Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

FACEBOOK-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Արդեն մի քանի շաբաթ է` Facebook սոցիալական ցանցում գործում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջը: Երբ մենք էջում տեղադրեցինք հայտարարություն եւ հնարավորություն ընձեռեցինք մեր ընթերցողներին շնորհավորել հայ զինվորին Նոր տարվա կապակցությամբ, արձագանքները չուշացան: Մենք այդ բարեմաղթանքները փոխանցում ենք քեզ, սիրելի՛ զինվոր:

«Սիրելի եւ քաջարի զինվոր Հայոց Աշխարհի, Նոր տարվա առիթով մաղթում եմ քեզ ամենայն բարիք, ուժ եւ կորով` մեր նախնիների ոգով եւ օրհնությամբ: Արժանի լինե՛ս եւ գիտակցե՛ս սուրբ առաքելության իմաստը եւ խորհուրդը. դու ես շարունակությունը հազարամյակների մեր տառապյալ փորձությունների միջով անցած հավերժական ազգի, այն ազգի, որն այսօր ` հազար տարվա հայ զինվորի եւ հայ պետականության բացակայությունից հետո, քեզ նայելով հպարտանում է: Այսօր քեզնով է հայ մարդու համար իմաստավորվում ազգն ու Հայրենիքը: Դու մեր ներկայի եւ ապագայի մեծ երազանքների անքակտելիությունն ես ապահովում: Հայ զինվորը մեր ազգի գոյատեւման երաշխիքն է, թշնամու սարսափը, հայ ժողովրդի եւ ընտանիքի պահապան հրեշտակը:

Սիրելի հայ զինվոր, պահի՛ր եւ պահպանի՛ր մեր հաղթանակները: Հիշի՛ր` մեկ անգամ զինվոր դարձածը ընդմիշտ զինվոր կմնա եւ զինվորներ կպատրաստի: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Հայոց Բանակը, հավերժ ապրի՛ Հայոց Ազգը: Վերեւում` Աստված, ներքեւում` Հայոց Բանակը, Հայ զինվորը: Շնորհավո՛ր Ամանոր…Բարի ծառայություն, Հայրենիքի սահմանները պաշտպանող իմ Հայ Զինվոր: Վստահ եմ, որ բոլոր ազատամարտիկների անունից եւ սրտից բխած կարող եմ ասել. «Մենք ձեզ մատաղ»»:

ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ
«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար

♦♦♦

«Շուտով Ամանոր է: Ասում են` Նոր Տարվա գիշերը իրականանում են բոլոր երազանքները: Իմ այս տարվա երազանքն է, որ բոլոր զինվորներն անփորձանք ծառայեն, առողջ լինեն, ցանկանում եմ նրանց ուժ, կորով, եռանդ: Իմ սիրելին` Ասլանը, այդ օրը կանգնած է լինելու դիրքում: Աստված նրան եւ բոլոր զինվորներին պահապան, միշտ զինվորս թող ուրախ լինի»:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

♦♦♦

«Մի կողմ թողնելով կարոտը, անհանգստությունն ու մնացած դժվարությունները, հաշվի չառնելով անգամ այն, որ մեզ մի քանի հարյուր կիլոմետր է բաժանում, մի տեսակ հպարտության զգացողություն եմ ապրում, որ սիրածս տղան` Նաիրին, ծառայում է հայկական բանակում: Ուզում եմ նրան մաղթել համբերություն, վստահություն եւ ուժ` դժվարություններին դիմանալու ու մեր երկրի պաշտպանությունն ապահովելու կարեւոր գործը պատվով կատարելու համար: Նրան ու բոլոր զինվորներին ցանկանում եմ անփորձանք ծառայություն: Որքան էլ դժվար լինի, միշտ հիշեք, որ ձեր վերադարձին սպասում ենք անհամբեր»:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

♦♦♦

«Միշտ ուրախանում եմ մեր զինված ուժերի հաջողություններով, որովհետեւ պատերազմի տարիներին ինքս էլ աշխատել եմ պաշտպանության նախարարությունում եւ ականատեսը եղել, թե ինչպես էր դժվարին պայմաններում հետզհետե, քայլ առ քայլ, զորակոչ առ զորակոչ կայանում մեր բանակը… Ու հիմա շատ հպարտ եմ, որ ունենք նման հզոր կառույց, որի մասին մեր ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Գիտեմ, որ տղաներն այս տոնական օրերին շատ կցանկանային ինչպես միշտ լինել իրենց ընտանիքների, իրենց սիրելիների հետ, բայց թող ձեզ ոգեւորի այն գիտակցումը, որ մենք բոլորս հանգիստ ու խաղաղ պայմաններում մեր հարկի տակ դիմավորում ենք Նոր տարին միայն ու միայն ձեր շնորհիվ, շնորհիվ այն բանի, որ զինվորը առանց տրտնջալու Կալաշնիկովը ձեռքին կանգնած է այնտեղ` սահմանին, բարեխղճորեն շարունակում է իր ծառայությունը հարազատ զորամասում… Կեցցեք ու շնորհավոր…»

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
հեռուստահաղորդավար

♦♦♦

«Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի զինծառայողներին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Ցանկանում եմ, որ գալիք տարին եւս լինի խաղաղության տարի, մեր զինծառայողներն ու նրանց հարազատները առողջ եւ երջանիկ լինեն: Թող բոլորի որդիները ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները։ Թող որ զենքն ու զինամթերքն օգտագործեն միայն զորավարժությունների ժամանակ: Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր, քո դժվարին գործը պատվով կատարելու եւ մեր խաղաղ օրերի համար: Փառք մեր բանակին, փառք մեր երկրին ու ժողովրդին»:

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
երգահան

♦♦♦

«Մենք ապրում ենք հայ զինվորի կողմից ազատագրած Հայրենիքում, մենք ապրում ենք հայ զինվորի կողմից պահպանվող Հայրենիքում: Ամեն խաղաղ առավոտ ձեր շնորհիվ է բացվում, տղերք ջան, ամեն օրը, մենք զգում ենք ձեր պաշտպանությունն ու ուժը: Ու թեեւ մենք ամենքիդ առանձին չենք ճանաչում, բայց ամենքիդ առանձին սիրում ենք: Ցանկանում ենք ձեզ խաղաղ, հպարտ ու արժանապատիվ ծառայություն, իսկ ձեր ընտանիքներին ցանկանում ենք համբերություն: Թող բարով ու հպարտությամբ դիմավորեն ձեզ: Բարի Ամանոր, սիրելի զինվորներ, ամուր դիրքեր ու վստահ ծառայություն ձեզ»:

ԴԱՎԻԹ ԵՎ ԹԱՄԱՐԱ
Քարվաճառի բնակիչներ

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Բանակ և հասարակություն


27/12/2012