Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԵՐԱԿՐԵԼ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»…



Փոխգնդապետ Հրանտ Բալասանյանը ծնվել է Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1981-1983թթ. ծառայել է նախկին խորհրդային բանակում: 1984-1986թթ. սովորել և ավարտել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, մինչև 1990թվականը աշխատել է Քաջարանի լեռնամետալուրգիական կոմբինատում` որպես տեխնոլոգ:

1990 թվականին «Հատուկ գնդի» կազմում մասնակցել է ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանությանը:

Արցախյան պատերազմի տարիներին փոխգնդապետ Հրանտ Բալասանյանը մասնակցել է սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը, Լաչինի միջանցքի հայկական բնակավայրերի ազատագրական մարտերին` դրսևորելով հայրենասիրության և քաջության անձնուրաց օրինակ: 1995-ին նշանակվել է զորամասի տանկային գումարտակի շտաբի պետ, ապա գումարտակի հրամանատար:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Արիության համար», ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով:

2005 թվականից սկսած փոխգնդապետ Հրանտ Բալասանյանը ծառայում է որպես զորամիավորման պարենային ծառայության պետ:

Ամուսնացած է, ունի 4 զավակ:

-Պարոն փոխգնդապետ, արդեն 7 տարի է, ինչ զորամիավորման պարենային ծառայության պետն եք: Ինքներդ ձեզ համար ի՞նչ եզրահանգումներ եք արել… Որակյալ սնունդ-հզոր բանակ հասկացությունները որքանո՞վ են փոխկապակցված։

-Առհասարակ, բանակի բոլոր օղակները սերտորեն կապված են և փոխլրացնում են իրար: Այսպիսի նշանավոր խոսք կա` եթե դու չես կերակրում քո զինվորին, ստիպված ես կերակրել թշնամու զինվորին: Առանց չափազանցության` առողջ, որակյալ սնունդը ենթադրում է առողջ և հզոր բանակ: Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, թե բանակում ոգին, գաղափարն առաջնային չեն, ես կասեի, բոլոր խնդիրներն էլ բանակում առաջնային են, չկան երկրորդական հարցեր: Որակյալ, կալորիական սնունդ, ոգեղեն դաստիարակություն, մարտական պատրաստություն, կարգապահություն. բոլորը մի հարթության վրա են, և եթե սրանցից մեկը փոքր-ինչ կաղաց, շղթան կքանդվի: Մի խոսքով` բանակում մանրուքներ չկան՝ զինվորի կոշիկի քուղից սկսած, տաք ճաշով վերջացրած:

-Աշունը, բնականորեն, ենթադրում է զինծառայողի սննդի որոշակի տեսականու մթերում: Ինչպե՞ս են ընթանում զորամիավորումում այդ աշխատանքները:

-Մեզ մոտ սկսվել են 2012-2013 թթ մթերման աշխատանքները` հիմնականում մրցութային կարգով: Ավարտին ենք հասցրել պլանով նախատեսված սոխի մթերումը: Ընթացքի մեջ են կարտոֆիլի և մյուս բանջարեղենների մթերման աշխատանքները: Գազարը, ելնելով այս տարվա բերքի սակավությունից, փոքր-ինչ դժվարությամբ է առբերվում, բայց հուսով ենք` մինչև մթերման սեզոնի ավարտը` այս բանջարեղենից նույնպես բավարար քանակությամբ կունենանք:

Ընդհանուր առմամբ, մթերման աշխատանքները ընթանում են պլանի համաձայն:

-Ինչպե՞ս են կազմակերպվում մթերքի տեղափոխման և ընդունման, ապա և պահպանման, որակի-տեսակավորման աշխատանքները: Ո՞ր դեպքում կարող եք մթերքը չընդունել, եղե՞լ են, արդյոք, նման դեպքեր:

-Մթերքի տեղափոխումը կատարվում է մատակարարների ուժերով։ Զորամասերի հրամանատարների հրամանով կազմված հանձնաժողովները տեղերում ընդունում են բանջարեղենը, կատարվում է կշռում, մանրակրկիտ ստուգվում է մթերվող ապրանքի որակը, որն էլ պետք է համապատասխանի տվյալ մթերքի որակական բնութագրերին:

Տեսակավորումից հետո կարտոֆիլը և մյուս բանջարեղենը պահպանվում են զորամասերում` բանջարեղենի համար նախատեսված պահեստարաններում` ապահովելով համապատասխան խոնավություն և ջերմաստիճան:

Անցած տարվա համեմատ` այս տարի եղանակը բավականաչափ կայուն է, չոր, կարելի է ասել, տաք աշունը թույլ տվեց, որ մթերման աշխատանքներն ավելի սահուն, առանց խոչընդոտների ընթանան: Դա կարևոր առավելություն էր:

Մեր զորամիավորման, զորամասերի հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում մթերման աշխատանքներին, առավելապես` մթերվող բանջարեղենի որակին ու տեսակավորմանը: Կազմակերպվել է լաբորատոր փորձաքննություն, որի ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն կարտոֆիլի որակական հատկանիշները, այլև` երկարատև պահպանման պիտանելիությունը: Եթե պարզվում է, որ կարտոֆիլը երկարատև պահպանման համար պիտանի չէ, խմբաքանակը մթերման չի ընդունվում:

Այդպիսի մի դեպք վերջերս մեզ մոտ եղավ: Երկարատև պահպանման համար ոչ պիտանի կարտոֆիլի խմբաքանակը հետ ուղարկեցինք: Ընդունման ժամանակ ուշադրություն ենք դարձնում տվյալ բանջարեղենի տեխնիկական բնութագրերին:

Չենք ընդունում կարտոֆիլը, եթե մակերեսի մեկ քառորդից ավելին կանաչ է, մեխանիկական վնասվածքներով պալարների քանակությունն ընդհանուր զանգվածում ոչ ավելի, քան 5%-ը, և կամ տրորված ու ցրտահարված պալարների դեպքում տեխնիակական բնութագրերը չեն համապատասխանում: Նման դեպքերում մթերքը վերադարձվում է մատակարարին:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի անմիջական վերահսկողությամբ, ինչպես նաև` գնդապետ Դ. Ասատրյանի և պարենային ծառայության աչալուրջ մասնակցությամբ իրականացվող մթերման աշխատանքները դեռևս շարունակվում են: Դեկտեմբերին արդեն վստահաբար կարող ենք ասել, որ 2012-2013թթ սեզոնային մթերման աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով՝ պահպանելով տեխնիկական-որակական բաղկացուցիչի բոլոր պահանջները:

-Պարոն փոխգնդապետ, ըստ ձեզ, ո՞րը պետք է լինի պարենային ծառայության պետի գլխավոր սկզբունքը:

-Արդեն ասել եմ՝ կերակրել մեր զինվորին…

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ազգային բանակ


07/12/2012