Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱՔ ԲԱՐՈՎ, ՍԻՐԵԼԻ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐ



Նոյեմբերի 21-ին Ստեփանավանի տարածքային զինկոմիսարիատում մեկ անգամ ևս բժշկական զննում անցան այն զինակոչիկները, որոնք զինվորական ծառայության էին մեկնելու: Զորակոչային հանձնաժողովի բժիշկ-մասնագետները, մանրազնին հետազոտելով ամեն մի զինակոչիկի, հավաստիացրին, որ բոլոր զինակոչիկները ֆիզիկապես առողջ են և պատրաստ են մեկնելու ՀՀ զինված ուժեր` ծառայության:

Նոյեմբերի 22-ին Ստեփանավանի մշակույթի պալատից զորակոչվածների առաջին խումբը հանդիսավորապես ճանապարհվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքակայան՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու համար:

Նորակոչիկներին և նրանց ծնողներին ողջերթի խոսք ասացին Ստեփանավանի զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը, հոգևոր սպասավոր բարեշնորհ Արմեն Սարկավագ Բայադյանը, փոխգնդապետ Սարոյանը, զինակոչիկի տատիկ Ջեմա Գևորգյանը, զինակոչիկներիի հարազատներ:

Իր խոսքում զինկոմ Սպարտակ Ղուբաթյանը բոլոր ստեփանավանցիների անունից շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Միքայել Մինասի Ղարաքեշիշյանին` ցանկանալով բեղմնավոր աշխատանք և հետագա հաջողություններ, ինչպես նաեւ ցանկություն հայտնեց, որ նա իր հետագա աշխատանքի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնի բանակ մեկնողների ընտանիքներին: Այն ընտանիքների նկատմամբ, որոնց զավակները իրենց արյան գնով պաշտպանեցին Հայաստանի Հանրապետության սահմանները, մասնակցեցին Շուշիի ազատագրմանը՝ իրենց ներդրումն ունենալով բանակաշինության և անկախության հաստատման գործում: Ներկա գտնվողները միահամուռ նշում էին, որ բանակի ուժը զինվորի հոգու մեջ է, իսկ զինվորի հոգին ամրանում, հզորանում է բոլորի համատեղ ջանքերով:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նորընտիր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը զինակոչիկներին հանձնեց առաջին անհրաժեշտության պարագաներ: Փոխգնդապետ Սարոյանը զինակոչիկների և ծնողների առջև կարդաց զորացրվող այն զինծառայողների անունները, որոնք իրենց պարտքը պատվով կատարեցին հայրենիքի առջև և շուտով կմիանան իրենց ընտանիքներին:

Միջոցառման ավարտին պարային համույթի երեխաները զինակոչիկներին փոխանցեցին իրենց իսկ ձեռքով գրած նամակները՝ մաղթելով ոգու արիություն, հայրենյաց սահմանները թշնամուց խիզախորեն պաշտպանելու պատվախնդրություն: Այնուհետև Ստեփանավանի մշակույթի պալատի ժողգործիքների խմբի նվագակցությամբ զինակոչիկները պարեցին ավանդական քոչարին: «Գնաք բարով, սիրելի՛ զինակոչիկներ, թող ձեր ծառայությունը անհոգ ու խաղաղ լինի, ծառայեք այնպես, որ մենք բոլորս` հանձին ձեր ծնողների, հպարտանանք ձեզնով»,- ջերմ մաղթանքներ էին հնչում չորս կողմից:

Ստեփանավանի զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց մշակույթի պալատի տնօրեն Անուշ Մինասի Ղարաքեշիշյանին՝ ամեն զորակոչի իրենց հետ սրտառուչ համագործակցության եւ միջոցառմանը տոնական շունչ հաղորդելու համար:

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Բանակ և հասարակություն


05/12/2012