Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԻՐԵՔ ՊՈԵՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ»



Դեկտեմբերի 10-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում ավարտվեց ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած համահայկական մանկապատանեկան նկարչական երրորդ մրցույթ-փառատոնը: Մրցույթում մեծ թվով աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի և Արցախի արվեստի դպրոցների և կենտրոնների սաները: Թեման «Սիրե՛ք պոետի գույներն» էր: Փառատոն-մրցույթը, որ իրականացվեց «Բիլայն»(«ԱրմենՏել») ընկերության հովանավորությամբ և «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ, նվիրված էր հայ պոեզիային:

– Մեր կենտրոնը տարին մեկ անգամ ստանում է հայ երեխաների նկարներ աշխարհի տարբեր ծագերից, և տարեցտարի ավելանում է մասնակից հաստատությունների թիվը: «Սիրեք պոետի գույները» մրցույթ-փառատոնին ուղարկվել են շուրջ 1500 աշխատանքներ Արգենտինայից, Իրանից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Ուրուգվայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Քուվեյթից, Հայաստանից և Արցախից: Երկրորդ փուլ անցան շուրջ 350 նկար ու գոբելեն: Մրցույթի ուրախալի փաստերից մեկն էլ այն էր, որ երեխաները կոմպոզիցիոն հնարքների բազմազանությամբ, ոճական տարբեր ձեռագրերով, գունային երանգներով, վառ լուծումներով, անհատականությունների բազմազան դրսևորումներով պատկերել էին Նարեկացու, Շնորհալու, Քուչակի, Սայաթ-Նովայի, Մեծարենցի, Դուրյանի, Իսահակյանի, Թումանյանի, Սևակի, Զարիֆյանի, Մահարու, Էմինի պոեզիան: Մի ուրախալի փաստ եւս. այս տարվա աշխատանքներն ուսումնասիրելու ընթացքում պարզ դարձավ, որ մեր երեխաները պատվով են կատարել իրենց՝ հայ գրականությունը սովորելու, ընկալելու պարտականությունը,- իր ելույթում ասաց գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը:

Ուրախալի է, որ այս և անցած 2 մրցույթներում էլ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը (տնօրեն՝ Գոռ Մանուկյան), որի սաների աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին: Այս տարի մեր երեխաներն ավելիին արժանացան: Հինգ մասնակիցներ՝ Արմինե Ավագյանը, Մարիամ Ալեքսանյանը, Աիդա Հովհաննիսյանը, Վարսենիկ Ըռքոյանը և Հասմիկ Համբարձումյանը, ներկայացրել էին 7 աշխատանք, որից մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչվեց և հիմնական մրցանակի արժանացավ Արմինե Ավագյանը՝ «Ռիալտոյի կամուրջը» գունանկարով, լավագույն գրաֆիկական աշխատանքի համար ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրին արժանացավ Վարսենիկ Ըռքոյանը «Սևակի պոեզիան» աշխատանքով, իսկ Հասմիկ Համբարձումյանը ՀՀ ԿԳ նախարարի շնորհակալագրի արժանացավ «Ձմռան գիշեր» և «Տերյանական աշուն» յուղաներկ գործերի համար:

-Չէի հավատում, որ կգնահատվի իմ գործը, ասաց դուստրս՝ Վարսենիկ Ըռքոյանը, որ արդեն Երևանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնի ուսանող է,- բայց երբ կարդացին անունս՝ որպես լավագույն գրաֆիկական աշխատանքի հեղինակ, շատ ուրախացա. երևի նրանից է, որ շատ եմ սիրում Պարույր Սևակի պոեզիան: Շնորհակալ եմ արվեստի դպրոցի իմ ուսուցչուհուն՝ ընկեր Տաթևին, որ ինձ և շատերին ծանոթացրեց իսկական արվեստի հետ:

Բոլոր մասնակիցներին, որոնց նկարները ցուցադրվել են, տրամադրվեց նույն նկարների գիրք-հավաքածուն: Հուսանք, որ հիրավի այս ազգանպաստ ու գեղագիտական ճաշակ զարգացնող մրցույթ-փառատոնը կլինի շարունակական:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Երևան-Բերձոր

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2013