Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃՇՄԱՐԻՏ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ՃՇՄԱՐԻՏ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Լեոնիդ Ազգալդյան հայորդին հայության կյանքում լուսատու աստղի դեր է կատարել ու այսօր էլ արժանապատիվ ապրելու վառ օրինակ է: Նրա մասին խոսելիս ակամայից հիշում ես Մեծն Նժդեհի իմաստուն խոսքերը. «Ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել ա՛յն բանի համար, որի համար արժեր ապրել»:

Հիրավի, նա պատահական երևույթ չէր մեր կյանքում: Ազգալդյան մեծությունը ապրել ու գործել է ցեղասպանություն վերապրած ժողովրդի` 20-րդ դարի վերջին իր բնօրրանում մղած ազատամարտի պահանջով, հայության ապրելու իրավունքի անձնուրաց պահապանն ու առաջնորդը լինելու անխուսափելի պահանջով:

Լեոնիդ Ազգալդյանին ճանաչողները որոշակի օրինաչափություն են տեսնում նույնիսկ նրա անվան ու ազգանվան բովանդակության մեջ, և, կարծում եմ, չեն սխալվում, քանզի «Լեոնիդ» հունարենում առյուծ է նշանակում, իսկ Ազգալդյանը բնականից օժտված էր այդ կենդանու արքայական վեհ տեսքով, ուժով ու արիությամբ: Առյուծը նաև իր մերձավորների համար պատասխանատվության ու անձնուրացության խորհրդանիշ է: Նրա զբաղեցրած տարածքը մարդու պարագայում հայրենիքն է, պետությունը, որտեղ նա պետք է արժանապատիվ ապրի և նույն արժանապատվությամբ ու պատվախնդրությամբ էլ ծառայի իր ընտանիքին, հայրենիքին ու ժողովրդին:

Հենց այդպիսին էր Լեոնիդ Ազգալդյան ՀԱՅ-ը: Ինքն առյուծ էր ու տիրապետում էր նաև զորքին առյուծացնելու արվեստին, օժտված էր մարդկանց միավորելու, համախմբելու, նրանց առաջնորդելու շնորհով:

Նրա կենսաէներգետիկան ուղղակի զարմանք էր հարուցում, խոսքը շիտակ էր ու պարզ` լիցքավորված համոզելու մոգական ուժով: Ենթակաների հանդեպ նա սարսափելի խստապահանջ էր, բայց և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ անսահման սիրով էր լցված: Զինվորների համար և՛ հրամանատար էր, և՛ ավագ ընկեր, և՛ ուսուցիչ, և՛ ծնող: Զինվորամոլություն (սոլդաֆոնիզմ) ասվածը ոչ մի կերպ չէր տեղավորվում նրա արժեհամակարգում: Ենթակաների հետ փոխհարաբերություններում նրա համար առաջնայինը ընկերականությունն էր, պարզ, մարդկային կապը: Ցուցում և հրաման նա տալիս էր միայն բարեկամական խորհրդի ձևով` բոլոր զինվորներին դիմելով «դուք»-ով: Նրանք էլ Ազգալդյանին դիմում էին «պարոն Լեոնիդ» բառերով, որոնց մեջ արտացոլվում էր իրենց հրամանատարի նկատմամբ ունեցած անսահման սերն ու հարգանքը, նրա հրամանով ամեն զոհողության գնալու պատրաստակամությունը, քանզի տեսնում էին, որ հրաժարվելով հարմարավետ պայմաններից, Ազգալդյանը բոլորի հետ հավասար կրում է զինվորական կյանքի դժվարությունները: Լեոնիդն իրավամբ Գ.Նժդեհի բնութագրած «ուժեղ իմացականություն, մեծ սիրտ» ունեցող «կատարյալ» առաջնորդներից էր, և նրա ներկայությունն, իրոք «ազնվացնում է հոգիները, թևավորում, գոտեպնդում…Նրա շնորհիվ անկարելի համարվածը դառնում է դժվարին, դժվարինը կարելի»:

Նա իր «Ազատագրական բանակը» մարտի էր տանում հույն քաջ առաջնորդ Լեոնիդասի պես, ով 2500 տարի առաջ իր 300 սպարտացիներով պատնեշեց Թերմոպիլեսի կիրճն ու կանգնեցրեց պարսկական բազմահազարանոց բանակի առաջխաղացումը դեպի Հունաստանի խորքը: Սպարտացու ոգով դաստիարակված հայ առաջնորդ Լեոնիդը իր քաջորդիներով նույնը կատարեց հայոց Թերմոպիլեսում` Արցախում, կանգնեցնելով «ադրբեջանցի» հորջորջված թուրք խուժանի առաջխաղացումը դեպի իր հայրենիքի սիրտը…

Լեոնիդ Ազգալդյանի համար համազգային գործից առավել ոչ մի բան գոյություն չուներ: Ազգային շահի գիտակցումը խոր նստվածք էր տվել նրա բոլոր բջիջներում: Լեոնիդի համար ամենասուրբ «Ազգ» բառն իր մշտական տեղն է գտել նրա ազգանվան արմատում (կարծում ենք՝ սա ևս պատահականություն չէ): Ազգալդյանի համար ամենաթանկն իր հայրենիքն է, նրա կորսված բնատարածքը, հարազատ հողը: Ու բնական է, որ արտասահմանցի լրագրողներից մեկի «Ի՞նչ գույնի եք դուք» հարցին նա ծնկի է եկել, մի բուռ հող վերցրել ու ասել. «Սա է իմ գույնը»:

Նա, իրոք, հայրենի հողի ազատագրման գաղափարակիրն էր, ազգային գաղափարի զինվորն ու գաղափարախոսը: Հայրենիքը նրա համար չէր սահմանափակվում ներկա Հայաստանով: Ազգալդյանը Հայկական բարձրավանդակի ազատագրման ջատագովն էր, բոլոր այն հողերի, որոնք վաղնջական ժամանակներից ջերմացել էին հայի շնչով, և որոնցում անջնջելի կնիք են թողել հայ մարդու ստեղծարար միտքն ու ձեռքը: «Ոչ մի կտոր հող չպետք է կորչի, սա Հայաստանն է, և վերջ»` ահա նրա դավանանքը, նրա կյանքի փիլիսոփայության իմաստը:

Իր բարձր մտավոր կարողություններով Լեոնիդը շրջապատի զարմանքն ու պատկառանքն էր հարուցում: Քաջատեղյակ էր Հայոց պատմությանը, Հայկական հարցին ու Հայ Դատին, խորությամբ ուսումնասիրել էր զինվորական արվեստը, ինչը հնարավորություն էր ընձեռում հմտորեն կազմակերպելու բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածությունը, մշակելու Արցախյան պատերազմի ռազմավարությունը: Այս ամենը և մինչև ուղնուծուծը հայրենիքին նվիրվածությունը բերեցին նրան ազգային կանոնավոր բանակի ստեղծման գաղափարին, որի իրականացմանը ձեռնամուխ լինելով նա հիմնեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը` որոշ ժամանակ անց այն վերածելով «Ազատագրական բանակ» մարտական ջոկատի:

Ազգալդյանը հրաշալի գիտակցում էր, որ անջատ-անջատ խմբերով ու ջոկատներով հաջողության հասնելն անհնարին է, որ ռազմական իրադարձությունների կիզակետում գտնվելու հանգամանքը հայությունից պահանջում է ունենալ լավ վարժեցված զինվորական կառույց: 1990թ. ստեղծված «Անկախության բանակը» հենց այդպիսի կառույց էր, և, ըստ էության, հենց դրանով դրվեցին հայկական պրոֆեսիոնալ բանակի հիմքերը:

Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Անկախության բանակին» փոխարինելու եկած «Ազատագրական բանակը» հիրավի եզակի երևույթ էր: Ցանկացած բանակ կերազեր ունենալ Լեոնիդի նման հանճարեղ հրամանատարի զորքի երկաթե կարգապահությունը, նրա բանակին զինվորագրված հայորդիների բարոյական կեցվածքը, անկոտրում ոգին, անսահման նվիրումն ու աննախադեպ արիությունը: «Ազատագրական բանակի» շուրջ առասպելներ էին տարածվում, ու նա մագնիսի պես դեպի իրեն էր ձգում մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր և առաքինությամբ փայլող հայ երիտասարդներին:

Վարդենիսի սահմանամերձ գյուղերից մինչև Նոյեմբերյան, Կոռնիձորից Շահումյան և Մարտակերտ. այս ուղղություններում մղված մեծ ու փոքր թվով 27 մարտեր, և բոլորն էլ` հաղթական ավարտով: Հայկական կամավորական ջոկատները ղեկավարող դաշտային հրամանատարներից և ոչ մեկը թերևս չէր կարող պարծենալ նման ցուցանիշով: Հանճարեղ պետք է լինել` առանց ռազմական կրթության ու փորձի այս ամենը կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու համար:

Լեոնիդ Ազգալդյանի թողած ժառանգության ուսումնասիրումն ու հետևողական կիրառումը կարևոր նպաստ կարող է բերել հավատավոր, ազգային գաղափարականությամբ տոգորված ու համամարդկային արժեքներ կրող հայ զինվորի ձևավորման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերջերս առաջադրված խնդրի լուծմանը:

Ազգալդյանը հայ սերունդների համար միշտ կմնա որպես օրինակ և ուղենիշ, իսկ նրա անունը կզարդարի Արցախյան գոյամարտի պատմությունը, քանզի նրա երկրային կյանքն անցել է իսկական ՀԱՅԻՆ վայել կերպով: Նման մեծ ասպետներին է վերաբերում հանճարեղ Գ.Նժդեհի այս խոսքը. «Ճշմարիտ առաջնորդ կարող է լինել միայն հերոսը: Իսկ հերոս լինել, ասել է` հավիտենարժեք բաների առջև ոչինչ համարել իր կյանքը»:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
գնդապետ