Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ` ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել նոյեմբերի 29-30-ը «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումի մասնակիցներին: Ուղերձում գնահատական է տրված Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին: Ի մասնավորի, ասվում է.

«Տարածաշրջանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերն են չկարգավորված հակամարտությունները, որոնք պահանջում են համապարփակ լուծում: Հայաստանը համոզված է, որ առկա հակամարտությունները կարող են լուծվել բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության և սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի երաշխավորված ապահովման դեպքում: Այս առումով հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:

Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները և պետական ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզը, ինչի վերջին դրսևորումն էր քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի հերոսացումը, լրջորեն սպառնում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի բարեփոխման ու բարելավման վրա` որպես Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները զսպող և Հարավային Կովկասում կայունություն ապահովող գործոնի:

2008 թվականին Հայաստանը նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ նպատակ ունենալով հաստատել դիվանագիտական հարաբերություններ և առանց նախապայմանների բացել սահմանները: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, այսօր էլ հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման հիմքում դրված այդ սկզբունքներին»: