Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ



Արցախյան պատերազմից անցել են քսան երկար ու ձիգ տարիներ, բայց մեր ժողովուրդը չի մոռանում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի անկախության եւ իրենց ծնած ժողովրդի ազատ ապրելու իրավունքի: Աշխարհ է եկել նոր սերունդ, որը չի լսել ո՛չ հրանոթների արկերի պայթյունը, ո՛չ մահաբեր գնդակների սուլոցը, բայց նրանք մեր հերոսների անմահ սխրագործությունների մասին իրենց հայրերի եւ մայրերի հուշերը անշուշտ կրում են իրենց հոգիներում: Շատ են նրանք… մեկն էլ բալահովիտցի ազատամարտիկ Մխիթար Թումասյանն էր:

Դեկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Բալահովիտ ավանում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ Մխիթար Թումասյանի կիսանդրին: Զոհված հայորդու հիշատակի ոգեկոչմանը ներկա էին ՊՆ Տ եւ ՀԿՎ պետ Վարդան Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ազատամարտիկի ընկերներն ու հարազատները, Բալահովիտի հասարակայնության ներկայացուցիչներ, դպրոցականներ: 24 գարուն ապրած Մխիթարն իր մարտական մկրտությունը ստացել է Բալահովիտի երկրապահ ջոկատի շարքերում: Նրան բոլորը ճանաչում էին որպես խիզախ մարտիկի, որը զոհվեց մարտական ընկերոջ կյանքը փրկելիս:

Հերոսներ չեն ծնվում. հերոսներ դառնում են, երբ երկրի, ժողովրդի համար բախտորոշ մի պահի ի հայտ է գալիս դրա անհրաժեշտությունը: Մխիթարը օժտված էր հենց այդ՝ անհրաժեշտ ՊԱՀԻ սրված զգացողությամբ,- վկայեցին ազատամարտիկի մարտական ընկերները:

Մայրը` տիկին Վարդիթերը, դիմելով ներկաներին` նախ խաղաղություն մաղթեց ամբողջ աշխարհին, այնուհետեւ իր մայրական երախտիքի խոսքն ուղղեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իր որդու կիսանդրու տեղադրմանը:

Իր խոնարհումը բերելով Արցախյան ազատամարտում զոհված հերոսի հիշատակին` ՊՆ Տ եւ ՀԿՎ պետ Վարդան Ավետիսյանը մասնավորապես ասաց.

-Հերոսների փառքը երբեք չի խամրում. նրանք ապրում են մեր հոգիներում. ապրում են` ուրվագծելով հայրենասիրության ճշմարիտ ուղին: Արցախյան ազատամարտի տարիներին հազարավոր հայորդիներ, անկախ մասնագիտությունից, համախմբվեցին մեկ ճշմարիտ գաղափարի շուրջ` թշնամու ոտնձգությունից անաղարտ պահելու հայոց հողը: Եվ այսօր նրանց հիշատակին նվիրված ցանկացած միջոցառում եւ կանգնեցված յուրաքանչյուր հուշակոթող առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին եւ անշուշտ հայրենասիրության բաց դաս` ուղղված գալիք սերունդներին:

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Բանակ և հասարակություն


27/12/2012