Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ ԱՊՇԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ



Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հետ: Հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես` «Ռոսբալտ» գործակալությունը, հաղորդեցին, որ Չեչնիայի հանրապետության նախագահի` Բաքու կատարած այցի հիմնական նպատակը Աբխազիայի երկաթգծի վերագործարկման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանին ներկայացնելն էր: Տեղեկության աղբյուրը քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն է: Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, Կադիրովը Կրեմլից «մեսիջներ» է տարել, որոնք վերաբերում են վրաց-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած որոշ տեղաշարժերի:

«Տեղեկություններ են հայտնվել, որ Իվանիշվիլիի կառավարությունը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը` Աբխազիայի միջոցով: Վրացական քաղաքականության մեջ նման բեկումը չի կարող չապշեցնել պաշտոնական Բաքվին»,- ասել է քաղաքագետը: Նա մտահոգություն է հայտնել, որ երկաթգծի վերականգնումը Հայաստանի համար լավ հնարավորություն կլինի` տնտեսական շրջափակումից դուրս գալու և Ռուսաստանից հավելյալ սպառազինություն ստանալու համար:

Բեռլինցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, Աբխազիայով անցնող երկաթուղու բացման մասին խոսակցությունները Հայաստանի համար լավ նշան են, քանի որ վերջինիս համար շատ կարեւոր է, որ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ վերականգնվի: «Եթե Աբխազիայի անկախության հարցը չլիներ, ապա իշխանությունները կարող էին համաձայնության գալ, քանի որ դա հրաշալի քայլ է` լիցքաթափելու շիկացած մթնոլորտը հինգ տարի առաջ տեղի ունեցած կայծակնային, ավերիչ պատերազմից հետո: Սա Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ձեռնարկած իմաստուն քայլն է: Եվ առաջարկ` Ռուսաատանի հետ գոնե տնտեսական ոլորտում աշխատելու, և լավ հնարավորություն` Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու»,-ասել է փորձագետը:

Հարցին՝ եթե Ռուսաստանն ու Վրաստանը երկաթուղու գործարկման շուրջ համաձայնություն ձեռք բերեն, կնշանակի՞, որ ԱՄՆ դիրքերը տարածաշրջանում թուլանում են, Ռարը պատասխանել է. «Կարծում եմ, ԱՄՆ-ն երբեք այս տարածաշրջանից չի հեռանա եւ կլինի խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման ազդեցիկ գործոն: Նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության համար ցանկալի չեն ներքաղաքական հակամարտությունները հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում, ինչպես եւ Բուշի վարչակազմի օրոք էր: ԱՄՆ-ը չի խանգարի Ռուսաստանի եւ Վրաստանի տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: Ամերիկացիներն իրենք էլ են հասկանում, որ չեն կարող երկար ժամանակ կերակրել Վրաստանին»:

Այս հարցում ավելի հոռետես է Ռուսաստանի Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը: Նրա կարծիքով, Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան աբխազական երկաթուղով հայկական բեռների հնարավոր տեղափոխումը: «Թեև Հայաստանը հնարավորություն ունի այս խնդրի լուծման նպատակով գործարկել հայկական սփյուռքի ներուժը, սակայն նրա կշիռն այդքան էլ զորեղ չէ, որպեսզի ԱՄՆ-ը և Եվրամիությունը աջակցեն երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը: Ստեղծված իրավիճակում հազիվ թե կարելի է հուսալ, որ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին շուտով կվերագործարկվի»,- ասել է փորձագետը:

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Տարածաշրջան


05/12/2012