավ են դրսեւորում։ Անցած ուսումնական տարվա հաջողության եւ ընդհանրապես զորամասի առաջադիմության գործում իրենց վաստակն ունեն մայորներ Խ. Գաբրիելյանը, Է. Շիրինյանը, Հ. Մուսայելյանը, Մ. Մարգարյանը, ավագ լեյտենանտներ Ա. Աբգարյանը, Ռ. Փնջոյանը, ենթասպաներ Հ. Գեւորգյանը, Ռ. Ալեքսանյանը, Կ. Զիրոյանը,- ասաց հրամանատար փոխգնդապետ Մհեր Վարդանյանը։
♦♦♦
Հրամանատարն առանձնահատուկ հոգատար վերաբերմունք ունի զինվորների եւ երիտասարդ սպաների նկատմամբ։ Ժամանակին հենց իր նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք է դրսեւորել լուսահոգի գնդապետ Հովհաննես Ազոյանը։ Տասնմեկ ամսականում զրկվելով ծնողներից Մ. Վարդանյանը մեծացել է պապ ու տատի խնամակալությամբ։ 1994թ. քսանմեկ տարեկանում նա արդեն ամուսնացել էր եւ ուներ մեկուկես տարեկան աղջիկ (տղան ավելի ուշ ծնվեց), երբ նրան կանչեցին զինկոմիսարիատ եւ հայտնեցին, որ օրենքի մեջ փոփոխություն է կատարվել, եւ ինքը պետք է մեկնի ծառայության։ Հաջորդ օրն էլ նա զորակոչվեց։ Զորամասի հրամանատար Հ. Ազոյանը շատ հոգատար գտնվեց Մհերի նկատմամբ, իսկ վերջինս էլ տպավորվեց փորձառու հրամանատարի կերպարով, աշխատաոճով, իսկ ծառայության վերջում Հ. Ազոյանի խորհրդով մնաց բանակում եւ շարունակեց ծառայությունը։ Զորացրման օրը շարային մասից ստացած զինգրքույկը նույն պահին էլ հանձնեց շարային մաս ու մեկնեց արձակուրդ։ Մեկ ամիս անց վերադարձավ եւ ստանձնեց դասակի հրամանատարի պարտականությունները։ Այսպես նա դարձավ ազգային բանակի սպա, իսկ տարիներ անց սովորեց ակադեմիայում, վերադարձավ ու նշանակվեց զորամասի հրամանատար։
Փոխգնդապետ Մ. Վարդանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» եւ «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով, չի թաքցնում երախտագիտությունը գնդապետ Հ. Ազոյանի նկատմամբ, որ կյանքում իրեն օգնել, ճիշտ ճանապարհ է ցույց տվել։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ

ԱՐՍ-14 մեքենայի նշանակությունը շատ կարեւոր է քիմիական-կենսաբանական զորքերում։ Մեքենայի միջոցով կատարում են մաքրման, հատուկ մշակման աշխատանքներ։ Դասակի հետ գործնական պարապմունք անցկացնելիս ավագ լեյտենանտ Արսեն Աբգարյանը նախընտրել էր անձնակազմին ցուցադրել գործողությունների հաջորդականությունը եւ տալ անհրաժեշտ պարզաբանումներ։ «Գազեր» հրամանից հետո հակագազերով եւ համազորային պաշտպանական լրակազմերով շատ արագ հանդերձավորվեցին փորձառու զինվորներից շարքայիններ Նվեր Մանուկյանը, Արտաշես Հովհաննիսյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Այնուհետեւ ավագ լեյտենանտը կազմակերպեց պարապմունքի քննարկում եւ ցույց տվեց նկատված թերությունները, որից հետո ամեն ինչ նորից կրկնվեց։
Նոր կահավորված ուսումնական լսարանում էլ ուսումնական դասակի հետ մասնագիտական պարապմունք էր անցկացնում դասակի հրամանատար ավագ լեյտետանտ Ռաֆայել Փնջոյանը, իսկ շարահրապարակում մեկ այլ ստորաբաժանում ձեռնամարտի հնարքներն էր կատարելագործում։

2010Թ. ԱՌԱՋԱՎՈՐՆԵՐԸ

Կրտսեր սերժանտ Ավետիք Ենոքյանը եւ շարքային Նարեկ Մագթաղյանը նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել են ժամացույցներով։ Նրանք աչքի են ընկել «Արմենիա-2010» զորավարժության ընթացքում։
-Ուրիշներն էլ են պարգեւատրվել, նրանց մի մասը զորացրվել է,- ասաց կրտսեր սերժանտ Ավ. Ենոքյանը։ Ի դեպ, նա նաեւ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան էր կրում։
-Ջոկի հրամանատար եմ, մինչ բանակ գալս սովորել եմ արհեստագործական ուսումնարանում, զորակոչվել եմ 2009թ. եւ այս գարնանը զորացրվելու եմ։ Ծառայության ընթացքում մասնակցել եմ երկու զորավարժության,- իր մասին ասաց Ավետիքը։
Շարքային Նարեկ Մագթաղյանը ռադիացիոն-քիմիական հետախուզական դասակի զինվոր է։ Նա զորակոչվել է 2010թ. , իսկ չորս ամիս անց մասնակցել է զորավարժության եւ առանձնացել բարձր արդյունքով։
-Ես Վանաձորից եմ, ավարտել եմ տեղի N 5 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Զորացրվելուց հետո ուսումս շարունակելու եմ երկրորդ կուրսից,- ասաց երիտասարդ զինվորը։
♦♦♦
Ուսումնական դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ռաֆայել Փնջոյանը լուրջ ներդրում ունի զորամասի անցած տարվա ձեռքբերումների մեջ։ Նրա հրամանատարությամբ էապես բարձրացել է դասակի կարգապահությունը, բարելավվել է ուսման որակը։ Նա մասնագիտական պարապմունքներ է անցկացնում ոչ միայն ուսումնական, այլ նաեւ մարտական ստորաբաժանումների հետ, եւ իրավամբ համարվում է զորատեսակի հեռանկարային սպաներից մեկը։ Ռաֆայելը երեւանցի է, սովորել է N 49 միջնակարգ դպրոցում։ Ութերորդ դասարանից հետո ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում։ 2003թ. վարժարանն ավարտելուց հետո նա ընդունվել է ՌԴ ՌՔԿ ակադեմիան, որն ավարտելով՝ 2008-ին, վերադարձել է հայրենիք եւ այս զորամասում նշանակվել դասակի հրամանատար։ Խոսելով ուսումնական դասակի մասին՝ նա ասաց.
-Շատ հաջող ընտրություն է կատարվել։ Դասակի կեսը բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող տղաներ են, գրագետ, բանիմաց ու կարգապահ։
♦♦♦
«Արմենիա-2010» զորավարժության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար կրտսեր սերժանտ Արսեն Ենգոյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, մինչ այդ նա ուներ նաեւ «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները։ Հարցին, թե հատկապես ինչի՞ համար է նման բարձր պարգեւը, Արսենը խուսափում է պատասխանել, իսկ ընկերները հուշում են, որ զորավարժության ամենալարված պահին օգնել է հայ փրկարարներին, ինչի շնորհիվ փրկարարները դուրս են եկել ծանր վիճակից եւ առաջադրանքը կատարել հաջողությամբ։
Այժմ սերժանտ Ա. Ենգոյանը դասակի հրամանատարի տեղակալն է։
-Մենք երեւանցի ենք,- իր մասին ասաց սերժանտը,- երեք եղբայր ենք, ես փոքրն եմ, այժմ բանակում ծառայում է նաեւ մեծ եղբորս տղան՝ Սամվելը։
Մեդալը Ենգոյանին հանձնել են հոկտեմբերին՝ ՌՔԿ զորքերի օրը։
-Միջոցառմանը ներկա էին մայրս եւ մեծ եղբայրս՝ Հակոբը։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ եւ անմոռանալի օրն է,- ասաց նա։
♦♦♦
Վաշտի հրամանատար ավագ լեյտետանտ Արսեն Աբգարյանը նույնպես երիտասարդ, հեռանկարային ու մասնագիտությանը լիովին տիրապետող սպա է։ Ծնվել է Երեւանում։ 2002թ. զորակոչվել է բանակ եւ մեկ տարի ծառայելուց հետո ընդունվել է ՌԴ ՌՔԿ զորքերի ակադեմիան։ 2008թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է ազգային բանակ ու նշանակվել ՌՔՀ դասակի հրամանատար, իսկ 2010-ից վաշտի հրամանատար է, պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։ Մեծ է նրա ներդրումը «Արմենիա-2010» զորավարժության հաջողության գործում։
♦♦♦
Ենթասպա Հարություն Գեւորգյանը դասակի հրամանատարն է, բարեխիղճ ու պարտաճանաչ զինվորական, որ ծառայության մեջ երբեք բացթողումներ չի ունենում, իսկ դասակի ունեցած ռազմական տեխնիկան, փոխադրամիջոցները մշտապես պատրաստ են շահագործման։ Հարությունը ծնվել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղում, 1975-ից ապրում է Էջմիածին քաղաքում։
-Զորավարժությունը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մեր դասակը մարտունակ է եւ պատրաստ է կատարելու բոլոր առաջադրանքները, իսկ սկսված ուսումնական տարում զորավարժություններ, պատասխանատու միջոցառումներ շատ են լինելու,- ասաց նա։
Ավելացնենք, որ ենթասպա Հ. Գեւորգյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով, ԳՇ պետի պատվոգրով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ