Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԽՐԱՆՔ
ՍԽՐԱՆՔ

ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում է ապրում Արցախյան պատերազմի վետերան Հենրիկ Համզոյանը։ Տարիներն արդեն ձյուն են դրել նախկին ճակատայինի մազերին։ 58 տարեկան է Հենրիկը։ Դանդաղ է շարժվում. հին վերքերը զգացնել են տալիս։ Բայց նա չի գանգատվում։ Նա գիտե, որ պատերազմը անողոք է բոլորի հանդեպ, որ մարդկանց կյանքը պատերազմում ճակատագիրն է տնօրինում։ Ինքը գոհ է ճակատագրից, քանզի հայրենի եզերքի ազատության համար է կռվել, որտեղ իր սրբություններն են, իր նախնիների շիրիմները։ Կռվել է իր հարազատ ավանի համար, ուր 23 տարի առաջ տագնապով էին բացվում առավոտները։

Վարդանա գետի ափին ծվարած Կարմիր Շուկան շրջանի տնտեսապես զարգացած ու խոշոր բնակավայրերից է՝ կանաչ այգիների մեջ սուզված։ Ստեփանակերտը Մարտունու ու Հադրութի հետ կապող ճանապարհը ավանի միջով է անցնում։ Ազատամարտի տարիներին այդ ճանապարհով էր տեղ հասցվում Ստեփանակերտից ուղարկվող օգնությունը։ Դա կյանքի ճանապարհ էր, որն այդ օրերին անընդհատ գնդակոծության տակ էին պահում ադրբեջանցիները։ Ամեն գնով գրավել Կարմիր Շուկան, կտրել Մարտունին և Հադրութը Ստեփանակերտի հետ կապող միակ ճանապարհը` ահա թե ինչի էր ձգտում հակառակորդը։ Ադրբեջանցի հրոսակախմբերը մի քանի անգամ փորձել են գրոհով վերցնել ավանը, սակայն՝ ջախջախվել ու հետ են շպրտվել։ Պարտություն կրելուց հետո ադրբեջանցիները խոշոր ուժեր են նետում Կարմիր Շուկայի ուղղությամբ, այդ թվում և զրահատեխնիկա։ Լավ զինված հակառակորդին հաջողվում է ճեղքել մեր պաշտպանությունը։ Մարտերն արդեն ընթանում էին ավանի մատույցներում։ Սակայն նրա պաշտպանները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս՝ գործելով աներևակայելի սխրանքներ։

-Մարտը փոքր-ինչ հանդարտվեց։ Հանկարծ շարժիչների ձայն լսվեց։ Ձայնը հետզհետե սաստկացավ, վերածվեց ծանր հռնդոցի,- վերհիշում է Հենրիկը։ -Այդ պահին թթենու այգիների խորքից դուրս սողացին թշնամու տանկերը և սկսեցին առաջ շարժվել՝ հրափողերն ուղղած դեպի ավանի շենքերը, որոնց նկուղներում երեխաներն էին պատսպարված։ Բայց մեր տղաները պատրաստ էին կռվելու նաև տանկերի դեմ։

Վերջին պահին ավանի պաշտպաններին հաջողվում է թևերից շրջանցել հակառակորդին և փակել տանկերի հետևից առաջ սողացող հետևակի ճանապարհը։ Գրոհը հուժկու էր, հանկարծակի։ Տանկերը մնալով առանց հետևակի, թողնում ու նահանջում են։

Պատերազմական օրերի մասին Հենրիկի պատմածները առանց հուզմունքի հնարավոր չէ լսել… Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղն է նրա ծննդավայրը։ Բազմազավակ ընտանիքում է ծնվել։ Երբ Հենրիկն իր հայրենի գյուղի մասին էր պատմում, հիշեց կորցրած ծնողներին ու տխրեց։ Առաքինի մարդ էր հայրը՝ Հայրենական պատերազմի վետերան Վահան Համզոյանը, ուժեղ բնավորության տեր։ 40 տարի գյուղսովետի նախագահ է եղել։ Նա մեծ դեր է խաղացել երեխաների դաստիարակության գործում։ Նրանց պատմել է, որ ուր էլ լինեն, չկտրվեն արմատներից, չմոռանան հայրենի հողը, քաջերի ու խիզախների հողը՝ Արցախը, որտեղ իրենց պապերի շիրիմներն են։ Հենրիկը հավատարիմ մնաց հոր պատգամներին։ Ավարտեց միջնակարգը, այնուհետև Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը։ Որից հետո՝ ծառայությունը խորհրդային բանակում։ Ինժեներական զորքերում է ծառայել։ Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ։ Աշխատանքի անցավ ԼՂԻՄ-ի ներքին գործերի վարչությունում։ Երկար տարիներ եղել է Կարմիր Շուկայի ենթաշրջանի ավագ թաղային տեսուչը։

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Հենրիկն արդեն Կարմիր Շուկայում էր ապրում ընտանիքով։ Առանց վարանելու ընդգրկվեց Մարտունիում դեռևս նոր կազմավորված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շարքերը, որի հրամանատարն էր Մխիթար Գրիգորյանը։ Հենրիկը հասկանում էր, որ իրեն սպասվում էր պատերազմի կրակներում դիմանալու ծանր փորձությունը։ Ինքը մեկ անգամ արդեն անցել էր այդ փորձության միջով, զգացել պայթած արկի ծխի դառնությունը։

Կուրոպատկինո գյուղի մոտ էր։ Դիրքերում 10 հոգով մարտական հերթապահություն էին կատարում։ Լուսադեմին կրակոցներ լսվեցին։ Արագ դիրքավորվեցին։ Կրակն ուժգնացավ, սակայն տղաները հանկարծակիի չեկան։ Լույսն արդեն բացվում էր։ Աղջամուղջի միջից Հենրիկը տեսավ, որ դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների ավտոմատավորների մի մեծաթիվ ջոկատ է շարժվում։ Կողքին Նորիկն էր դիրքավորված, քիչ այն կողմ՝ Ստեփանն ու Արսենը։ Սպասում էին՝ մոտենան։ Ու հանկարծ ճարճատեցին ավտոմատային կրակահերթերը։ Փոթորկալի կրակից ադրբեջանցիների մոտեցող շղթան երերաց, ապա՝ ետ-ետ գնաց։ Հակառակորդը դիմեց փախուստի։ Տղաները ոգևորված հակագրոհի անցան։

Վահանը, Անդրանիկը, Վարդանը, Ռազմիկը… Նրանց բոլորին էլ մարտական ճակատագիրն է միացրել այդ ծանր օրերին, հայրենի եզերքի նկատմամբ նվիրական սերը։

Մարտական առաջադրանքը կատարելիս եղել են պահեր, երբ թվացել է, թե կյանքիդ վերջին ակնթարթներն ես ապրում, թե սա անխուսափելի վախճանն է, բայց ամեն անգամ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գտել են ելքը՝ ցուցաբերելով խիզախություն ու տոկունություն։ Սակայն այն, ինչ կատարվեց միլիցիայի ավագ լեյտենանտ Հենրիկ Համզոյանի հետ, վեր է մարդկային երևակայությունից։

Մարտունու ներքին գործերի բաժնից Հենրիկին հանձնարարել էին Ռուսաստանի ներքին զորքերի երկու բարձրաստիճան սպաների ուղեկցել Ստեփանակերտ։ Ճանապարհին սպաները պահանջել են մեքենան քշել Աղդամ։ Հենրիկը համառել է։ Ատրճանակներով զինված ծախու օմօնականները սկսել են նրան սպառնալ։ Նրանցից մեկը՝ փոխգնդապետի ուսադիրներով, ուղղակի ասել է. «Սա հրաման է, չկատարելու դեպքում»… Հենրիկը հասկացել է ամեն ինչ… Երբ մտել են Աղդամ, նրանք ստիպել են մեքենան կանգնեցնել ներքին գործերի վարչության շենքի մոտ։ Հետո թողել, հեռացել են, իսկ Հենրիկին անմիջապես ձերբակալել են ու տարել հերթապահ մաս, դաժանորեն ծեծել, խոշտանգել… Ծառայակից ընկերներից մեկն է փրկել նրա կյանքը։ Դժոխքից հրաշքով դուրս պրծած Հենրիկին ուշակորույս տեղափոխել են Երևան։

Գանգուղեղի ծանր վիրահատություն է տարել այդ աննկուն ոգու տեր մարտիկը, ապաքինվել, շարք վերադարձել ու շարունակել պայքարը զավթիչների դեմ։

Հենրիկ Համզոյանի մարտական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում խոշոր ռազմական հենակետի վերածված ադրբեջանաբնակ Խոջավենդ գյուղի համար մղված մարտերը, որոնց մասնակցել է նաև միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը։ Ջոկատի մարտիկների համար զենքն ու ռազմամթերքը Հենրիկն է հասցրել, գիշերը, մեն-մենակ, դժվարանցանելի ճանապարհներով… Վերջին կիլոմետրերն էին։ Հրետակոծությունն սկսվեց։ Արկերն արդեն պայթում էին շատ մոտիկ։ Պայթյունի ալիքից ցնցվեց «Ուազը»։ Հենրիկն ավելացրեց մեքենայի արագությունը։ Քշում էր ամբողջ թափով։ Ինչ էլ լինի, բեռը պիտի տեղ հասցնել։ «Կուրոպատկինո» տեղամասում տղաները իրեն էին սպասում… Բեռը տեղ հասավ։ Իսկական սխրանք էր դա։ Հաջորդ օրը ազատագրվեց Խոջավենդը։

… Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում էին ապրում Լեոնարդ Պետրոսյանի բարեկամները։ Հայերի դեմ կազմակերպած ջարդերից հետո՝ ոչ մի լուր նրանցից։ Լեոնարդ Պետրոսյանին շատ էր մտահոգում բարեկամների ճակատագիրը։ Խնդրանքով դիմել է Հենրիկին՝ օգնելու դուրս բերել նրանց։ 1989-ին էր։ Եվ Հենրիկը մեկնել է Մինգեչաուր։ Քաղաքի փողոցներում ամեն քայլափոխի վտանգ էր սպասվում։ Խուժանը բարեբախտաբար իրեն չի նկատել։ Ոտքով շրջել, գտել է տունը, ուր Լեոնարդ Պետրոսյանի բարեկամներն էին ապրում։ Ու տեսել է տունը տակնուվրա արած, իսկ տանը ոչ ոք չկար։ Նրանց պատահաբար ճանապարհին է հանդիպել՝ ծեծված, խոշտանգված, ու բերել հասցրել է Մարտունի։

Հենրիկը կուսակցության Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար Գրիշա Բաղդասարյանի կյանքն է փրկել նաև։ Սաֆոնովյան ռեժիմի օրերն էին։ Շրջաններում հաճախ էին կազմակերպում շուրջկալներ, կատարվում խուզարկություններ՝ հայ «ծայրահեղականներին» հայտնաբերելու ու ձերբակալելու նպատակով։ Սաֆոնովյան հանձնակատարները եկան նաև Հադրութ՝ Գրիշա Բաղյանին ձերբակալելու։ Բարեբախտաբար, նա այնտեղ չէր։ Հենրիկը նրան գիշերը վտանգներով լի անտառներով բերել հասցրել է Շոշ գյուղը, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։

Երեք երեխայի հայր է Հենրիկը, հինգ թոռան պապ. շուտով կծնվի վեցերորդը, և տոն կլինի նրանց հարկի տակ։ Հենրիկը անհամբեր սպասում է այդ երջանիկ օրվան։

Կարմիր Շուկայում երկհարկանի տուն ունեն, ինքն է կառուցել՝ մինչև պատերազմը։ Տնամերձ այգին իր իսկ ձեռքով է տնկել։ Աշնանային հովերից մեղմ խշշում է այգին, և կյանքի սիրով ու ջերմությամբ է լցվում հին զինվորի սիրտը։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ