Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՄԱՀ ՀԵՏԱԽՈՒՅԶ-ՍԱԿՐԱՎՈՐԸ
ԱՆՄԱՀ ՀԵՏԱԽՈՒՅԶ-ՍԱԿՐԱՎՈՐԸ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ազատամարտիկ Համլետ Մինասյանի զոհվելու 21-րդ տարելիցին: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ ՊՄՏԸ-ի նախագահ, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), հետախուզության վարչության նախկին պետ գնդապետ Ի. Ղուկասովը, ,,Գոյամարտ,, ՀԿ նախագահ Ս. Ղազարյանը, ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի պետ գնդապետ Ա. Մուրադյանը, գնդապետ Ռ. Բախշյանը:

Միջոցառումը սկսվեց «Համլետի երազը» կոչվող բեմականացմամբ:

Համլետ Լալազարի Մինասյանը ծնվել է 1958թ. Թուրքմենիայի Մարի քաղաքում: «Համլետը դեռ մանկուց երազում էր դառնալ զինվորական,- ասաց հայրը՝ Լալազարը,- և միջնակարգն ավարտելուց հետո նույն տարում ընդունվեց ԽՍՀՄ-ում լավագույն համարում ունեցող Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ինժեներական զինվորական ուսումնարան (Ուկրաինա), որն ավարտեց 1979-ին»: Բարձրագույն զինվորական կրթություն ստանալուց հետո ծառայել է Էջմիածնում, Նախիջևանում, Կամչատկայի Պետրոպավլովսկում, Չիտայում, Օրջոնիկիձեում: 1985թ. Համլետ Մինասյանը զորացրվել է և վերադարձել Երևան` աշխատանքի անցնելով ամրանների գործարանում: 1988թ. Համազգային շարժումը նոր դարագլուխ է բացում հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ՝ նոր էջ բացելով նաեւ Համլետ Մինասյանի կենսագրության համար:

Երբ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ու Արցախում սկսվում են ռազմական գործողությունները, նախկին զինվորականը մեկնում է ճակատ, մասնակցում բազմաթիվ մարտական գործողությունների: Համլետը միջուկային ականների սակրավորի հազվագյուտ մասնագետ էր և ակտիվ մասնակցություն էր ունենում նոր կազմավորվող հատուկ նշանակության խմբերի մասնագիտական ուսուցմանը: Գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում իրականացնում է մարտական հատուկ առաջադրանքներ` ամենադժվարին իրավիճակներում անգամ աչքի ընկնելով իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, խիզախությամբ ու անմնացորդ նվիրումով:

1991թ. հուլիսի 24-ին Համլետը կամավոր ծառայության է ընդունվում ՀՀ կառավարությանը կից պաշտպանության պետական կոմիտեում ստանձնելով հետախուզության բաժնի ավագ մասնագետի պաշտոնը: 1991թ. դեկտեմբերի 4-ին նա Իջևանից հետ է կանչվում և գործուղվում «Հատուկ շրջան»` Շահումյանի միասնական կամավորական ջոկատների հրամանատարության տրամադրության տակ: Համլետ Մինասյանի գործուղման մասին, որը վերջինը դարձավ նրա համար, հիշում է հետախուզության նախկին պետ Իվան Ղուկասովը. «Համլետը Իջեւանից մեկնեց Շահեն Մեղրյանի մոտ: Փայլուն կերպով լուծելով ականազերծման խնդիրները՝ Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ աջակցող ազատամարտիկների խմբի հետ դեկտեմբերի 9-ին սկսում են հարձակողական գործողությունները Էրքեջ և Թոդան գյուղերի ուղղությամբ, որոնց ազատագրումից հետո հնարավոր պիտի դառնար առաջխաղացումը Մանաշիդ-Բուզլուխ և Կամո-Ազատ գյուղերի ուղղությամբ: Համլետը ամենուր նրանց հետ էր` իր անձնական օրինակով ոգևորելով ու սխրանքների մղելով մարտական ընկերներին»:

Եվ մինչ կծագեր Համլետի երազած լուսավոր գալիքի արևածագը, ահավոր ու դժնի մայրամուտ իջավ հայոց պաշտպանների ճանապարհին… Հայրենյաց զոհասեղանին բարձրացան հինգ կտրիճներ, որոնցից մեկը Համլետն էր:

Համլետի մարտական ընկեր ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի տնօրեն գնդապետ Արայիկ Մուրադյանը անսահման կարոտով հիշում է. «Համլետ Մինասյան. այս անունն ինձ համար հնչում է շատ առեղծվածային: Շատ կուզենայի տեսնել նրան նորից, խոսել ու շատ բան իմանալ նրանից …կարոտը խեղդում է… Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, դեռ ծառայում էր Խորհրդային բանակում: Գիտակցելով, որ հայրենիքն իր նման սպաների կարիքն ունի, որ եկել է ժամանակը իսկապես ծառայելու մայր-հայրենիքին, նա կամավոր զինվորագրվեց ու մեկնեց ճակատ: Բարձրահասակ էր, թիկնեղ, բարի, հանգիստ հայացք ուներ, անսահման համեստ, բայցեւ չափազանց խստապահանջ` առաջին հերթին ինքն իր նկատմամբ, մեծ ստրատեգ էր, բանիմաց, գրագետ կադրային սպա: Որքան շեներ ու գյուղեր, բարձունքներ ու կարեւոր մարտավարական նշանակություն ունեցող դիրքեր են գրավվել Համլետի հետախուզած, չափագրած ու զորքերին մատուցած ռազմավարական քարտեզներով … Համլետն աչքի էր ընկնում ոչ միայն իր ակտիվությամբ, այլև լայն մտահորիզոնով, տաղանդավոր երիտասարդ էր ու շատ ազնիվ»:

Միջոցառման վերջում սրտառուչ խոսքով հանդես եկավ Համլետ Մինասյանի հայրը` Լալազար Մինասյանը. «Այսօր ինձ համար շատ հուզիչ օր է. շուրջ 21 տարի է, ինչ կորցրել եմ միակ որդուս, որի թե՛ մահվան եւ թե՛ ծննդյան օրերը ես ամեն անգամ փորձում եմ նշել յուրովի: Շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր ինձ հետ եք, և միասին ենք մենք հիշում Համլետին: Ես չեմ ողբում իմ որդու մահը, քանի որ նրան դաստիարակել եմ որպես ազգի արժանի ու հայրենասեր զավակի: Եվ գիտեմ, որ կան, դեռ կլինեն իմ որդու նման քաջ ու անվախ, հայրենասեր ու ազգին նվիրված արժանի զավակներ, որոնք կշարունակեն Համլետիս կիսատ թողած գործը»:

Հավերժ կհիշվի հետախույզ-սակրավորը: Չէ որ նրա մահը դեռևս վախճան չէ, քանզի նա հավերժ ապրում է իր հարազատների, մի ամբողջ ժողովրդի արյան տրոփյունի մեջ, ասել է թե՝ մեր սրտերում, մեր հավաքական հիշողության մեջ:

♦♦♦

Զոհվելուց մեկ օր առաջ Համլետն իր ծոցատետրում գրել է այսպիսի տողեր.

-Ու թե ընկնեմ հանուն Արցախի,

Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց,

Տղերք, ջնջեցեք թշնամուն վայրի,

Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:

ԼԻԼԻԹ ԱԲԱՋՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի
3-րդ կուրսի ուսանող
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ