Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ…



1980թ. վերջին ամերիկացի մի սեյսմոլոգ հայտարարել էր, թե Կոլումբիայում, Չիլիում և Պերուում ուժեղ երկրաշարժ է սպասվում։

Երկրաշարժ տեղի չունեցավ, և սեյսմոլոգ կանխատեսողին դատի տվեցին։ Ահա թե ինչ է նշանակում անզգույշ հայտարարությունը։ Չարժե բացատրել, թե ինչքան մեծ է այն մասնագետների պատասխանատվությունը, որոնց անզգույշ մի խոսքն անգամ կարող է բնակչության շրջանում զանգվածային իրարանցում, խուճապ առաջացնել՝ դրանից բխող տարաբնույթ հետևանքներով։

Այնուհանդերձ, հազվադեպ, բայց հայտնի են դեպքեր, երբ հնարավոր է եղել ստույգ կանխորոշել երկրաշարժի առաջացման վայրն ու ժամանակը, որոնցից ամենահայտնին, անտարակույս, Չինական Հլյոսոնի նահանգի Հայաչեն քաղաքն է։

1975թ. հունվարին մասնագետները անհրաժեշտ համարեցին հաղորդում տարածել մոտեցող աղետի մասին, և փետրվարի 4-ին ժամը 14-ին պաշտոնական տագնապ հայտարարվեց՝ ցանկացած վայրկյանի կարող է տեղի ունենալ երկրաշարժ։ Եվ ժամը 19-ն անց 36 րոպե տեղի ունեցավ 7,3 մագնիտուդ երկրաշարժ։ Տագնապի հինգ ու կես ժամը բավարար էր քաղաքից բնակչությանը տարհանելու և անվտանգ վայր տեղափոխելու համար, ինչի շնորհիվ փրկվեցին տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր այն դեպքում, երբ քաղաքի բնակելի շենքերը, կառույցները, գործարաններն ու հաղորդակցական ուղիները հավասարվել էին գետնին։

Հայտնի են հաջող կանխատեսման նաև այլ դեպքեր։ 1976թ. երբ երկրաշարժերի աննախադեպ քանակը ցնցեց ողջ աշխարհը, Չինաստանում գրանցվել է ևս երեք հաջող կանխատեսում՝ մայիսի 29-ին, օգոստոսի 6-ին և նոյեմբերի 7-ին։ Եվ ամեն անգամ էլ երկրաշարժից մի քանի օր կամ մի քանի ժամ առաջ տրվել է օպերատիվ տեղեկատվություն, թե որտեղ և երբ է լինելու։ Այնինչ չին գիտնականները այդ մի քանի հաջողված կանխատեսումներից առանձնապես չեն ոգևորվել և ուղղակիորեն հայտնել են, որ երկրաշարժերը հիմնականում անկանխատեսելի են։

Երկրաշարժերի կանխատեսման մասին ամենատարբեր տեսակետներ գոյություն ունեն, սակայն առանձնակի ուշադրության են արժանի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության արտահերթ նիստի նյութերը Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի աշխատանքների մասին։ Ինստիտուտի գիտնականները 1986թ. 295 օրինակով հրատարակված «Երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսում» խորագրով մեթոդական առաջարկություններում սպասվող մոտակա ավերիչ երկրաշարժերի գոտի են նշում Սպիտակ-Կիրովական-Լենինական եռանկյունին։

Գիտնականները կոնկրետ պաշտպանական միջոցառումների անցկացման մի ամբողջ շարք առաջարկություններ միջգերատեսչական կազմակերպություններում հաստատելուց հետո հանձնել են Հայաստանի կառավարությանը։ Ցավոք, ապարդյուն։ Արդեն դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած նիստում ակադեմիկոս Գ. Մարչուկը նշել է, որ փաստորեն կանխատեսում է տրվել հենց այն տարածքի մասին, որտեղ էլ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը։ Սակայն ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել։ Նման մասնագիտական անպատասխանատվությունն ու պետական մակարդակի անտարբերությունը ակադեմիկոսը գիտության նկատմամբ արհամարհանք ու հավատի բացակայություն է որակել։

Հետաքրքրական է նաև Ուկրանիայի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Էմմա Նեսմեյանովիչի 1988թ. նոյեմբերի 23-ին Յալթայում ԽՍՀՄ Աերոդինամիկայի 10-րդ խորհրդակցության ժամանակ կարդացած զեկուցումը իր հետազոտությունների շուրջ, որում նա նշում էր Հայաստանում սպասվող երկրաշարժի մասին՝ պահանջելով շտապ ի մի բերել բոլոր ուժերը։ Նման կանխատեսում էր արել նաև աստղաֆիզիկոս Բեսետը։

Նրան նախատեցին, ասելով՝ «Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ խուճապ կլինի Անդրկովկասում»։

Երկրաշարժից հետո, երբ Էմմա Իվանովնա Նեսմեյանովիչը հանդիպել է հայ երկրաշարժագետների, երկրաշարժերին նախորդող ֆիզիկական ու քիմիական երևույթները ուսումնասիրող գիտնականների հետ, հայ գիտնականների վարքագիծը, մեղմ ասած, նորմալ չի համարել. «Ահա հայտնի գիտնականները, դոկտորները, ամբողջ ինստիտուտներ, որոնցից ոչ մի կանխատեսում էլ չես սպասում, և ահա ես՝ ոչնչությունս, համարձակ և վստահ կանխատեսել եմ, որ իմ շուրջը ամեն տեսակ սադրանքներ են նյութում»։

Այս ամենը ոչ միայն տհաճ ու անբարոյական է մեզ համար, այլև խիստ ցավալի է այն պարզ պատճառով, որ թե՛ հայ գիտնականները և թե՛ պետական այրերը, երկրաշարժի մասին վաղօրոք իմանալով հստակ տեղեկություններ, աններելի անտարբերություն են ցուցաբերել, ավելին՝ փաստորեն սադրանքի են ենթարկել այն կնոջը, որը զգուշացնում էր սպասվելիք աղետի մասին։

♦♦♦

Ունենալով լեռնափրկարարական աշխատանքների մեծ փորձ, երկրաշարժի առաջին իսկ օրվանից ֆիզիկայի ինստիտուտի բարձրակարգ լեռնագնացների հետ մասնակցեցինք Սպիտակում և Լենինականում անցկացվող փրկարարական աշխատանքների։ Ամենևին հակված չեմ մեր կատարած աշխատանքների մասին գովեստի խոսքեր շռայլելու, սակայն կարող եմ հստակորեն ասել, որ այն, ինչին ընդունակ էինք, և այն, ինչին պարտավոր է տիրապետել լեռնափրկարարը, պատվով կատարեցինք՝ չունենալով գերմանական, ֆրանսիական ու ավստրիական փրկարարների՝ աղետյալներին որոնելու ժամանակակից տեխնիկական միջոցներն ու հատուկ վարժեցված շները…

Կործանիչ երկրաշարժի դասերը անհետևանք չանցան, եւ արդեն իսկ 1992թ. ստեղծվեց համապատասխան պետական կառույց՝ ԱԻ վարչությունը, այժմ՝ նախարարություն՝ հատուկ փրկարարական ջոկատներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Ասում են՝ չկա չարիք առանց բարիքի…

Այժմ մենք ազգովի այն չենք, ինչ երկրաշարժից առաջ, անելիքները տակավին շատ են՝ հատկապես բնակչության շրջանում աղետներին դիմակայելու պատշաճ վարքագիծ ու անվտանգության գործնական (տարրական) հմտություններ ներմուծելու համար։

Հ.Գ.

Կայացած ու չկայացած կանխատեսումները միով բանիվ վկայում են, որ երկրաշարժերի ստույգ կանխատեսումներ անելու հնարավորությունից մարդկությունն առայժմ զուրկ է։ Բայց և կարելի է մի բան ևս հաստատ փաստել. մարդկային հոգու անկանխատեսելի ստորաքարշությունը ունակ է հանգեցնել ոչ պակաս կործանիչ ավերածությունների՝ լինի գիտնական, պետական գործիչ, թե հասարակ քաղաքացի…

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
պատվավոր լեռնափրկարար
պրոֆեսոր

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


14/12/2012