Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՒ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Սարայ-Բողազքյասանի կռիվների մասին Ռոստոմի` «Դրօշակ»-ին առաքած թղթակցություններից հետո միայն ՀՅԴ գործիչների շրջաններում Նիկոլն անվանվեց Դուման:

Մինչ այդ կռիվներն իրեն արժանապատվորեն դրսևորած և քաջ հայդուկի անուն ու հարգանք վայելող Դումանը Սարայ-Բողազքյասանի հերոսամարտերից հետո Վասպուրականի, Սալմաստի հայության շրջաններում ձեռք է բերում արտակարգ ժողովրդականություն:

Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա նկատելի տպավորություն է գործել և մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքյասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետների գնդակահարելու իրողությունը: Հոդվածագրի հավաստմամբ` կռիվները «…մեծ սարսափ էին ձգել թե կառավարության և թե թուրք ու քուրտ խուժանի վրայ, որոնք հավատացել էին, թե արտասահմանից 5000-ից ավելի կաչախներ (ավազակներ) եկել են Վան: Վանը սուլթանի մտատանջության առարկան դարձավ»:

Թուրքական իշխանությունները Վասպուրականի բնակչությանը ահաբեկելու և բռնություններ գործադրելու նպատակով առավելապես օգտագործել են քուրդ աշիրեթներին: Քուրդ համիդիեական հեծյալներն ու աշիրեթները իշխանությունների թողտվությամբ պարբերաբար ներխուժել են հայկական գյուղերն ու հայ հեղափոխականներին փնտրելու պատրվակով դաժան տանջանքների ենթարկել գյուղացիներին: Գյուղացիությանը քրդերի հարձակումներից պաշտպանելու համար դաշնակցականներն ու արմենականները կազմակերպում են մարտական-թռուցիկ խմբեր, որոնք առաջին իսկ ահազանգի դեպքում պիտի օգնության շտապեին հարձակման ենթարկված գյուղերին: Մարտախմբերը գործում էին Նիկոլ Դումանի և արմենական Փանոյի Ավանեսի գլխավորությամբ:

Չնայած Վասպուրականի հայկական բնակավայրերի պաշտպանության համար քուրդ աշիրեթների դեմ մղած կռիվների մանրամասները ժամանակին գրի չեն առնվել ու պահպանվել, այնուամենայնիվ, եղած վկայությունները հիմք են տալիս պնդելու, որ Դումանի և Փանոյի Ավանեսի գլխավորած մարտական- թռուցիկ խմբերի գործունեությունը Վասպուրականում եղել է նպատակային ու արգասաբեր: Դումանի գլխավորած մարտախմբերն իրենց հերոսական գործողություններով աչքի են ընկել հայկական մի շարք բնակավայրերի, հատկապես «Կունինան, Ոսկիպակ, Նոր Գյուղ, Հնդստան, Առիջ» գյուղերի պաշտպանության համար մղվող կռիվներում:

Վասպուրականի հայությանը զինելու և ինքնապաշտպանությունը կայուն հիմքերի վրա դնելու նպատակով Վանում գործող հեղափոխական կազմակերպությունները կազմակերպում են հանգանակություն՝ դրամահավաք: Հանգանակած գումարով զենք գնելու նպատակով Վանից Պարսկաստան են մեկնում հեղափոխական գործիչներ, որոնց թվում նաև ժողովրդի մեջ մեծ հեղինակություն ունեցող փորձառու ֆիդայիներ: Նույն նպատակով զինակիր խմբով Վանից հեռանում է նաև Դումանը: Հասնելով Դերիկ` Դումանի զինախումբը հայտնվում է պաշարման մեջ: Քրդերը մեծ բազմությամբ, հեծյալ ու հետիոտն լցվում են վանքի մերձակայքը և սկսում կրակ տեղալ հայ մարտիկների վրա: Դումանի խմբում կար ընդամենը 12 հրացան և 25 ատրճանակ, իսկ մնացածները` անզեն եկել էին զենք տեղափոխելու համար:

Զինատար խմբի առաջադրանքն էր հնարավորինս խուսափել բախումներից, հասնել Սալմաստ ու այնտեղից զենք և զինամթերքով բեռնած՝ անհապաղ ետ վերադառնալ: Կռվից խուսափելու նպատակով Դումանն իր մարտիկներին հրամայում է չպատասխանել հակառակորդի կրակոցներին և փորձում է քրդերին համոզել, որ իրենք ոչ թե թշնամի են, այլ՝ բարեկամ:

Զինախմբի` կռվից խույս տալու տրամադրվածությունն ու խաղաղ կեցվածքը ավելի է բորբոքում քրդերին: Նրանք Դումանի առաջարկությունն ընդունում են որպես վախկոտության արտահայտություն ու առավելագույնս ոգևորվելով՝ ավելի ու ավելի են սաստկացնում կրակոցները: Դումանն անզեն մարդկանց հրահանգում է, որ պատսպարվեն վանքի պատերի հետևում, իսկ զենք ունեցողներին տալիս է որոշակի հանձնարարություններ. Շերոն, խմբապետ Միքոն, Հակոբը և Մանուկը ամրանում են վանքի հյուսիսարևմտյան կողմում գտնվող բլրի վրա, իսկ ինքը երեք հայդուկներով դիրքավորվում է վանքի հարևանությամբ: Հայդուկների մյուս մասը բարձրանում է վանքի տանիքը:

Քրդերը, առավել մեծ ուշադրություն դարձնելով բլրակին, հոծ բազմությամբ հարձակվում են չորս հայդուկների դիրքերի վրա, բայց հանդիպելով նրանց դիպուկ հարվածներին և տալով մի քանի զոհ՝ հետ են դառնում: Հայդուկները, ճիշտ չգնահատելով ստեղծված կացությունը և ոգևորվելով քրդերի նահանջից, անվարան դուրս են գալիս դիրքերից ու աներկյուղ խոյանում քրդերի վրա: Քուրդ հեծյալները, օգտվելով հայդուկների անխոհեմ մարտավարությունից ու անպաշտպան դիրքից, անմիջապես շրջապատում են նրանց: Կռվի ընթացքում կատարվում է մի հիշարժան դեպք փորձառու հայդուկներից մեկի՝ Շերոյի հետ: Հայդուկների շրջանում վաղուց ճանաչված և իրենց քաջությամբ հայտնի էին քրդախոս երկու անբաժան ընկերների՝ Չաթոյի և Շերոյի անունները: Չաթոն զոհվել էր պատահաբար, և նրա մահը մեծ վիշտ էր պատճառել նրա անբաժան ընկերոջը՝ Շերոյին: Այդ օրվանից մոռանալով ամեն ինչ և կարծես մահ փնտրելով՝ կռիվների ժամանակ նա նետվել է ամենաշիկացած տեղերը: Չաթոն թաղված է Դերիկի մերձակայքում: Մարտի ընթացքում ուշադրություն չդարձնելով իրենց վրա տեղացող գնդակներին՝ Շերոն, զինակիցների համագործակցությամբ հետ մղելով հարձակումը, ծանր վիրավորվում է և մեծ դժվարությամբ շարժվելով, հասնում է Չաթոյի գերեզմանին ու փարվելով հողաթմբին՝ հանգիստ կնքում իր մահկանացուն:

Շերոյի և նրա զինակիցների զոհվելուց հետո քրդերն արագորեն գրավում են արդեն անպաշտպան մնացած դիրքը: Դումանի խումբը, շրջապատվելով քրդերի կողմից՝ հայտնվում է անելանելի իրավիճակում: Քրդերի գնդակներից պաշտպանվելու միակ հուսալի վայրը Դերիկա վանքն էր, որը քրդերը վաղօրոք հասցրել էին կիսով չափ քանդել: Ինչպես Բողազքյասանում, այստեղ էլ թշնամին փուշ, խոտ ու փայտ է լցնում վանքի չորս կողմը և այրում: Դումանը հրամայում է բոլորին հավաքվել դռան մոտ և պատրաստվում է անսպասելի, վճռական գրոհով պատռել պաշարող շղթան: Հարձակվողները կարծելով, որ վանքի ներսում հրդեհի ծուխը խեղդել է մարտիկներին, մի պահ դադարեցնում են հրաձգությունը: Օգտվելով քրդերի հանգստությունից` խումբը Դումանի առաջնորդությամբ, արագությամբ դուրս է թռչում վանքից, հրացանազարկ անում պաշարողներին, պատռում շրջափակման օղակը և, մինչ նրանք ուշքի կգային, «… շղթան պատռելով, դուրս են գալիս և բարձրանում Սպիտակ սարի փեշերը…»:

Դումանի կիրառած մարտավարության ու դիպուկ հարվածների շնորհիվ հակառակորդը խուճապի է մատնվում, իսկ ֆիդայիները հասցնում են բարձրանալ սարն ու հուսալի դիրքեր գրավել: Կատարվածից քիչ անց զգաստանալով՝ քրդերը դարձյալ հարձակվում են հայ մարտիկների վրա: Նրանց դիրքերը արդեն շատ հարմար էին պաշտպանվելու համար, տեսադաշտը բաց էր, ինչն առավելագույն հնարավորություն է ընձեռում հայ մարտիկներին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու, բարձրից գնդակահարել դեպի սարի գագաթը մագլցողերին: Քրդերը, չկարողանալով ընկճել հայ մարտիկների դիմադրությունը, ճարահատյալ դադարեցնում են գրոհները:

Ազատվելով քրդերի հետապնդումից՝ Դումանը մարտախմբով հասնում է Սալմաստ, ուր ի պատասխան Գարահիսար լեռան լանջին ու Սբ. Բարդուղիմեոս վանքի մերձակայքում ուխտադրժորեն կոտորված հարյուրավոր վանեցիների, կազմակերպում է Խանասորի արշավանքը:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Պատմության էջերից


14/12/2012