Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՏՎԱԲԵՐ ՍԿԻԶԲԸ



Ծնվել եմ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, ծառայողի ընտանիքում։ Երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը` հայրս, մայրս երկու եղբայրներս ու ես, հեռացել է Հայաստանից։ Ավելի ճիշտ՝ ոչ թե հեռացել, այլ, հանգամանքների բերումով, ժամանակավորապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ էլ հաճախել եմ մանկապարտեզ, դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։

-Ամեն հայի համար իր երկրի բանակում ծառայելը պատվի և արժանապատվության հարց է, և ես, տղա՛ս, շատ եմ ցանկանում, որ դու անպայման ծառայես, դառնաս մեր հաղթանակած բանակի զինվորը, մենք էլ քեզնով հպարտանանք,- մի երեկո, հերթական զրույց- քննարկման ժամանակ ասաց հայրս։

Այդ զրույցից հետո վերջնականապես որոշեցի վերադառնալ Հայաստան` քաղաքացիական-հայրենասիրական ու որդիական պարտքս կատարելու։ Հաջորդ առավոտյան վաղ արթնացա և ճանապարհվեցի ՀՀ դեսպանատուն։ Դիմում գրեցի՝ կամենում եմ ծառայել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Մի քանի օրից արդեն Հայաստանում էի, իսկ քսաներկուսս լրացավ բանակում։

Զինվորական ծառայությամբ հայրենիքին պարտքը հատուցելը համարում եմ կյանքում իմ անցնելիք ճանապարհի պատվաբեր սկիզբը։ Վստահ եմ, որ բանակային այս երկու տարիները էապես կփոխեն շատ ու շատ բաների մասին իմ պատկերացումները։ Ասեմ, որ մեր տանը առիթից առիթ չէ, որ հիշում են Հայաստանը։ Հատկապես հայրիկիս շնորհիվ հայրենիքը մշտապես եղել է մեր երեք եղբայրների սրտում։ Մեր ոչ մի օրը չի ավարտվել առանց հայրենիքի մասին խոսք ու զրույցի։ Ինձնից առաջ էլ եղբայրս էր կամավոր եկել ու զորակոչվել։ Ծառայել էր սահմանային զորամասում, գոհ էր ծառայությունից։ Հայրիկիս խորհուրդ-հորդորները, ավագ եղբորս բանակային պատումները մեջս անկասելի ցանկություն արթնացրին անպայման ծառայել իմ երկրի բանակում։

Մարտեր առանց կանոնների մարզաձևից սպորտի վարպետ եմ, ՌԴ պատանիների եռակի հաղթող։

Արդեն հինգ ամիս է, ինչ հայոց բանակի զինվոր եմ եւ սիրով ու նվիրումով պարտքս եմ կատարում։ Մասնակցել եմ զորավարժության, ինչը շատ ուսանելի եւ հետաքրքիր էր։ Եթե հնարավոր լինի, հետագայում կընտրեմ հետախույզի մասնագիտությունը. այն ինձ ավելի հոգեհարազատ է։ Առայժմ գնդացրորդ եմ:

ԱԶԱՏ ՄԵԼՈՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Բանակ և հասարակություն


14/12/2012