Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ



Աշխարհի բոլոր ժողովուրդները տոնում են Նոր տարին, սակայն տարվա տարբեր եղանակներին եւ տարբեր ձևով` համաձայն իրենց ավանդույթների և օրացույցի: Միայն մի բան է ընդհանուր. Ամանորի տոնակատարությունը պետք է անպայման ուրախ լինի և շքեղ, ճոխ սեղաններով և նվերներով:

Քրիստոնեության ընդունումից առաջ հայերը Նոր տարին տոնել են Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ ժամին, այսինքն` գարնանային գիշերահավասարի օրվա (մարտի 21-22) արեւածագին: Ըստ հայկական կենդանակերպի` 2012-ը խեցգետնի տարի է:

Հայերը հունվարի 1-ը` որպես Ամանոր, ընդունել են 18-րդ դարում Սիմեոն կաթողիկոս Երեւանցու օրացույցով:

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում շատ ժողովուրդներ տոնել են ձմեռային արեւադարձի օրը` դեկտեմբերի 22-23-ին, որպես Արեւի աստծո որդու` Միհրի (Միտրայի) ծննդյան օր: Այս հեթանոսական տոնակատարությանը վերջ դնելու համար Հռոմի եկեղեցին 451թ. Քաղկեդոնի ժողովում որոշում է դեկտեմբերի 25-ին նշել Հիսուսի ծննդյան օրը:

Շատերն են սպասում նոր տարվա գալստյանը, քանի որ ակնկալում են կյանքի փոփոխություն, նոր ու հետաքրքիր դեպքեր:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Քրիստոնեական Նոր տարին Գրիգորյան օրացույց օգտագործող երկրները նշում են Հունվարի 1-ին: Գրիգորյան օրացույցը Հուլյան օրացույցի վերափոխված տարբերակն է: Վերջինս ընդունվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի օրոք` մ.թ.ա. 46թ.: Այդ ժամանակ` օրացույցի բարեփոխման ընթացքում, հռոմեական Ծերակույտը որոշում է տարեսկիզբը մարտի 1-ից տեղափոխել հունվարի 1: 1582թ. Հռոմի պապ Գրիգոր 13-րդն արգելում է Հուլյան օրացույցը և գործածության մեջ դնում նորը: Այն աստիճանաբար ընդունվում է այլ երկրներում:

Հետաքրքիրն այն է, որ կաթոլիկ երկրների մեծ մասը «Նոր տարի» անվան հետ միասին օգտագործում է նաեւ «Սիլվեստեր» անվանումը, քանի որ այդ երկրներում վաղուց տոնվում է Սուրբ Սիլվեստերի օրը: Նա Հռոմի Պապն էր, որը վախճանվել է 336թ. նախօրեին: Ըստ ավանդության` 314թ. Սիլվեստերը բռնում է Հին Կտակարանում նշված Լևիաֆան կոչված օձին, որը 1000 թվականին, իբր, պետք է ոչնչացներ աշխարհը: Ուստի Սբ.Սիլվեստերի օրը ընդունված է ուրախանալ, զվարճանալ:

Ամանորյա բացիկների վրա սովորաբար պատկերվում է փոքրիկ երեխա, որը վերածննդի, նոր կյանքի խորհրդանիշն է:

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Իսլամ դավանողներն օգտագործում են 354 օրից բաղկացած լուսնային օրացույց, որի պատճառով Նոր տարվա օրը ամեն տարի փոխվում է, քանի որ Իսլամական օրացույցը 11 օրով կարճ է արեգակնային օրացույցից:

Իսլամական Նոր տարին կամ Մալ Հիջրան տոնվում է Մուհարրամի` իսլամական 1-ին ամսվա 1-ին օրը: «Մուհարրամ» նշանակում է նաեւ «հարգանք»: Եվ ավելի շատ մշակութային միջոցառում է, քան ամանորյա տոնակատարություն: Մարդիկ ողջունում են Նոր տարին խաղաղությամբ և մզկիթում աղոթելով: Մահմեդականները տոնում են այս օրը` հարգանքի տուրք մատուցելով Մուհամեդ մարգարեին:

Շիա մահմեդականներն ամանորյա տոնակատարություններին չեն մասնակցում: Նրանք նշում են Կարբալայի ճակատամարտի հիշատակը, որն ավարտվում է Մուհարրամի 10-րդ օրը:

Սուննի մահմեդականները նույնպես ամանորյա տոնակատարություն չեն անում, քանի որ այդ օրն է մահացել 1-ին խալիֆ Աբու Բաքրը:

ՓԱՐՍԻ (ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ) ՆՈՐ ՏԱՐԻ

Փարսիների նոր տարին կոչվում է Ջամշեդի Նավրոզ (կամ Նովրուզ) և սովորաբար տոնվում է մարտի 21-ին: Այն կոչվում է Պարսկաստանի լեգենդար արքայի` Ջամշեդի անունով, որի օրոք սկսվել է փարսիների օրացույցը: Ըստ նրանց առասպելի` տիեզերքն այս օրն է ստեղծվել: «Նավրոզ» նշանակում է գարուն, որ յուրաքանչյուրի կյանքին նոր լիցք է հաղորդում:

Զրադաշտական օրացույցով 2012-ը սկյուռի տարի է:

ԿԵԼՏԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Կելտերը եվրոպական երկրներում ապրող համայնքներ են, որոնք խոսում են կելտական լեզուներով (գլխավորապես` հնդեվրոպական):

Կելտական նոր տարին կոչվում է Սամհեն (Սամհաին), որը նոյեմբեր ամսվա իռլանդերեն անվանումն է: Կելտական ամանորը Սամա աստծո անունով է, որը մահվան արիական աստվածն է: Իսկ «Սամհեն» շոտլանդերեն նշանակում է «ամառվա վերջ»:

Ըստ կելտական ավանդության` Սամհենը ժամանակի մեջ մի դատարկություն էր, երբ «Մեր աշխարհը» եւ «Այն աշխարհը» միանում էին, որի ընթացքում մահացածները կարող են վերադառնալ ու տաքանալ իրենց ապրած վայրում:

ԲՈՒԴԴԱՅԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում Նոր տարին նշվում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի օրը, սովորաբար հունվարին կամ փետրվարին (եկող տարի հունվարի 23-ին): Ըստ արևելյան օրացույցի` 2012-ը կապտասև ջրային վիշապի տարի է:

Բուդդայականություն դավանող երկրներում Նոր տարին տարբեր օրեր են նշում: Օրինակ` Թայլանդում, Բիրմայում, Շրի Լանկայում, Կամբոջայում և Լաոսում Ամանորը ապրիլ ամսվա առաջին լիալուսնի օրն է և տոնվում է երեք օր շարունակ:

Տիբեթյան նոր տարին կոչվում է Լոսար և նշվում է Տիբեթյան օրացույցի 10-րդ ամսի 25-րդ օրը (հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ):

ՀՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Հրեական նոր տարին նշվում է Տիշրի ամսին, որը Գրիգորյան օրացույցով համապատասխանում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Տոնակատարությունը տևում է 10 օր` սկսվելով Ռոշ Հաշանայով և ավարտվելով Յոմ Կիպպուրով:

ՀՆԴԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Քանի որ Հնդկաստանը բազմազգ եւ բազմակրոն երկիր է, ուստի կարելի է ասել, որ ամբողջ տարի այնտեղ Նոր տարի են նշում: Բնակչության 84 տոկոսը կազմող հինդուների Նոր տարին կոչվում է Դիվալի (Լույսերի տոն) և նշվում է հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին (նորալուսնի օրը): Փենջաբցիներն Ամանորը նշում են փետրվարին (նման է մեր Տրնդեզին): Օրիսսա նահանգում նշում են մարտին, տոնը կոչվում է Հոլի:

Բնակչության ինչպես 12 տոկոսը կազմող մահմեդականները, այնպես էլ 2 տոկոս քրիստոնյաները, 1 տոկոս բուդդայականները, փարսիներն Ամանորը նշում են իրենց օրացույցներին համապատասխան (ինչպես նշեցինք վերևում):

Աշխարհի բոլոր ժողովուրդները կլոր տարին ամանոր են նշում` իրենց ավանդույթներին համաձայն, եւ միայն մի բան է ընդհանուր` համատարած ուրախությունը եւ հավատը լուսավոր ապագայի նկատմամբ…

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Հոգևոր-մշակութային


27/12/2012