Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀՈԳՈՒՍ ԵՐԳԸ՝ ԶԻՆՎՈՐԻՆ»
«ՀՈԳՈՒՍ ԵՐԳԸ՝ ԶԻՆՎՈՐԻՆ»

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրույցը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ:

-Տիկին Մարտիրոսյան, մեր զրույցն սկսենք Ձեր կենսագրությունից, մասնավորապես՝ցանկալի է լսել այնպիսի մանրամասներ, որոնք սովորաբար չես գտնում արվեստագետի մասին պաշտոնական տեղեկություններում։

-Ես Գյումրիում եմ ծնվել։ Հայրս սպորտի վարպետ էր, ըմբշամարտիկ, մարզիչ, մայրս տնային տնտեսուհի էր։ Մենք չորս երեխա էինք՝ երկու տղա, երկու աղջիկ, ես ընտանիքի ամենակրտսերն էի։ Համարձակ, ժիր, չարաճճի երեխա էի, սիրում էի ուշադրություն գրավել։ Ձայնային տվյալները մորիցս եմ ժառանգել, նա շատ լավ երգում էր, հիմնականում՝ ժողովրդական երգեր։ Ես մանկապարտեզի երգչուհին էի եւ մանկական երգերի փոխարեն երգում էի մորիցս լսած երգերը՝ «Դլե յամանը», «Մաճկալը», «Լանջեր մարջանը»։ Մեր տանը միշտ էլ հնչել է բարձրաճաշակ երաժշտություն՝ դասական, ժողովրդական, եւ պատահական չէ, որ ես էլ, քույրս էլ երաժշտական դպրոց հաճախեցինք։ Ես, ուսուցիչներիս ասելով, խոստումնալից դաշնակահար էի, հաջողություններ ունեի։ Շատ արագ էի յուրացնում, բայց աշխատասեր չէի։ Նույնն էի նաեւ դպրոցում։ Ես միշտ էլ առաջավոր աշակերտ եմ եղել, բայց հաջողության համար պարտական եմ միմիայն բնատուր ձիրքին։ Իմ տարերքը խաղն էր, զանազան արկածները, որոնց կազմակերպիչն էի ու գլխավորողը։

-Ինչպե՞ս իրականացավ դաշնակահարուհուց երգչուհի անցումը։

-Մասնակցեցի «Գարուն-73» ժողովրդական երգի մրցույթին, որտեղ ներկայացված էր մոտ 800 կատարող, եւ գրավեցի առաջին տեղը։ Այդ ժամանակ սովորում էի Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում եւ մեծ ծրագրեր ունեի կապված մասնագիտությանս հետ։ Երգը հոբի էր ինձ համար, ելույթ ունեցա նաեւ Ավետիք Իսահակյանի ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ, երգեցի «Լանջեր մարջան» երգը, եւ այդ դիպվածն էլ որոշեց ամեն ինչ։ Երեւանում պետք է հիմնադրվեր ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, եւ Կարեն Դեմիրճյանը «Հայհամերգի» տնօրեն Գեորգի Ասատրյանին հանձնարարում է գտնել Իսահակյանի տարեդարձին «Լանջեր մարջան» երգած աղջկան, հրավիրել Երեւան, ապահովել բնակարանով եւ որպես մենակատար աշխատանքի նշանակել նորաբաց նվագախմբում։ Գյումրիում կազմակերպվում է ժողովրդական երգի մրցույթ։ Ես մրցույթին չէի մասնակցում, քանի որ քննաշրջան էր, եւ ավելի կարեւոր գործեր ունեի։ «Հայհամերգի» տնօրենը մեր ազգականն է մայրական կողմից, եւ ծնողներս նրան ու Էդգար Հովհաննիսյանին հրավիրեցին մեր տուն ընթրիքի։ Հյուրասիրության ժամանակ մորեղբայրս խնդրեց երգել հյուրերի համար։ Ես երգեցի «Լանջեր մարջանը»։ Երբ երգն ավարտեցի, տեսա, որ Գեորգի Ասատրյանի աչքերից արցունք է հոսում։ Նա հարցրեց՝ մասնակցե՞լ եմ, արդյոք, Իսահակյանի տարեդարձի առթիվ կազմակերպված երեկոյին, եւ դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ իրենք Գյումրի են եկել հատկապես ինձ փնտրելու համար։ Սկզբում ես դժկամությամբ ընդունեցի առաջարկը, քանի որ ցանկանում էի ուսումս շարունակել որպես դաշնակահարուհի։ Սակայն նրանք պնդեցին, որ ինձ երգարվեստի ասպարեզում մեծ ապագա է սպասվում։ Այդպես եկա Երեւան եւ ավելի քան 15 տարի աշխատեցի ժողգործիքների պետական նվագախմբում որպես մեներգչուհի։

-Հայ երգը ընկալելի՞ էր արտասահմանցի ունկնդրի համար։ Այսօր Հայաստանում Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները, ժողովրդական երգերը ներկայացնում են ռիթմիկ հնչողությամբ՝ փաստարկելով, որ նոր սերունդը չի ընկալում, չի սիրում դասական ազգային մեղեդիները։

-Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ ես, ի վերջո, համոզվեցի, որ հայ երգն իր մեղեդայնությամբ, զգացմունքային տարողունակությամբ, կառուցվածքով կարող է մրցել ամենանրբաճաշակ եւ բարձրարվեստ գործերի հետ, այդ պատճառով էլ ծափերի է արժանանում բոլոր երկրներում եւ ընդունվում է տարբեր ազգերի ունկնդիրների կողմից։ Ցանկանում եմ մի դեպք պատմել։ Գերմանիայի Համբուրգ քաղաքում պետք է ելույթ ունենայի հայ համայնքի համար։ Անսպասելի պարզվեց, որ պետք է երգեմ նաեւ երիտասարդական փառատոնում, մոտ 20 երկրից ժամանած կատարողների հետ։ Ավելի քան 10 հազար հոգանոց հանդիսասրահը լեփ-լեցուն էր, եւ դահլիճում անասելի աղմուկ կար, ժխոր, իրարանցում։ Ես սովոր չէի նման պայմաններում երգելու եւ հուզվել էի։ Կատարողները երգում-հեռանում էին, բայց դահլիճի միալար գվվոցը նույնությամբ շարունակվում էր։ Ես բեմ բարձրացա իններորդը։ Երբ դուդուկն սկսեց նվագել, մի քանի վայրկյան անց զգացի, որ ժխորը մի տեսակ նահանջում է, իսկ մեկ քառատող երգելուց հետո հանկարծ ականջներիս դիպավ դահլիճի քար լռությունը։ Ինձ հետ երբեք նման բան չէր պատահել. մարմնովս սարսուռ անցավ։ Անհաղթահարելի թվացող աղմուկը քարացել էր, դահլիճը դարձել էր մեկ շունչ, մեկ հոգի, ու լիակատար լռության մեջ թրթռում էր մեր «Դլե յամանը»։ Երբ երգն ավարտվեց, դահլիճը միանգամից պայթեց, ծափերը չէին դադարում, ինձ ստիպեցին երգել մի քանի անգամ։ Երբեք այդպիսի հպարտություն չէի ապրել։

Տիկին Մարտիրոսյան, ինչո՞ւ մեկնեցիք Ամերիկա, ինչո՞ւ հեռացաք Հայաստանից։

-Ամեն ինչ պատահաբար ստացվեց։ Քրոջս ընտանիքի հետ մեկնեցի Ամերիկա, որպեսզի այնտեղ բնակվող ընկերներիս միջոցով օգնեմ նրանց տեղավորվել եւ աշխատանք գտնել։ Երբ որոշ ժամանակ անց ցանկանում էի վերադառնալ, պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով չեմ կարող ինքնաթիռ նստել։ Ամուսինս՝ Հրահատ Գեւորգյանը, այդ ժամանակ «Լրաբերի» տնօրենն էր։ Նա մնաց Հայաստանում, ես՝ Ամերիկայում։ Ամիսներ անց ծնվեց երեխաս։ Ամուսինս նրան տեսավ, երբ արդեն ինը ամսական էր։ Հետո ծնվեց երկրորդ երեխաս։ Որոշ ժամանակ անց մենք վերադարձանք Հայաստան եւ հինգ տարի ապրեցինք հայրենիքում։

-Ճի՞շտ է, որ Դուք երաժշտական դպրոցներ եք հիմնել Ամերիկայում։

-Այո՛, Հոլիվուդում եւ Բրբան քաղաքում 2002 թվականից գործում է Կոմիտասի անվան երկու միջազգային երաժշտական դպրոց, որտեղ սովորում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի երեխաներ։ Դպրոցները կարճ ժամանակամիջոցում մեծ հեղինակություն են ձեռք բերել, մեր սաները հաջողությամբ մասնակցել են բազմաթիվ մրցույթների, փառատոների։

-Հայկական ազգային նվագարանների դասարաններ կա՞ն Ձեր հիմնած երաժշտական դպրոցներում։

-Իհարկե։ Այդ դպրոցներն առաջին հերթին հայ երեխաների համար են։ Դպրոցներում սովորում է 280 երեխա, որոնց 10 տոկոսն է միայն այլազգի։ Ես ուրախ եմ, որ Ամերիկայում ապրող հայ երեխաները հնարավորություն ունեն սովորելու իրենց ազգային նվագարանները, ստանալ երաժշտական կրթություն։

-Ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում։

-Ցանկանում եմ իրագործել վաղեմի երազանքս՝ կազմակերպել հայ երգի՝ Կոմիտասի անվան համահայկական մրցույթ-փառատոն եւ այն դարձնել ավանդական՝ ամենամյա։ Փառատոնին մասնակցում են աշխարհի 15 երկրից եկած 400 հայ երեխա։ Ես համոզված եմ, որ մենք հսկայական ներուժ ունենք, որ մեր երեխաները տաղանդավոր են եւ կարող են ոչ միայն հայրենիքում, այլ ցանկացած զարգացած եւ մշակութային ավանդույթներ ունեցող երկրում արժանանալ ծափերի։

-Հասցրե՞լ եք շփվել բանակի հետ։

-Դեռ ոչ, բայց առանց զինվորի համար երգելու Հայաստանից չեմ գնա։ Բանակը հայրենիքի սիրտն է, ժողովրդի հպարտությունը, ու ես մտադիր եմ անցնել Հայաստանի ողջ սահմանով, կանգնել սահմանապահ զինվորի կողքին, զորավիգ լինել նրան։ Ես զինվորին կնվիրեմ հոգուս երգը, նա ինձ կտա իր ուժը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ