Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ

Սկիզբը՝ նախորդ համարում

Ավարտելով ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը՝ աշխատանքի էի անցել Վանաձորի «Ավտոգենմաշ» արտադրական միավորումում, որտեղ լազերային թվածրագրավորմամբ հաստոցներ էին արտադրում: Բաժնի պետ էի, երբ սկսվեց Շարժումը: Գործարանը մեխանիկական ժամանակակից արտադրամաս ուներ, եւ գիշերները զենք ու զինամթերք էինք պատրաստում: 92-ի աշնանը սպայական առաջին զորակոչով մեկնեցի ծառայության: Երկու ավտոբուսով հանրապետական զինկոմիսարիատ հարցազրույցի գնալիս պարզեցի, որ բոլորս համալսարանականներ ենք: Ասես ԵՊՀ շրջանավարտների հանդիպման օր լիներ, բայց առջեւում պատերա՛զմ էր, որը դարձավ մե՛ր պատերազմը: Դատարկ հաստիքացուցակում առաջինը մեր անունները գրվեցին, եւ ես նշանակվեցի Վանաձորում տեղակայված զորամասի 1-ին գումարտակի կապի պետ-կապի դասակի հրամանատար:
Գումարտակում կապի միակ սպան էի, իսկ անձնակազմը հայկական բանակի առաջին զինվորներն էին, որոնց հետ պատերազմի ճամփաներով դեռ երկար էինք քայլելու:
Զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Թազագուլյանը մեծ ուշադրություն էր դարձնում մարտական ուսուցմանը, եւ շուտով գումարտակի կազմով դուրս եկանք մարտավարական զորախաղերի: Համալսարանավարտ էինք, մասնագիտական ինչ ձեռնարկ գտնեինք՝ կարդում, ըմբռնում եւ սկսում էինք կիրառել. խրամատ փորեցինք, իմացանք, թե մեր արածներից ինչն էր ճիշտ, ու ինչն էր անթույլատրելի: Ի վերջո, որոշեցի թղթի վրա գծել, թե ինչ ենք արել: Այն ժամանակ գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը, պատահմամբ տեսնելով, ապշեց, թե՝ մեր բանակում արդեն կապի կազմակերպման սխեմա՞ են գծում:
92-ի վերջին, այսօր Վանաձորի զինվորական կոմիսար Արմեն Թումանյանի հրամանատարությամբ, ողջ գումարտակով առաջին անգամ մեկնեցինք մարտական հերթապահության: Նոյեմբերյանում էինք, իրավիճակը համեմատաբար հանգիստ էր. կռիվները դեռ Կրասնոսելսկում էին, որտեղ ադրբեջանցիներն աստիճանաբար համակերպվում էին Վահանի սահմաններում կրած պարտությանը: 22-23 կմ գծալարային մալուխ փռեցինք, ինչը հիմք դարձավ տեղի զորամասի կապի համակարգի հետագա զարգացման համար:
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Դաշտային Արցախի հայաթափումից հետո հաստատվեցինք Վարդենիսում, աշխատանքի անցա հատուկ կապի անդրկովկասյան վարչության տեղի մասնաճյուղում: Տնօրենը Սամվել Մադոյանն էր, որը պատերազմի տարիներին ու հետո իմ կապի պետը եղավ: Մոնտաժողից հասել էի գլխավոր ինժեների պաշտոնին, երբ 1992-ին սկսվեց զինկոմիսարիատին կից ինքնապաշտպանական գումարտակի կազմավորումը: Նշանակեցին գումարտակի կապի պետ-կապի դասակի հրամանատար:
Պատրաստվում էինք մեկնել Սյունիք, բայց երբ իրավիճակը մեզ մոտ էլ լարվեց, որոշեցին թողնել Վարդենիսում: Դեռ միայն մեկ, բայց նոր հրամանատարաշտաբային մեքենա ունեինք, որի կնիքներն ինքս էլ քանդեցի, եւ խորհրդային բանակում ռադիոհեռախոսավար ծառայած Սուրեն Գրիգորյանի հետ միասին ուսումնասիրելով՝ հինգ օր անց աշխատեցրինք անծանոթ տեխնիկան: Մեր ունեցած զինվորական կայանքները դեռ երկուսն էին՝ Ռ-107: Նաեւ քաղաքացիական կապի ռադիոկայանքներ ստացանք, որոնք տեղադրեցինք Վարդենիսի սահմանները պաշտպանող ստորաբաժանումների հրամանատարների մեքենաներում: Իսկ հրամանատարի՝ Հովսեփ Հովսեփյանի բերած մեզ անծանոթ «Յաեսու» կայանքի կիրառումը Ղարաբաղում արդեն մեծ ճանապարհ անցած «Ազատագրական բանակի» մարտիկներից սովորեցինք: Ժամկետային ծառայության զինվորներ դեռ չունեինք, նրանք 1993-ի գարնանը եկան:
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՄԱՂԱՔՅԱՆ

Լինելով հատուկ կապի մասնագետ՝ ազատված էի սպայական զորակոչից, բայց 92-ի ամռանը, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն արդեն տանկեր ունի, բայց տանկիստներ չունի, գտա խորհրդային բանակում մեր Տ-54-ի անձնակազմին, ու ներկայացանք զինկոմիսարիատ, որտեղ, իմանալով զինվորական վերջին մասնագիտացումս, քաղաքավարի բացատրեցին՝ Հայաստանում նման հին տանկեր վաղուց արդեն չկան: Մի քանի ամիս անց, երբ սկսվեց առաջին սպայական զորակոչը, կրկին գնացի զինկոմիսարիատ եւ մատնացույց անելով կապավոր լինելս՝ պնդեցի զորակոչել: Կապի զորամասում նշանակվեցի դաշտային կապի հանգույցի պետի տեխնիկական գծով տեղակալ:
Դժվար օրեր էին, եւ մեր ուսուցումը նույնչափ դժվարին էր. լամպի լույսով տեխնիկական գրականություն էինք կարդում, անգամ հրամանատարաշտաբային մեքենաները կայանատեղից հանելու համար քարշակի բենզին չէր լինում: Ու երբեմն «բոքսերում» լամպի լույսով էինք տեխնիկան ուսումնասիրում…
Հարեւանությամբ տեղակայված ռուսական զորամասում հայ ենթասպաներ կային, հայկական բանակ չեկան, բայց մեզ շատ բան սովորեցրին: Ինքներս էլ, սովորեցնելով մյուսներին, երկու շաբաթում հրամանատարաշտաբային մեքենաների հինգ, թե վեց անձնակազմ պատրաստեցինք եւ ուղարկեցինք Լաչինի՝ աստիճանաբար նեղացող միջանցք՝ կապ ապահովելու դիրքերի ու շտաբի հետ:
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ
փոխգնդապետ