Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ԶԱՎԱԿՆԵՐ



«Ես՝ Անահիտ Գուրգենի Հովհաննիսյանս, ծնվել եմ 1953թ. Ռուսաստանի Դաշնությունում՝ Սիբիրում, աքսորի բռնադատվածների ընտանիքում։ 7 տարեկան հասակում վերադարձել ենք Հայաստան։ Սովորել եմ Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցում։ 1970 թվականին ավարտելով դպրոցը` Մերգելյանի անվան գործարանում աշխատանքի անցա որպես մոնտաժող։ Չէին վերցնում աշխատանքի, բայց երբ իմացան, որ մայրս նոր է մահացել, իսկ հայրս վատառողջ է՝ համաձայնվեցին։ Երկու քույր, մեկ եղբայր ենք։ Մեծը ես էի, ու ընտանիքի հոգսը ծանրացավ իմ ուսերին»,- այսպես է սկսում իր ինքնակենսագրությունը տիկին Անահիտը և շրջանցելով խորհրդային տարիների իրադարձությունները, միանգամից անցնում է դարավերջի մեր ազգային-ազատագրական պայքարին։

Չնայած ապրած դժվարին, պատերազական ծանր օրերին, տիկին Անահիտը պահպանել է կենսասիրությունը, հումորը։ Պատերազմական օրերից ավելի շատ հիշում է ուրախ ու ծիծաղելի դեպքեր։

-Իմ մարտական ընկերները երևի մոռացել են իմ Անահիտ անունը։ Ինձ Մուկ են ասում, Մկնիկ։ Անվանս «մկրտությունն» այսպես եղավ. 1992 թվականի օգոստոսին Վ. Սարգսյանի կանչով ներկայացա և անդամագրվեցի մահապարտների «Արծիվ-1» գումարտակի ականանետային դասակին (մինչ այդ զինվորագրվել էի ՀԱԲ-ին)։ Երբ Վ. Սարգսյանը ծանոթանում էր զինվորագրված տղաների հետ և հերթը հասավ ինձ՝ ծիծաղելով ասաց.

-Ա՛յ Մկնիկ, դո՞ւ էլ ես գնում, իսկ գիտե՞ս, թե ուր ես գնում։

-Գիտեմ, պարոն նախարար։ Թեև մուկ եմ, բայց հաստատ սերմացու գողացող մկներից չեմ, այլ սերմացու ավելացնող։ Համ էլ թուրքերին ցույց կտամ մկների բները, որ պետք եղած ժամանակ 1000 թումանով առնեն։

Պատասխանը շատ էր դուր եկել Վազգենին՝ քահ-քահ ծիծաղում էր, ծիծաղին միացել էին տղաները։

Այդպես անունս մնաց Մուկ։

Մի անգամ Մոնթեն բարկացած ասաց (Չորեքտարում).

-Մուկին պես ամեն տեղ քիթդ կխոթես, մի օր էլ կմնաս առանց քիթ։ Սակայն քիթ ունենաս-չունենաս ալ միևնույն է՝ անունդ կա ու կա,- հետո Մոնթեի ձայնը մեղմացավ, տխրություն իջավ (որը հազվադեպ երևույթ էր) ու կամացուկ ինձ ասաց.

-Անահիտ, ցածրիկ ձայնով երգիր,- ու ինքը սկսեց.

-Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն էր արթուն…

Ինչ-որ անմեկին կարոտ էր ծովացել-լցվել մեծ հայրենասերի հոգում և ուզում էր դուրս հորդել։ Դա հազվադեպ երևույթ էր, որ Մոնթեն զգացնել տար իր ներքին ապրումները։ Մոնթեն շատ էր հոգով հզոր, մեծ, միևնույն ժամանակ անչափ բարի էր, զգայուն…

Խոսում-վերհիշում է տիկին Անահիտը ու սեղանին շարում թղթեր, լուսանկարներ, որոնք ժամանակի ընթացքում խունացել են, դեղնել։ Ցույց է տալիս «Արծիվ մահապարտների միության» նախագահ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանի, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ միության (նախագահ Յու. Միքայելյան) կողմից տրված բնութագրերն ու մարտական ուղին, ստացած մեդալների վկայականների պատճենները, ինչպես նաև՝ 1998թ. ՀՀ նախագահի հրամանով մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության և խիզախության համար որպես պարգև ստացած «Մարտական ծառայություն» մեդալը։

-Երեք երեխա ունեմ՝ երկու աղջիկ, մեկ տղա, ունեմ 4 թոռներ, որոնցից երկուսի անունները՝ Անժելա և Հարութ, ես եմ դրել։ Անվանակոչել եմ իմ մարտական ընկերների անունով, որոնք զոհվել են։ Անժելան բուժքույր էր։

Գնահատված լինելը թեթևացնում է ապրած դժվարին կյանքը. իմ մեդալների, պատվոգրերի, պատերազմից մնացած այս լուսանկարների մասին ժամերով պատմում եմ իմ թոռներին։ Երևի ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը դա է։ Ցավով եմ նայում մեր տղաներին՝ գնահատանքը քիչ է, աննշան։ Իմ բնավորության համաձայն` մեկ-մեկ կատակում եմ.

-Ձեր ցավը մի քիչ տվեք տանեմ։

-Դու քոնը տար, մենք մերը կտանենք, կարծես քոնը քիչ է, մերն էլ ես ուզում։

Ճիշտն ասած` մեր տղաներից բոլորի հետ էլ տարիների ընթացքում մտերմացել, դարձել ենք հարազատներ։ Գալիս ենք Արցախյան պատերազմի վետերանների միություն, Յուրայի մոտ։ Նստում ենք, խոսում, ասում, պատմում, վերհիշում ենք։ Հիշում ենք արթիկցի Հովսեփին, էջմիածինցի Հարութին, Քեռիին, Արցախից Ստեփանին, Ավոյին, Նորիկին, Կամոյին։ Շատ են պատերազմական հիշողությունները։ Յուրան, մեր Յուրան, որ հնար լինի` սիրտն էլ կհանի կտա տղաներին, օգնում է՝ ինչով հնարավոր է, ինչով կարողանում է։ Ասեմ, որ ամենամեծ բալասանը բարի խոսքն է, հոգատար վերաբերմունքը։ Երբ տղաներից մեկին մի որոշ ժամանակ չենք տեսնում, անմիջապես Յուրան զգում է նրա բացակայությունը և հետաքրքրվում՝ հո հիվանդ չէ՞, ինչի՞ կարիք ունի: Մի՞թե դա քիչ է։ Նաև պիտի ասեմ, որ տղաները, որքան էլ գնահատված չլինեն, որքան էլ ապրեն նեղության մեջ՝ հարկ եղած դեպքում դուրս են գալիս իրենց սուրբ գործին՝ այ էդպիսին են մեր տղաները։ Վետերանների միության սենյակի հենց դիմացն է գտնվում «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն։ Նախագահն է Գոհար Արմենակյանը, որն ամբողջ օրը ընդունում է զոհված տղաների մայրերին, իր բարի խոսքով, իր գործով փորձում է նրանց օգտակար լինել։ Ով վիշտ է տեսել, ով եղել է պատերազմի դաշտում, տեսել ընկերոջ մահ, արյուն՝ նա լավ կհասկանա, թե ինչ ասել է սրտացավ վերաբերմունք։

Հիշողությունները տիկին Անահիտին տանում են հայրենի սահմաններ, տանում են Արցախ՝ Շահումյան, Մարտակերտ, Չլդրան, Վաղուհաս, Կուբաթլու… Հիշում է բուժքույր-ազատամարտիկներ Սվետային, Ռուզանին, Կարինեին։ Հիշում է Անժելային, Գայանեին, որոնց մահվան հետ մինչ օրս չի հաշտվում։

-Հենց ժամանակ է լինում, գնում եմ Ստեփանակերտ, հյուր լինում իմ զոհված մարտական ընկերների հարազատներին, Գառնիկի ծնողներին։ Ծնողների՝ Գրետայի ու Էդիկի հետ այցելում եմ Գառնիկի շիրիմին։ Գառնիկը նրանց միակ զավակն էր, զոհվեց 1993-ի օգոստոսի 18-ին Խծաբերդում։ Խծաբերդում զոհվեց նաև մեր Գայանեն, որը Էջմիածնից էր։ Գառնիկի մահից հետո կինը աղջիկ ունեցավ՝ միակը, և ի պատիվ հոր՝ կոչեցին Գառնուհի։ Գառնիկի Գրետա մայրիկի հետ շատ էինք կապված։ Մինչ օրս պահում եմ պատերազմի օրերից քրքրված` նրա նվիրած գուլպաները։

Օրերը, տարիները անցնում են, և անցնող տարիների հետ կարոտն ավելի է բորբոքվում։ Կարոտում եմ իմ ապրող ու զոհված մարտական ընկերներին։ Կարոտում եմ փոքրիկ Ալեքսանդրին, որին հետս Հայաստան բերեցի։ Երկու տարեկան էր։ Ծնողները զոհվել էին ռմբակոծությունից։ Խարխափուտ գյուղից էր։ Շատ էր սիրուն, ձիգ, գեղեցիկ հասակով, այտին խալ ուներ։ Ասում էի` երևի ծնողներն էլ այդպես գեղեցիկ են եղել։ Փնտրեցի նրանց հարազատներին։ Հայտարարություն տվեցի, բայց ոչ մեկը չհայտնվեց։ Արդեն վեց տարեկան էր, դպրոց էր գնում։ Այդ տարիքում երևում էր ազնվությունը, հալալ կաթնակեր էր։ Թե մի բան էր խոստանում, պետք է կատարեր։ Խանութ էի ուղարկում, մանրը պարտադիր վերադարձնում էր։ Ամեն կերպ աշխատում էր ինձ քիչ հոգս պատճառել։ Էջմիածնում մկրտության ժամանակ բարեգործ Ֆելիքսը (Ֆրանսիայից էր, ազգանունը չեմ հիշում) որդեգրեց, հետը տարավ Ֆրանսիա։ Զանգում էր, խոսում էինք, դարձել էր Ալեքս։ Ֆելիքսի մահից հետո էլ չի զանգում։ Շատ եմ կարոտում, ոնց իմ երեխաներին։ Բայց դե ասում եմ.

-Ոչինչ, թող հեռու լինի, ոչինչ, թող չզանգի, միայն Աստված տա` ողջ լինի, առողջ։ Գիտեմ, որտեղ էլ լինի, երբեք չի մոռանա իր ծննդավայրը՝ Արցախի Խարխափուտ գյուղը, երբեք չի մոռանա արցախցուն բնորոշ ազնվությունը, քաջությունը, մարդկային արժանիքները։ Ինչ իմանաս, գուցե մի օր նշանավոր մարդ դառնա և խոսի իր հայրենիքից, Արցախից, իր ծնողներից և ձայնը լսելի լինի։ Աստված տա` այդպես լինի։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ճակատագրեր


14/12/2012