Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ



Սուրբ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ

ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ

Սուրբ Գրքի ուսուցանությամբ՝ Քրիստոս երկու ծնունդ ունի՝ հավիտյաններից առաջ և ժամանակի մեջ։

Հավիտյաններից առաջ է Բանի ծնունդը Հորից՝ ըստ Դավթի սաղմոսի, ուր Հայրն ասում է Որդուն. «Նախքան Արուսյակը ծնեցի Քեզ» (Սաղմ. 109։3)։ Իսկ ժամանակի մեջ է Նրա երկրորդ ծնունդը՝ երկրի վրա, ինչպես գրված է այս սաղմոսում. «Տերն ասաց ինձ. «Իմ Որդին ես Դու, և Ես այսօր Քեզ ծնեցի»»։ Այստեղ նշվում են երկու ծնունդներն էլ. «Իմ Որդին ես Դու» խոսքը հավիտենական ծնունդն է նշանակում, իսկ «Այսօր Քեզ ծնեցի»՝ Նրա երևալը ժամանակի մեջ։

Այն ծնունդն անմարմին է, իսկ սա՝ մարմնով։ Այն Հորից է՝ առանց մոր, իսկ այս՝ մորից՝ առանց հոր։ Այն երկնքում է, իսկ սա՝ երկրի վրա։ Այն առանց պատճառի ծնունդ է, իսկ սա՝ պատճառավոր, քանզի Աստված մարդացավ մեր փրկության համար։ Աստված խոնարհվեց, որպեսզի բարձրացնի մարդկանց։ Աստծո Որդին Մարդու Որդի եղավ, որպեսզի մեզ Աստծո որդիներ դարձնի։ Նա ծնվեց մարմնով, որպեսզի մենք ծնվենք հոգով։ Քանզի երբ վերստին ծնվում ենք սուրբ ավազանի մկրտությամբ, շնորհով Աստծո որդի և Քրիստոսին ժառանգակից ենք դառնում։

ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ ԱՆԵԾՔԸ ՉԵՂՅԱԼ ԴԱՐՁԱՎ

Մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է։

Հայրը կամեցավ և առաքեց իր Միածին Որդուն, իսկ Սուրբ Հոգին մաքրագործեց սուրբ Կույսին և մարմնացրեց Որդուն, որ մարդացավ, ծնվեց Կույսից նոր արարչագործության և մարդկային ցեղի փրկության համար: Այս էր ծածուկ խորհուրդը, որ հայտնվեց այսօր։ Քանզի այսօր իրականացավ Օրենքի և մարգարեների կանխաճառությունը, թե Աստված պիտի երևա մարմնով և շրջի մարդկանց մեջ։

Այսօր վերցվեց այն անեծքը, որով Ադամի ու Եվայի հանցանքից հետո պատուհասվեց ողջ մարդկային ցեղը, ինչպես գրված է. «Երկիրը փուշ ու տատասկ կբուսցնի քեզ» (Ծն. 3։17), և՝ «Տրտմությամբ որդի կծնես» (Ծն. 3։16)։ Արդ, այսօր այդ դատապարտությունը վերացավ, և տրտմությամբ ծնունդը ուրախության փոխվեց, ինչպես հրեշտակն ասաց Կույսին. «Ուրախացի՛ր, բերկրյալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ, 1։28), և՝ «Կծնես որդի» (Ղուկ. 1։31)։ Ուստի այս տոնը սկիզբն ու հիմքն է բոլոր տոների։ Այս տոնը Եկեղեցին տոնում է 9 օր շարունակ։

ԱԴԱՄԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Ադամը, մարգարեանալով Քրիստոսի Գալստյան մասին, կնոջը կոչեց «ամենայն կենդանեաց Մայր» (Ծն. 3։20), որը ամենօրհնյալ սուրբ Աստվածածինն է։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԸ՝ ՄՈԼՈՐՎԱԾ ՈՉԽԱՐ

Հունվար նշանակում է ծննդյան ամիս. Քրիստոսի երկրային ծննդյամբ մենք ևս ծնվում ենք երկնային՝ հոգևոր կյանքով։ Իսկ հունվարի 6-ին Քրիստոսի Ծնունդը տոնելը խորհրդանշում է վեցերորդ դարը, երբ Արարիչն իջավ երկիր։ Դարձյալ՝ վեցերորդ օրը ստեղծվեց մարդը, և նա մարմնի վեցակի շարժումներով մեղանչեց ու ընկավ. ուստի Բանն Աստված ծնվում է վեցերորդ օրը որպես Նոր Ադամ և փնտրում հին՝ կորած Ադամին ու գտնում, ինչպես գրված է Սուրբ Գրքում, թե քաջ հովիվը 99 ոչխարները թողեց անապատում (Ղուկ. 15։4) (այսինքն՝ երկնքում, որն անապատ է չարիքից), և եկավ՝ փնտրելու մեկ մոլորված ոչխարին, որ մարդկային ցեղն է, ինչպես Դավիթն է ասում. «Մոլորվեցի ես ինչպես կորուսյալ ոչխար, փնտրի՛ր Քո ծառային» (Սաղմ. 119։176)։

Սուրբ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԵՐ ԾՆՆԴՅԱՆԸ

Երբ լսում ես, որ Աստծո Որդին մարմնով դարձավ Դավթի և Աբրահամի որդի, մի՛ կասկածիր, թե դու՝ Ադամի որդիդ, շնորհով չես դառնա Աստծո որդի, որովհետև իզուր կլիներ Նրա գալուստը, եթե մեծ գործ անելու չլիներ։ Մարմնով ծնվեց, որպեսզի դու հոգով ծնվես։ Կույսից ծնվեց, որպեսզի դու Ավազանից ծնվես։ Այս պատճառով էլ Նրա ծնունդը և՛ նման է մեր ծննդյանը, և՛ գերազանցում է դրան. կնոջից ծնվելը մեզ է հատուկ, իսկ կույսից և առանց տղամարդու ծնվելը՝ մեր բնությունը Ստեղծողին։

ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԹԱԳԱՎՈՐ ԵՒ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

Քանի որ Ահարոնը Նաասոնի քրոջ հետ ամուսնացավ (Ելք, 6։23), քահանայությունն ու թագավորությունը միացան մի ցեղի մեջ (Ահարոնը հրեա առաջին քահանայապետն էր, իսկ Նաասոնը Թվեր 2։3-ում կոչվում է «Հուդայի որդիների իշխան» և ներկայացվում բոլոր հրեա իշխանների մեջ պատվով առաջինը), որպեսզի երբ Քրիստոսը ծնվեր, թագավորական և քահանայական իշխանությունները միասին վերցներ։

ԿՈՒՅՍԻ ԱՐԳԱՆԴՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀՐԱՇՔԸ

Աստծո Խոսքը Մարիամի մեջ իջնելիս կատարյալ անդամներով է գոյացել, և ո՛չ թե, ինչպես մենք, որովայնում գոյացել է 40 օրում։

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Մատթեոս ավետարանիչն ասում է. «Ծնեց իր անդրանիկ Որդուն, և (Հովսեփը) Նրա անունը դրեց Հիսուս» (1։25)։ Իսկ ի՞նչ է նշանակում «անդրանիկը»։ Ո՛չ թե առաջինը հաջորդաբար ծնվողների մեջ՝ ըստ մարդկանց ընդհանուր սովորության (որովհետև սա բացառվում է «Միածին» անվան պատճառով), այլ Սուրբ Հոգուց լինելու և անապական ծննդյան պատճառով։ Որովհետև ուրիշ ոչ ոք այսպես չծնվեց, որով, ըստ Պողոսի, Նա եղավ «անդրանիկը բազում եղբայրների մեջ» (Հռոմ. 8:29), ովքեր «ո՛չ արյունից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ աստծուց ծնվեցին» (Հովհ. 1:13)՝ Ավազանով, որպեսզի, ինչպես որ Նա մարմնով ծնվեց Սուրբ Հոգուց ու Կույսից, մենք էլ հոգևոր ծնունդ առնենք Սուրբ Հոգուց ու ջրից, որով կրտսեր եղբայրներ ենք դառնում «բոլոր արարածների Անդրանիկին» (Կող. 1։15)։ Ինչպես ծնունդով, այդպես նաև հարությամբ պատշաճ համարեց լինել մեր անդրանիկը, որովհետև «ամեն ինչով նմանվեց եղբայրներին» (Եբր. 2։17)՝ մարմին առնելով և բոլորի փոխարեն այդ մարմնով հաղթանակ տանելով։

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Հոգևոր-մշակութային


10/01/2013