Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉԻԿԻ ՀԱՆԴԵՊ՝ ՈՒՇԱԴԻՐ ԵՎ ՀՈԳԱՏԱՐ
ԶՈՐԱԿՈՉԻԿԻ ՀԱՆԴԵՊ՝ ՈՒՇԱԴԻՐ ԵՎ ՀՈԳԱՏԱՐ

ԶՈՐԱԿՈՉԸ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր։ Առավոտյան ժամը ինն էլ չկար, բայց արդեն ներկայացել էին բոլոր զինակոչիկները։ Աշխատանքները ղեկավարում էր զորակոչային բաժանմունքի պետի պաշտոնակատար կապիտան Սերյոժա Մաթևոսյանը։ Կապիտանին օգնում էր զինկոմի նախկին տեղակալ, փոխգնդապետ Պողոս Մեղրյանը։

Ընդունման սենյակում յուրաքանչյուր զինակոչիկ ստանում էր իր անձնական գործի թղթապանակը և ներկայանում բուժհանձնաժողովի բժիշկ-մասնագետներին։ Վերջում նրանց ընդունում էր կապիտան Ս. Մաթևոսյանը և բուժհանձնաժողովի եզրակացությանը ծանոթանալուց հետո ամեն մեկի հետ զրուցում էր առանձին, ճշտում՝ տվյալ անձը պատրա՞ստ է այդ օրը մեկնելու ծառայության, թե ոչ, և կայացնում էր վերջնական որոշում։ Օրինակ՝ զինակոչիկներից մեկին, որն աշխատանքի մեջ ոտքը ոլորել էր, պատվիրեց ներկայանալ մեկ շաբաթ անց։ Գևորգ Ծառուկյանը՝ Գեղաշեն գյուղից, ոչ մի խնդիր չուներ, ու նրան մաղթեց բարի ծառայություն։ Մինչ գործընթացը շարունակվում էր, զրուցեցինք զինակոչիկներից մի քանիսի հետ։

-Ես Զառից եմ,- ասաց Ալբերտ Հովհաննիսյանը,- առողջական խնդիր չունեմ, պատրաստ եմ մեկնելու ծառայության։

-Պապիկյան Մխիթար, Գառնիից եմ, եղբայրս՝ Մերուժան Պապիկյանը, սահմանամերձ զորամասում է ծառայում, ուզում եմ, որ ինձ էլ այդ զորամաս ուղարկեն։

-Պետրոս Հայրապետյան, Մայակովսկի գյուղից, պատրաստ եմ զորակոչվելու։

♦♦♦

Զրույցը շարունակեցինք զինակոչիկների հարազատների հետ։

-Որդուս՝ Զորի Պետրոսյանին եմ ճանապարհում,- ասաց Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ գառնեցի Վարդան Պետրոսյանը և շարունակեց։ -Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի իր հայրենիքին, մե՛ր հայրենիքին, և այս տեսակետից իմ տղան չպետք է բացառություն լինի։ Եվ ես հույս ունեմ, որ նա արժանապատվորեն կկատարի իր զինվորական պարտքը։ Ես առողջություն, հաջողություն, խաղաղ ու անամպ երկինք եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին, զինակոչիկներին, թող նրանք լավ սովորեն զինվորական գործը, որպեսզի ամբողջ կյանքում պատրաստ լինեն պաշտպանելու մեր հայրենիքը։

♦♦♦

Բյուրեղավանցի Հարությունյանները ճանապարհում էին Արմենին։ Նրանց հետ էր նաև զինակոչիկի պապը՝ 83-ամյա Նովիկը։

-Տղա է, տղեն որ զինվոր չեղավ, տղամարդ էլ չի լինի, թող ծառայի ու գա, էն ժամանակ մի լավ քեֆ կանեմ,- ասաց նա։

♦♦♦

Մեկնումից առաջ զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեց փոխգնդապետ Պողոս Մեղրյանը.

-Սիրելի՛ զինակոչիկներ, դուք չափահաս մարդիկ եք, և համոզված եմ, որ գիտակցում եք, թե ուր եք գնում և ինչի համար։ Գնում եք համալրելու մեր հզոր բանակի շարքերը, գնում եք բանակ, որպեսզի կոփեք ձեր մարմինն ու ոգին, սովորեք զինվորականի մասնագիտությունը և պաշտպանեք մեր երկիրը, մեր ժողովրդին, ձեր հայրենի օջախները, մեր ու ձեր մայրերին, քույրերին… Հայոց բանակի զինվորը պետք է լինի անվախ, հպարտ, որովհետև հայոց բանակը հաղթանակած բանակ է, հայ զինվորը՝ արդարության պահապան ու խաղաղության պաշտպան… Որպես ավագ ընկեր, որպես ծնող խորհուրդ եմ տալիս՝ միմյանց նկատմամբ լինեք ազնիվ, հոգատար, լինեք ուշադիր ու ճշտորեն կատարեք հրամանատարների հրամանները։ Ձեզ մաղթում եմ բարի ծառայություն։

Զինակոչիկների մեկնումից հետո զրուցեցինք զորակոչային բաժանմունքի պետի պաշտոնակատար կապիտան Սերյոժա Մաթևոսյանի և բուժհանձնաժողովի ավագ բժիշկ Լուսինե Մարտիրոսյանի հետ։

-Կոտայքի տարածքային զինկոմիսարիատը տարիներ շարունակ հաջողությամբ է կատարում բոլոր պլանային առաջադրանքները։ Մեր տարածքից շատերն են ժամանակին մեկնել արտագնա աշխատանքի՝ իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ զորակոչային տարիքի տղաները գան և իրենց պարտքը կատարեն։ Վերադարձողները քիչ չեն, շատերն էլ գալիս են առանց որևէ միջամտության։ Մեր ժողովուրդը շատ լավ է տրամադրված ազգային բանակի նկատմամբ, առաջին իսկ ծանուցմամբ բոլորն էլ ներկայանում են զինկոմիսարիատ։ Ասեմ նաև, որ աշխատանքներին անհրաժեշտության դեպքում միջամտում և օգնում են մարզային հանձնաժողովի անդամները, զորակոչի հետ առնչվող մյուս կազմակերպությունները։ Գործընթացը լավ ենք սկսել, և վստահ եմ՝ կավարտենք հաջողությամբ։

♦♦♦

-Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հավաքակայանում բուժհանձնաժողով չի գործում, ինչը նշանակում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է զինկոմիսարիատի բուժհանձնաժողովի վրա,- ասաց ավագ բժիշկ Լուսինե Մարտիրոսյանը։ -Բարեբախտաբար, մեր հանձնաժողովը, որն ամբողջությամբ համալրված է, բավական փորձառու է։ Բոլոր բժիշկներն էլ աշխատում են Աբովյանի բժշկական կենտրոնում և ինչպես մասնագիտական աշխատանքի, այնպես էլ զորակոչային հանձնաժողովում աշխատելու զգալի փորձ ունեն։ Այս պահին կա զինակոչիկների մի խումբ, որոնց զորակոչի հարցը պետք է որոշի հանրապետական բժշկական հանձնաժողովը։ Աշխատանքներից գոհ եմ, ամբուլատոր քարտերը լրացվում են ամբողջությամբ, ինչը զորամասերի բժիշկներին կօգնի նորակոչիկների առողջության մասին ամբողջական պատկերացում կազմել։ Ցավոք, դեռևս ցածր է սեփական առողջությանը հետևելու մեր ժողովրդի կուլտուրան, և շատ դեպքերում հենց այստեղ են հայտնաբերվում հիվանդությունները։ Ճիշտ է՝ աշխատանքը բարդ է և շատ պատասխանատու, բայց վստահ եմ՝ զորակոչիկի հանդեպ կլինենք ուշադիր և հոգատար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ