Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈԼԿԸ ԱԶԳԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆ Է



Զրույց երգիչ Համլետ Գեւորգյանի հետ

-Իմ սիրելի կատակերգուներից մեկը՝ Կիմ Երիցյանը, ասում էր. «Ես Հայաստանը միլիմետրերով եմ սիրում»։ Եվ իրոք, «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է», որովհետև թեկուզ ծավալներով փոքր է, բայց այնքան գունեղ է, խիտ ու ավանդույթներով լի։ Նույնիսկ դրկից գյուղերը տարբերվում են միմյանցից մտածողությամբ, սովորույթներով, խառնվածքով, բանահյուսությամբ…

-Որովհետև Հայաստանը անցյալ ունեցող երկիր է, նույնիսկ հայ ընտանիքները ունեն իրենց ուրույն ավանդույթներն ու պատմությունները…

-Ենթադրում եմ, որ Ձեր ընտանիքը նույնպես ավանդույթներ ու պատմություններ ունի։

-Ունի։ Մի շատ տխուր պատմություն, մի ցավալի պատկեր, որ ուզես, թե չուզես քո կենսագրության մի մասնիկն է, քո անցյալը։ Հորս տատը, թուրքերի հետապնդումներից մազապուրծ, ձմռան մի ցուրտ ու ձյունառատ օր մանկահասակ պապիս գրկած Մուշից հասնում է Գյումրի ու գիշերում «Յոթ Վերք» եկեղեցու բակում՝ բաց երկնքի տակ։ Առավոտյան մարդիկ տեսնում են, որ փոքրիկի երեսի ձյունը հալվել է, իսկ նրան գրկած մոր վրա ձյունը նստել է ու չի հալչում… Պապիս տանում են մանկատուն… Մի մշեցի հայ (անծանոթ մարդ) բառացիորեն հայրություն է արել պապիս, դարձել է թիկունք, հենարան, հարազատ։ Այդ մարդը իր ջերմությամբ, սիրով, աջակցությամբ ստիպել է պապիս սիրել կյանքը, սիրել մարդկանց, ապագային նայել հավատի աչքերով, տոկալ ու ապրել։

Հետագայում պապիս բարերարը դարձել է նրա քավորը։ Հիմա մենք պահում ենք ավանդական քավորությունը արդեն մի քանի սերունդ ու պահելու ենք։ Ես շատ հարազատներ ունեմ Գյումրիում, բայց երբ գնում եմ բարեկամներիս այցելության, քավորիս տանն եմ գիշերում։

-Ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը երգարվեստում։

-Հովհաննես Բադալյանը։ Ես 10 տարեկանից բեմում եմ, բայց կոնսերվատորիայում սովորելու տարիները ինձ հղկեցին ոչ միայն որպես երգիչ, այլ որպես արվեստագետ՝ շնորհիվ Ուսուցչիս՝ Հովհաննես Բադալյանի։ Ուսուցչի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարողանում է նկատել իր աշակերտի տաղանդի ծավալները ու նրա դրական ներուժը և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ… Եվ ըստ այդմ գտնում է յուրաքանչյուր աշակերտի հետ աշխատելու տարբերակված ու յուրօրինակ մեթոդներ, որպեսզի այդ հենքի վրա հղկի-ձևավորի Մարդուն ու Արվեստագետին։

-Դուք զորակոչվեցիք բանակ, երբ արդեն կայացել էր Ձեր առաջին մենահամերգը Ֆրանսիայում, այսինքն՝ ճանաչված երգիչ էիք։

-Ես ծառայության անցա Արմավիրի ուսումնական զորամասում։ Եվ առաջին վեց ամիսներին սովորական զինվոր էի՝ վարժանքներ էի անում, սովորում էի իմ ռազմական մասնագիտությունը, ապրում էի բանակային կյանքի օրենքներով… Հետո, երբ առիթ ունեցա երգելու միջոցառումներից մեկի ժամանակ, իմ բանակային կյանքը փոքր-ինչ փոխվեց։ Ես սկսեցի մասնակցել պաշտպանության նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին, այցելել տարբեր զորամասեր ու երգել զինվորների համար։ Ես մասնակցեցի ԱՊՀ երկրների շրջանում իրականացվող ամենամյա «Զինվորական երգի» մրցույթին, երգեցի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» և «Քայլերգ» երգերը ու արժանացա առաջին մրցանակին։ Այդուհանդերձ, ծառայության տարիների ամենամեծ ձեռքբերումս համարում եմ այն ժամանակահատվածը, երբ ավելի ակտիվ ու պարբերական սովորում էի զինվորական մասնագիտությունս, ապրում էի ռեժիմով… Բանակի փորձառությունը ոչնչի հետ չես համեմատի։ Բանակային կյանքի երկու տարին կարող է 20 տարվա փորձառություն տալ քեզ, որովհետև կյանքն այնքան խիտ է բանակում, ամեն քայլափոխի դու պարտավոր ես ճիշտ որոշում կայացնել…

-Այն, որ հայ երգարվեստը այսօր շուտափույթ զտման ու կատարելագործման կարիք ունի, ոչ ոք չի կասկածում։ Ես ուզում եմ հարցնել, թե ի՞նչ կատարվեց իրականում, որտեղի՞ց սկսվեց այս խառնաշփոթը, և ի՞նչ պետք է անել, որպեսզի հայ ժողովրդական, աշուղական, ազգային մեղեդիները մաքրվեն նեգրա-լատինո գեղգեղանքներից ու հնչեն՝ ինչպես հնչել են Հովհաննես Բադալյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց շուրթերից։

-1990-ական թվականներին արվեստը պրոպագանդելու լծակներ ունեցող մի խումբ մարդիկ բացառապես կոմերցիոն նպատակներով, շահարկելով միջին և միջինից ցածր ունկնդրի ճաշակը, երգիչ-երգչուհիների մի մեծ զանգված խցկեցին երգարվեստ, որոնք հետևողականորեն ձևախեղեցին հայ երգը՝ «համեմելով» թեթև, հեշտ ընկալվող, պարզունակ, օտարածին մելիզմներով ու նյուանսներով։ Այդ մարդիկ շատ լավ հասկանալով, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այս մշակութային դիվերսիան, սեփական գրպանները լցնելու համար, տասնամյակներ շարունակ (մինչ օրս) պրոպագանդեցին ինքնահնար, ցածրորակ մեղեդիներ, փչացնելով ունկնդրի ճաշակը, ձևավորելով ցածր պահանջարկ։ Օրինաչափորեն ձևախեղվեց նաև մեր լեզուն, օտար շեշտերն ու հնչյունները մտան մեր բառապաշար։ Մենք մեծ պարտավորություն ունեինք ամուր պահելու ազգի սիրտը տանող երկու հզոր դարպասներ (երկրի ու մշակույթի)։ Եթե, ի պատիվ բանակի, երկրի դարպասները կարողացանք անառիկ պահել, ապա համոթ արվեստի մարդկանց՝ մշակույթի դարպասները կրնկի վրա բացեցինք օտարի առաջ։ Պետական ատյանները կարող էին կասեցնել (պարտավոր էին) այս վտանգավոր անկումը, բայց անխռով դիտեցին, թե ինչպես է աղավաղվում դարերից եկած հայ ազգային երգը, ինչպես է հեռանում երիտասարդ սերունդը իր երգարվեստի ակունքից… Իսկ սա իր հերթին նշանակում է հեռանալ հայրենիքից, հեռանալ հայկականությունից, հեռանալ ազգայինից։

-Ո՞րն է ելքը։

-Մի չինացի գեներալ ասել է՝ բանակն ու արվեստը պետք է լինեն դիկտատուրայի տակ։ Այսինքն՝ ազգի տեսակը, դիմագիծը պայմանավորող, ազգի կենսունակության, դիմադրողականության չափորոշիչ արվեստը պետք է պաշտպան ունենա, ինչպես հայրենիքի սահմաններն են պաշտպանվում զենքով ու կյանքով։ Մենք պիտի կարողանանք ազատել մեր մշակույթը օտարից ու պաշտպանել մեր հոգևոր սահմանները նույնքան նախանձախնդիր, ինչպես մեր երկրի սահմաններն ենք պաշտպանում։ Ելքը մեկն է՝ պետք է պրոպագանդվի անխաթար երաժշտություն, պետք է փակվեն հեռուստաընկերությունների և համերգասրահների դռները օտար, ձևախեղված ու անճաշակ երաժշտության առջև, և պիտի հնչի մեր մաքուր, բարձրարվեստ ազգային երգը։

-Դուք հավանաբար ծանոթ եք տարբեր երկրների ֆոլկ երաժշտությանը։ Ի՞նչ մակարդակ ունի հայկական երգը այդ գունապնակում։

-Անկեղծ ասած, ես ցածրորակ ժողովրդական արվեստ չեմ հանդիպել։ Ֆոլկը միշտ բարձրարվեստ է, գունեղ, խիտ, զգացմունքային, խոր… Սա ակունքից եկող, ազգի ամբողջ կենսագրությունն ու բազմազանությունը ներառող երաժշտություն է։ Ֆոլկը ազգի մանրանկարն է։ Մեր ֆոլկ երաժշտությունը ամփոփում է հայկականության բոլոր գույներն ու ծավալները, ֆոլկը մեզ ուղեկցում է օրորոցից մինչ մահ՝ օրորոցայիններ, աշխատանքի երգեր (հորովել), սիրո, բարոյախրատական, փիլիսոփայական, հարսանեկան, ծիսական, հոգևոր… ռազմի երգեր, բնության… ողբեր… Բոլորն էլ աներևակայելիորեն գեղեցիկ, բարձրաճաշակ, գունեղ, նրբակերտ… որ կարող է հուզել մարդու հոգին ու միտքը, ազնվացնել, բարձրացնել…

-Ես ցանկանում եմ, որ մեր զրույցը Դո՛ւք եզրափակեք։ Տարեմուտ է, ի՞նչ կարևոր ասելիք ունեք՝ որպես տարվա ամփոփում կամ գալիք տարվա նախաբան…

-Ես միշտ կարոտով եմ հիշում Ազատագրական շարժման տարիների հոգեկան զարթոնքը, վերելքը, պաթոսը… Օդի մեջ ուժ կար… Ես հիշում եմ Արցախյան պատերազմի տարիներին մեր ազգային համահավաքությունը ու վտանգին դիմակայելու բազմապատկված զորությունը։ Ես ցանկանում եմ, որ մենք ցաքուցիր չանենք մեր ուժը։ Բարի Ամանոր։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Բանակ և հասարակություն


10/01/2013