Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի զինծառայողներ,

Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհվածների հարազատներ,

բանակաշինության գործին աջակից հարգարժան հայրենակիցներ.

Ավարտվում է 2012 թվականը, իր հետ շրջելով նաև հայկական բանակի տարեգրության բազմաթիվ ձեռքբերումներով լի ևս մեկ էջ: Հայ զինվորականն իր նվիրումի, նպատակասլացության, գիտակցված պարտաճանաչության ու կարգապահության շնորհիվ Հայաստանին ու Արցախին նվիրեց խաղաղության, սահմանների անձեռնմխելիության և սահմանամերձ շեներում անդորրի պահպանման ևս մեկ տարի: Ու մենք հպարտությամբ պիտի հիշենք նաև, որ 2012 թվականը հերթական տարին էր, երբ հայ զինվորը պահպանեց ո՛չ միայն իր հայրենիքի ու ըստ այդմ՝ տարածաշրջանային խաղաղությունը, այլև աշխարհի թեժ կետերում, ի դեմս մեր խաղաղապահների, մասնակիցը դարձավ հերթական բախումների բացառմանը:

Խաղաղության պահպանումը դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերխնդիրը, բայց նրա կատարումը մեզ չի խանգարում բանակաշինության ասպարեզում իրականացնել ապագային միտված ամենատարբեր նախաձեռնություններ: Անցնող տարում ևս մենք մեծ առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի կայուն զարգացման, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա ուղղություններ հռչակված ռազմական կրթության համակարգի՝ հրամանատարական բոլոր օղակների վերապատրաստման, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների գիտելիքների ու հմտությունների մակարդակի բարձրացման, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման՝ սպառազինության ու մարտական տեխնիկայի արդիականացման գործում: Շարունակեցինք առաջնագծի հետագա ամրացման, մարտական հենակետերի կահավորման, ինչպես նաև դիրքապահ զինվորների ծառայության անվտանգության ապահովման և պայմանների բարելավման, ստորաբաժանումների և բոլոր մակարդակների շտաբների պատրաստության մակարդակի բարձրացման աշխատանքները:

Թեև աշխարհը ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամին, մենք նոր առաջընթաց գրանցեցինք զորանոցաշինության ու բնակարանաշինության ասպարեզներում և իմ ամանորյա ուղերձը բազմաթիվ սպաների, ենթասպաների ու քաղաքացիական հատուկ ծառայողների ընտանիքներ այժմ ընթերցում են նոր բնակարաններում, շատ ու շատ ստորաբաժանումներ` նորակառույց կամ հիմնովին նորոգված զորանոցներում, իսկ զինվորական գործի հմտություններին ծանոթացել են տեխնիկապես արդիականացված զորավարժարաններում:

Կուտակված փորձի վերլուծության արդյունքում նոր մոտեցումներ որդեգրվեցին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման միջոցով առաջնագծի նորանոր հատվածների պաշտպանությունը բանակում արդեն իսկ փորձ ու գիտելիքներ ձեռք բերած երիտասարդներին վստահելու ուղղությամբ, ինչի արդյունքները կտեսնենք 2013 թվականին:

Բանակի հետագա հզորացման համար այս կարևոր խնդիրների լուծումը եղել և մնում է Հանրապետության Նախագահի ու կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ պաշտպանության նախարարության ղեկավարությունն ամեն ինչ անում է հատկացվող միջոցներն ու առկա հնարավորությունները ճիշտ և նպատակային օգտագործելու համար: Բանակը մեծ կառույց է, կան նաև թերություններ ու բացթողումներ, որոնք մենք չենք թաքցնում, և հավաստիացնում եմ, որ դրանց վերացման ու հետայսու բացառման նպատակով ձեռնարկվող միջոցառումները գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ամենօրյա հսկողության ներքո:

2012 թվականին շոշափելի ձեռքբերումներ արձանագրվեցին նաև զինվորական կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդման, բանակ ներթափանցող արատավոր բարքերի դեմ պայքարի գործում: Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, բարեվարքության կանոնների ամրապնդման, արտակարգ պատահարների նվազեցման, կոռուպցիոն երևույթների ու հովանավորչության դեմ պայքարի, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում:

Այս ամենին զուգընթաց, մեծ աշխատանք իրականացվեց մեր անվտանգությունն ապահովող միջավայրն ընդլայնելու ուղղությամբ. խորացավ համագործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ, շարունակվեց մեր գործուն դերակատարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող ծրագրերում:

Ընդլայնվեց ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, բարեկամ ու գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ պետությունների հետ:

Եվ այս ամենի շնորհիվ 2012 թվականը մեզ համար դարձավ մարտական ու մասնագիտական որակների, մարտական ղեկավարման հմտությունների, ստորաբաժանումների ու զորատեսակների գործողությունների ներդաշնակման վարպետության հետագա կատարելագործման, պաշտպանական բարեփոխումների շարունակման տարի:

Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ.

Ցավոք, արտաքուստ աննշան թվացող զանցանքների ու անփութության պատճառով այս տարի ևս ունեցանք ողբերգական ելքով պատահարներ: Իմ վշտակցությունը հայտնելով զոհված ու մահացած զինվորների հարազատներին, կիսելով նրանց անփարատելի ցավը, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվում է նման դեպքերի բացառման համար:

2012 թվականին ևս, հարևան պետությունը չկարողացավ ձերբազատվել մեր պաշտպանությունում չեղած թույլ կետերի ապարդյուն որոնումներին տրվելու գայթակղությունից: Բոլորս ենք հիշում ամռան սկզբին նրա կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններում ձեռնարկած ամենաիսկական արկածախնդրությունը և այն արժանի հակահարվածը, որն իսկույն ստացավ: Հասկանալի է, որ երբ պետության իշխանությունները հայատյացությունը դարձնում են ներքին ու արտաքին քաղաքականության անկյունաքար, երբ հերոսացնում են մարդասպանին, այդօրինակ սադրանքներ առաջիկայում ևս կլինեն: Դա մեզ պարտավորեցնում է ավելի զգոն ու մարտունակ լինել, վստահորեն պահպանելու համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս վերստին հավաստեց, որ Արցախի հանդեպ որևէ ոտնձգության դեպքում նրա թիկունքին կկանգնեն ողջ Հայաստանն ու հայությունը և կդիմեն բոլոր միջոցներին: Իսկ որ կարող ենք, կարծում եմ, լավագույնս վկայեցին ինչպես պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ու անձնակազմի լրահամալրմամբ անցկացված ռազմավարական զորավարժությունները, այնպես էլ փայլուն և միջազգային մեծ արձագանք ստացած մասնակցությունը Հայաստանում անցկացված «Փոխգործակցություն-2012» բազմազգ զորախաղերին ու ՆԱՏՕ-ի խաղաղապահ բազմազգ զորավարժություններին, որոնք դարձան բոլոր օղակների պատրաստության, զինված ուժերի կիրառման ու օպերացիաների մշակման հմտությունների հղկվածության աներկբա վկայությունը:

Ամանորին ընդունված է նվերներ տալ ու նվերներ ստանալ, միմյանց մաղթել ամենայն բարիք ու առաջին հերթին՝ խաղաղություն: Մեր ունեցած ամենամեծ նվերն ու ամենամեծ ձեռքբերումը հաղթական խաղաղությունն է, որը մենք չենք խնդրել, մեզ ոչ ոք չի տվել, և մենք ոչ ոքից չենք ստացել: Այն Հայաստանի ու Արցախի համար նվաճել ու պահպանում է հայկական բանակը: Այս խաղաղությունը ձեռք է բերվել անօրինակ նվիրումի, խիզախության, ինքնազոհողության ու անդառնալի կորուստների գնով, և գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, արժանին մատուցելով պատերազմի ու բանակաշինության բոլոր մասնակիցների ունեցած ավանդին, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք 2013 թվականը դարձնելու նոր հաջողությունների ձեռքբերման հերթական տարի:

Եվ բոլորիդ ու առաջին հերթին այժմ մարտական հենակետերում մեր հայրենիքի անդորրը հսկող զինվորներին, ենթասպաներին ու սպաներին մաղթելով առողջություն, երջանկություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ, տարեմուտի իմ ուղերձն ավարտում եմ ավանդական ու յուրաքանչյուր հայ մարդու համար թերևս ամենաթանկ մաղթանքով.

Խաղաղություն հեռավորաց, խաղաղություն մերձավորաց,

խաղաղություն ամենեցուն:

Շնորհավոր Նոր տարի և

Սուրբ Ծնունդ: