Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽԻ»

Հարցազրույց ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ-վերլուծական կենտրոնի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, 2012թ. ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին մի շարք լուրջ միջադեպեր եղան: Ադրբեջանցի ոճրագործ Ռ.Սաֆարովը հերոսացվեց Ադրբեջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ ինչպե՞ս կարելի է բնութագրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:

-2011թ. Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ձախողումից հետո բանակցությունների ակտիվությունը նվազել է, թեպետ շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները տարածաշրջան: Առաջիկայում որևէ առաջընթաց ակնկալելը միամտություն կլիներ. թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, և դրական տեղաշարժեր չեն լինի:

Սահմանային միջադեպեր հրահրելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը հասկացնել, որ հակամարտությունը սառեցված չէ, և եթե տարածաշրջանում շահեր հետապնդող ուժային կենտրոնները խաղաղություն են ուզում, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ստատուս քվոն եւ խնդրին ադրբեջանանպաստ լուծում տալու համար: Այն, որ սահմանային միջադեպերով Ադրբեջանն հենց այդպիսի ուղերձներ է փորձում հղել, ապացուցվում է այդ միջադեպերի և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց` մեր տարածաշրջան կատարած այցերի ժամանակային համընկնումներով (օրինակ՝ 2012թ. հունիսի սկզբի միջադեպը, որը համընկավ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան այցելության հետ):

Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Ադրբեջանի որդեգրած շանտաժի այդ քաղաքականությունը ու նաև այն, որ դրա արդյունավետությունը մեծ չէ: Միջազգային հանրության գրեթե բոլոր արձագանքներում հստակ նշվում է, որ խնդիրը ուժային լուծում չունի: Միակ մտավախությունն այն է, որ սահմանային միջադեպերը կարող են վերահսկողությունից դուրս գալ և վերածվել լայնածավալ զինված բախման:

-Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ձեր կարծիքով, ՀԱՊԿ-ն ի՞նչ դեր կարող է խաղալ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կանխելու հարցում:

-ՀԱՊԿ-ն կարևոր դեր ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Եթե Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմ ագրեսիա սկսվի, ապա ՀԱՊԿ-ն անպայման կմիջամտի: Շատ ավելի բարդ է ՀԱՊԿ-ի դերը կանխատեսելը, եթե ռազմական գործողություններ սկսվեն ԼՂՀ ազատագրված տարածքներում, որոնք միջազգային հանրության կողմից առայժմ դե-յուրե Ադրբեջանի տարածք են համարվում:

-Վերջերս թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հետախուզության աղբյուրները, գրեցին, որ Հայաստանը սկսել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացը: Իբր, դրա վկայությունն են, մասնավորապես, ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի այցը Հարավային Ամերիկայի երկրներ և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի այցը Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ հեռանկար ունի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը:

-Այո՛, Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատրաստակամության որոշակի նշաններ կան: Սակայն այդ գործընթացի հետ շատ մեծ հույսեր կապել պետք չէ: Սկզբունքորեն կարելի է, իհարկե, հասնել այն բանին, որ մի քանի երկիր` օրինակ` կղզի-պետություններ, ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Սակայն դա ԼՂՀ անվտանգության ապահովման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում էական փոփոխությունների չի հանգեցնի:

-Իսկ ի՞նչը կհանգեցնի կտրուկ փոփոխությունների:

-Կա՛մ պատերազմը, կա՛մ խնդրի կարգավորումը բանակցությունների միջոցով: Եթե նկատի ունենանք, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ, ապա կտրուկ փոփոխություններ չեն լինի, քանի դեռ չեն փոխվել կողմերի դիրքորոշումները:

-Իսկ եթե կտրուկ փոխվի հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությո՞ւնը:

-Կարծում եմ, որ դա դիրքորոշումների վրա էական ազդեցություն չի ունենա: Մի պահ ենթադրենք, որ Ադրբեջանը հզորանում է, կարո՞ղ է դա հարկադրել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը արցախահայության ազատության և անվտանգության ապահովման հարցում: Համոզված եմ, որ ոչ:

-Որոշ քաղաքագետների կարծիքով, Եվրամիությունում ի հայտ եկած անջատականության միտումները նախադրյալներ են ստեղծում ԼՂՀ անկախության ճանաչման համար…

-Դեռ վաղ է ասելը, թե ինչի կհանգեցնեն Կատալոնիայի, Շոտլանդիայի և եվրոպական այլ տարածաշրջաններում սկիզբ առած անկախության շարժումները: Բացի դրանից, եթե ԼՂՀ անկախության ճանաչման համար նախադրյալներ են պետք, ապա դրանք արդեն կան՝ 2008թ. Կոսովոյի անկախությունը, որը ճանաչել է մոտ 90 պետություն, 2011թ. Հարավային Սուդանի անկախությունը, մինչ այդ՝ Էրիթրեայի անկախությունը: Բայց ի՞նչ է փոխել այդ պետությունների անկախության հռչակումը ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում: Ցավոք սրտի առայժմ նույնիսկ թվարկված նախադեպերը էական դրական ազդեցություն չեն թողել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա: Ուստի, իմ կարծիքով, Եվրամիությունում հանուն անկախության շարժումներից մեծ ակնկալիք ունենալ պետք չէ:

-Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանը հրաժարվեց Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը շահագործելուց: Դա ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների և, միջնորդավորված կերպով, նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

-Միանշանակ կարելի է ասել, որ Գաբալայի ՌԼԿ-ն Ռուսաստանի համար որոշակի նշանակություն ուներ, և այդ կայանի վարձակալման պայմանագրի ժամկետի չերկարաձգելը Ռուսաստանի շահերին դեմ էր: Ուստի կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ինչ-որ հարցում առիթը բաց չի թողնի Ադրբեջանին հիշեցնելու նրա արած «վատությունը»: Այս իմաստով կայանի խնդիրը կարող է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Սակայն հիմք չկա՝ պնդելու, որ դա կանդրադառնա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի դիրքորոշման վրա, որովհետև կայանի խնդիրը և ԼՂ հիմնախնդիրը քաղաքական տարբեր հարթություններում են:

-ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի` վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ չի բացառվում, որ Թուրքիան մասնատման վտանգի առջև կանգնի, եթե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում քրդերը հզորանան, բանակ ստեղծեն, անկախություն ստանան և տարածք պահանջեն Թուրքիայից: Տեսանելի հեռանկարում ի՞նչ է սպասում Թուրքիային:

-Ձեր նշած զեկույցին ծանոթ եմ: Իրադարձությունների այդօրինակ զարգացումը կախված է բազմաթիվ թեական գործոններից, և չէի ասի, թե առնվազն միջնաժամկետ հեռանկարում Թուրքիայի մասնատման սպառնալիքն իրական է: Ընդհակառակը, Թուրքիայի դերը տարածաշրջանում աճում է: Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 15 տարում նա տնտեսապես հզորանալու է: Բացի դրանից, Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարության աճով շահագրգիռ են ԱՄՆ-ը և Իսրայելը: Պատճառն այն է, որ տարածաշրջանի «Արաբական գարնան» հետևանքով իշխանափոխություն ապրած պետություններում ուժեղանում են իսլամիստների, այդ թվում՝ արմատական իսլամիստների դիրքերը, իսկ Թուրքիան մի պետություն է, որտեղ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո իսլամն ու ժողովրդավարությունը համադրվում են, ուստի Թուրքիան Արևմուտքին պետք է որպես զարգացման մոդել և յուրահատուկ զսպող գործոն՝ արմատական իսլամիստների ազդեցության աճի դեմ:

Իհարկե, Թուրքիայի ազդեցության աճը չի կարող ուրախացնել Հայաստանին: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որին նախապատրաստվելով՝ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն ձևավորում են թուրք-ադրբեջանական միասնական լոբբինգային համակարգ` հիմնական թիրախ ունենալով Հայաստանը և հայկական Սփյուռքը: Չմոռանանք նաև, որ 2010 թվականից ուժի մեջ է թուրք-ադրբեջանական ռազմավարական պայմանագիրը, որն առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ:

Հավելյալ հետազոտության կարոտ է այն հարցը, թե Թուրքիայի հզորացումն ինչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի անվտանգության համար: Ի դեպ նշեմ, որ այդ խնդիրներին է նվիրված ԱՌՀԻ-ում կատարվող հետազոտություններից մեկը:

(շարունակելի)

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ